Բաժիններ՝

Սինձո Աբեն Իրան այցի ընթացքում բանակցություններ կվարի Խամենեիի և Ռոուհանիի հետ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսի 12-ից մինչեւ 14-ն այցով կգտնվի Իրանում եւ առանձին հանդիպումներ կունենա նախագահ Հասան Ռոուհանիի ու Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Վարչապետ Աբեի այցը տեղի կունենա հունիսի 12-ից մինչեւ 14-ը. հունիսի 14-ին նա կվերադառնա Տոկիո: Ուղեւորության ընթացքում հանդիպումներ են պլանավորված նախագահ Ռոուհանիի եւ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ: Սա ավելի քան 40 տարվա ընթացքում Ճապոնիայի վարչապետի առաջին այցն է Իրան: Նաեւ հարկ է նշել, որ այս տարի լրանում է 90 տարին այն պահից, երբ Ճապոնիայի եւ Իրանի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ»,-ասել է նա:

Սուգայի խոսքով՝ իր այցի նախաշեմին Աբեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկել է Իրանի իրադրությունը:
Անցած ամսին Ճապոնիա կատարած այցի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ հետաքրքրությամբ է վերաբերվում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ միջնորդի դեր խաղալու վարչապետ Աբեի մտադրությանը: Միացյալ Նահանգների նախագահը դրա հետ մեկտեղ հիշեցրել է, որ Ճապոնիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարները լավ հարաբերություններ ունեն:

Kyodo լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն, Իրան Աբեի ուղեւորության հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ մայիսի 24-ին Տոկիոյում կայացած նրա զրույցի ընթացքում:

Դրանից առաջ մայիսի 16-ին Աբեն Տոկիոյում հանդիպում էր ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Ճապոնիայի վարչապետը նաեւ հեռախոսային կոնսուլտացիաներ է անցկացրել Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Նախորդ անգամ Ճապոնիայի կառավարության ղեկավարն Իրան է այցելել 1978 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս