«Կյանքն ապրել այնպես, որ ամոթից գլուխը կախելու պատճառ չունենալ». Լիլիթ Կասյան
Երբ փոքր էի, և ինձ դպրոցում հարցնում էին՝ ի՞նչ եմ դառնալու, պատասխանում էի՝ լրագրող, ինչին ի պատասխան ստանում էի՝ հա՜, մեր Կասյան Լիլիթի հետքերով ես գնալու (Լիլիթն այդ դպրոցի շրջանավարտ էր, ում մասին շատ էի լսում. նրա անունը էկրաններից արդեն հարազատ էր դարձել): Այսօր ներկայացնում եմ նրա հետ ունեցած մեր, թերևս, շատ ուսուցանող զրույցը:
Դրսում ցուրտ ձմեռ էր, օրը՝ տոնական. Հին Նոր Տարին էր նշվում:Կասյանների ընտանիքում հունվարի 14-ը կրկնակի տոն դարձավ. «Ծնվեցի ես` ընտանիքիս առաջնեկը: Ծնունդս սպասված էր, անունս` Լիլիթ՝ ի սկզբանե որոշված»: Մանկության դրվագները թերթելիս՝ Լիլիթը հիշեց բակային խաղերն ու ընկերներին. «Հաճախ եմ կարոտում մանկությունս: Երբ փոքր ես, մտածում ես շուտ մեծանալու մասին, մեծանալուց հետո ես միայն գիտակցում մանկության արժեքը, և, որ այն, ցավոք, ետ բերել չես կարող»:
Լիլիթ Կասյանը մեզ հետ զրույցում կարևորեց ընտանիքում ստացած դաստիարակությունը, կրթությունը և, իհարկե, այն դասերը, որոնք քաղել է ծնողներից. «Մեր ընտանիքում միշտ խաղաղություն և սեր է իշխում ու հարգանք մեծի հանդեպ: Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս՝ ապրել այնպես, որ ամոթից գլուխս կախելու պատճառ չունենամ»:
Լիլիթ Կասյանն ընտրել է լրագրության ճանապարհը: Վստահ է՝ այն օգնում է նրան մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել, համենայնդեպս փորձում է: Ցանկացած ստեղծագործող մարդու համար կարևոր է ոգեշնչման աղբյուր ունենալը: Լիլիթի հետ զրույցում պարզ դարձավ, որ նա կարող է ոգեշնչվել ամենատարբեր երևույթներից. «Սիրելի մարդը, լավ նորությունը, հաճելի միջավայրը, հրաշք բնությունը, լավը, բարին կամեցող մարդիկ, իսկական ընկերները. կյանքում ինձ ամեն լավ բան ոգեշնչում է և դա բնական է, եթե կա լավը, կա նաև ապրելու և ստեղծագործելու ցանկություն»:
Կյանքը մարդու մեծագույն ուսուցիչն է, ինչի հետ համակարծիք է մեր հերոսուհին. «Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ՝ սխալներ ունեցել եմ, որոնք էլ ինձ սովորեցրել են ցանկացած որոշում կայացնել միայնակ: Կյանքը սովորեցրել է ականջալուր լինել միայն սեփական ձայնին` սրտի և հոգու: Երբևէ, որևէ սխալի համար, որևիցե մեկին չմեղադրելու համար` չլսել որևէ մեկին: Հավատալ միայն ինքդ քեզ ու Աստծուն»:
Լիլիթն անկեղծանում է, որ չնայած կյանքում շատ հաճախ է ցանկանում ինչ-որ բաներ բարձրաձայնել՝ գոռալու աստիճան, բայց գերադասում է լռել. «Իհարկե, կան բաներ, որոնց մասին, եթե ոչ շատ հաճախ, ապա գոնե երբեմն ցանկություն եմ ունենում խոսելու: Բայց դրանք շատ անձնական են, երբեմն` խիստ գործնական: Վստահ եմ, որ առանց բարձրաձայնելու էլ իմ կյանքում ամեն ինչ շատ լավ է լինելու Աստծո հաջողությամբ»:
Խոսելով մարդկային որակների մասին՝ մեր հերոսուհին առանձնացրեց, թերևս, իր համար ամենակարևորները՝ մաքրություն, անկեղծություն և բարություն. «Մարդկանց հետ շփումներում միշտ ազնիվ ու անկեղծ եմ, նույնն էլ ակնկալում եմ դիմացինից: Հավատարիմ եմ: Սիրում եմ մարդկանց, ովքեր գնահատել և շնորհակալ լինել գիտեն, որովհետև, անհամեստություն թող չթվա, բայց ես ինքս էլ, այդպիսինն եմ: Ատում եմ սուտը. նախընտրում` դառը ճշմարտությունը քաղցր ստից. եթե անգամ այդ սուտն իրավիճակ է փոխելու, նաև ինձ համար դրական իմաստով, միևնույնն է, ընդունելի չէ. ժամանակավոր, իրավիճակային լուծումների կողմնակից չեմ: Մարդկությունն այսօր կարիք ունի մաքրության, անկեղծության, բարության»:
Կյանքում ունեցած դժվարությունները սովորեցնում են Լիլիթին առաջ գնալ. «Երբեմն դժվար է, երբեմն` չի ստացվում, բայց ի վերջո հասկանում եմ` ես ուժեղ եմ և կարող եմ հերթական դժվարությունն էլ հաղթահարել: Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է սիրել և սիրված լինել, երբ չունի երազանքներ ու չի հավատում հրաշքների»:
Լիլիանա Օսիպյան
qahana.am