Ռուբեն Հակոբյանի բաց նամակը՝ Արարատ Միրզոյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Հարգելի պարոն Միրզոյան

ՀՀ Ազգային Ժողովը ձևավորել է ժամանակավոր հանձնաժողով՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին վերեբերող հարցերն ուսումնասիրելու օրակարգով: Ճիշտ էր նման հանձնաժողովի ստեղծումը, թե ոչ՝ չեմ ուզում հարցին անդրադառնալ. հանձնաժողովի ձևավորվորումը փաստ է և, կարծում եմ, պետք է նպաստել, որպեսզի այն անկաշկանդ, անկողնմակալ և լիարժեք կարողանա պատասխանել հասարակությանը հուզող այն բոլոր հարցերին, որոնք այս պահին շրջանառվում են:

Իմ խորին համոզմամբ, հանձնաժողովը նախ պետք է հստակ պատասխան տա ուսումնասիրվող թեմային առնչվող կարևորոգույն հետևյալ հարցին ՝ բացի պատերազմող տեսանելի երկու կողմերից, որևէ երրորդ կողմ ներգրավված եղել կամ ուղորդել է պատերազմը, թե՝ ոչ: Վերջին երեք տարիների ընթացքում այս հարցը միշտ թափառել է մեր քաղաքական օրակարգում: Ոմանք ամենատարբեր ամբիոններից բազմիցս անդրադարձել են հարցին, այդ թվում նաև այդ օրերին դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, բացահայտ հայտարարելով, որ քառօրյա պատերազմում կա նաև երրորդ կողմ ՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը: Կարծում եմ, որ հանձնաժողովը պետք է լրջորեն ուսումնասիրի այժմ վարչապետ Ն.Փաշինյան այդ օրերին՝ ինչպես ԱԺ ամբիոնից, այնպես էլ տարբեր ձևաչափերով արված բացառիկ կարևորության հայտարարությունը, որն է՝ Ադրբեջանը Արցախի վրա հարձակումը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ:

Եթե, իսկապես, Ն. Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, համաձայնեք, որ քառօրյա պատերազմը ամբողջությամբ փոխում է իր բնույթը, բովանդակությունն ու ձևաչափը: Այդ դեպքում Ազգային Ժողովը պարտավոր է առնվազն քաղաքական գնահատական տալ մեր ռազմավարական դաշնակցի՝ չափազանց վտանգավոր և դավադիր գործունեությանը:

Միաժամանակ, կարծում եմ, եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ Ն. Փաշինյանը միտումնավոր կեղծ և վտանգավոր բովանդակությամբ հայտարարություններ է տարածել՝ ինչ-ինչ քաղաքական նպատակներից ելնելով, ապա Ազգային Ժողովը, պարտավոր է նույքան սկզբունքային գնահատական տալ վարչապետ Ն. Փաշինյանի՝ պետության անվտանգությանը սպառնացող քաղաքական վարքագծին:

Հավատացեք, պարոն Միրզոյան, եթե հանձնաժողովն այս կարևորագույն հարցին նախապես չտվեց առարկայական և համոզիչ պատասխան, ինչպես ես, այնպես էլ կարծում եմ նաև շատերը կմնան այն համոզմունքին, որ հանձնաժողովը ստեղծվել է բացառապես ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակներով, ինչն ավելի կանջրպետի առանց այն էլ ,,սիրով և համերաշխությամբ,, պրկված հասարակությանը:

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԳԽ, ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր Քաղաքական վերլուծությունների ,,Ակունք,, կենտրոն տնօրեն

Տեսանյութեր

Լրահոս