Առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսն անձնակազմին արգելել են շփումները Huawei-ի հետ. Reuters
ԱՄՆ-ի եւ այլ երկրների մի քանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններ իրենց աշխատակիցներին արգելել են չինական Huawei-ի հետ շփումներ ունենալ ամերիկյան իշխանությունների կողմից նրան սեւ ցուցակի մեջ մտցնելու ֆոնին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նրա աղբյուրների տվյալներով՝ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Intel-ը եւ Qualcomm-ը, ինչպես նաեւ հարավկորեական LG Uplus բջջային կապի օպերատորը եւ մի շարք այլ խոշոր ձեռնարկություններ արգելել են իրենց աշխատողների ոչ պաշտոնական շփումները Huawei-ի աշխատակիցների հետ, այդ թվում՝ համատեղ այն քննարկումները, որոնք վերաբերում են նոր տեխնոլոգիական ստանդարտներին:
Ինչպես գրում է գործակալությունը, տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցների հետ հանդիպումները, այդ թվում՝ ոչ պաշտոնական, սովորական պրակտիկա են: Դրանք անհրաժեշտ են ինժեներների կողմից տարբեր հաղորդակցական տեխնոլոգիաների, ներառյալ 5G նոր սերնդի ցանցի տեխնիկական ստանդարտները քննարկելու համար:
Մինչդեռ ԱՄՆ-ի եւ այլ երկրների առանձին ձեռնարկություններ իրենց աշխատողներին արգելել են շփվել Huawei-ի ներկայացուցիչների հետ, երկյուղելով ամերիկյան կառավարության հնարավոր դժգոհությունից եւ համապատասխան խնդիրներից, թեեւ այդօրինակ շփումների ոչ մի սահմանափակում ԱՄՆ-ի իշխանությունները չեն կիրառել, հայտնում է Reuters-ը: