Ինչո՞ւ է ԱՊՊԱ-ի համար տաքսու վարորդներից պահանջվում 12.000 դրամ, իսկ մյուսներից՝ 9000
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվելու և ներկայացվելու է վարորդական բալային համակարգի հետ կապված օրենքի նախագիծ, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով, առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելն առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:
9 բալը 1 տարվա համար մի տեսակ քիչ չէ՞
«Հա, բայց 9 բալը 1 տարվա համար մի տեսակ քիչ չէ՞, չնայած մեզ համար լավ է, խցանումները, վթարները կքչանան, մարդկանց արագ տեղ կհասցնենք: Համ էլ, եթե այդպես է, թող օրենք լինի նաև այն մասով, որ քաղաքի կենտրոնում 09:00-ից մինչև օրինակ՝ 19:00-ն կայանումն արգելեն, որ ես՝ որպես տաքսու վարորդ, երկրորդ գծի խնդիր չունենամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
Թեքահարթակի մոտ մեքենան կայանել էր, հաշմանդամ մարդը չէր կարողանում անցնել
«Հեղափոխությունից հետո էլ մայթերին, հետիոտնային անցումներին շատ մոտ կայանելու ավանդույթը շարունակվում է: Դրանց թող տուգանեն ու ոչ թե՝ մեկ, այլ՝ մի քանի տարով զրկեն մեքենա վարելուց, որ խելք հավաքեն: Էն օրն էլ մեկը թեքահարթակի մոտ մեքենան կայանել էր, հաշմանդամ մարդը եկել, չէր կարողանում անցնել, խնդրեմ ձեզ պատկեր»,- հավելեց մյուսը:
«Մարդիկ իրար հարգել չգիտեն, կուլտուրա չունեն»
«Բա որ ամեն կողմից մի գիծ ունեցող ճամփին իրար դեմ դիմաց գալիս կանգնում են ու խոսում, մինչև սիգնալ չտաս, տեղներից չեն շարժվի: Չնայած, մեկ-մեկ էլ մուննաթ են գալիս, թե բա՝ խոսում ենք, չի երևո՞ւմ: Մարդիկ հարգել չգիտեն, կուլտուրա չունեն, այստեղից պետք է սկսեն»,- նկատեց մեկ այլ վարորդ:
Ինչո՞ւ է ԱՊՊԱ-ի համար տաքսու վարորդներից պահանջվում 12.000 դրամ, իսկ մյուսներից՝ 9000
«Այ մարդ, հեռախոսները՝ ականջներին, հարբած քշում են, արագության մասին էլ չասեմ: Նմաններին պետք է իրոք զրկեն վարորդական իրավունքից, իսկ պարտաճանաչ վարորդներին՝ խրախուսեն, երևի այդ մասին էլ կմտածեն: Կարող եմ նաև հուշել՝ մի քանի կիլոգրամ անվճար գազ թող տրամադրեն կամ էլ ԱՊՊԱ-ի հարցերը լուծեն: Ի դեպ, օգտվեմ առիթից ու հարցնեմ՝ ինչո՞ւ է ԱՊՊԱ-ի համար տաքսու վարորդներից պահանջվում 12.000 դրամ, իսկ մյուսներից՝ 9000»,- ընդգծեց մյուսը:
Բալային համակարգով ակտերը թանկանո՞ւմ են
«Հերիք չէ տուգանում են, մի բան էլ միավո՞ր են հանում: Ստացվում է, որ բալային համակարգով ակտերը թանկանո՞ւմ են: Լսել եմ, որ ամրագոտի չկապելու համար ակտը 10 000 դրամ է լինելու, դա նորմա՞լ է»,- հարց բարձրացրեց մեկ այլ վարորդ:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի փոխանցմամբ՝ 5000 դրամանոց տուգանքին համարժեք է մեկ տուգանային միավորը:
«20-25 հազար դրամի տուգանքների համար նախատեսված է երկու բալային միավոր հանել, 4 միավորանոց խախտումների թիվը 2-ն է՝ երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմժ-ով գերազանցելը և տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, բացառությամբ, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և մեկ լիտր արյան մեջ ալկոհոլը մեկ գրամը չի գերազանցում: Երեք միավորանոց խախտումներն են՝ տրանսպորտային միջոցի տնօրենի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը, որի համար ներկայիս գործող համակարգով նախատեսված է տուգանք հարյուր հազար դրամի չափով»:
Անի Կարապետյան