Առնվազն հինգ մարդ է զոհվել ավստրալական Դարվինի փողոցներում տեղի ունեցած հրաձգությունից
Ավստրալական Դարվինում առնվազն հինգ մարդ է զոհվել այն բանից հետո, երբ անհայտ տղամարդը հրաձգություն է բացել քաղաքի փողոցներում: Նախնական տվյալներով՝ 45-ամյա կասկածյալը ձերբակալված է։
Ինչպես հայտնել է News.Com ավստրալական պորտալը, ոստիկանությունը մինչ այժմ դժվարանում է ճշտել, թե քանի հանցագործության է մեղսակից կարճափող հրացանով զինված չարագործը:
Ականատեսները հայտնում են, որ տղամարդը մտել է տեղի Palms Motel հյուրանոցը եւ կատարել մոտավորապես 20 կրակոց: Այդ մարդը հանգիստ էր եւ «ասես ինչ-որ մեկին էր փնտրում»:
Վկաները պատմում են, որ չարագործը մտնում էր յուրաքանչյուր համար՝ արձակելով կրակոցներ:
Նա հանգիստ հեռացել է պատահարի վայրից եւ, ենթադրաբար, ուղեւորվել քաղաքի մեկ այլ շրջանում գտնվող բնակելի համալիր, որտեղ կատարել է եւս մեկ սպանություն:
Նախնական տվյալներով՝ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն չէր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: