Բաժիններ՝

Արդյո՞ք 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասն իրատեսական է ծրագրվել

2019 թվականի ՀՀ պետական բյուջեով հարկային եկամուտների մեծությունը պլանավորվել է շուրջ 1 տրիլիոն 401 միլիարդ ՀՀ դրամ: 2018 թվականին պետական բյուջեի փաստացի հարկային եկամուտների մեծությունը կազմել է 1 տրիլիոն 258 միլիարդ դրամ: Այսինքն, 2019 թվականին 2018 թվականի համեմատությամբ պետական բյուջեի հարկային եկամուտների մեծությունը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է ծրագրվել ընդամենը 143 միլիարդ դրամ:

Պատկերացնելու համար, թե արդյոք 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասն իրատեսակա՞ն է ծրագրվել, դիտարկենք այն գործոնները, որոնք ուղղակիորեն պետք է հիմք ընդունվեն յուրաքանչյուր տարվա հարկային եկամուտների ծրագրավորման համար:

1. ՀՆԱ-ի աճ՝ անվանական արտահայտությամբ: 2019 թվականին անվանական ՀՆԱ-ն կանխատեսվել է 6 տրիլիոն 700 միլիարդ դրամ, այսինքն՝ 700 միլիարդ դրամով ավելի, քան 2018 թվականին: 700 միլիարդ դրամով անվանական ՀՆԱ-ի ավելի կանխատեսումը նշանակում է, որ միայն այս գործոնի հաշվին արդեն իսկ պետք է ծրագրվեր 147 մլրդ դրամ եկամուտների աճ (Հարկեր/ՀՆԱ-ն կազմում է շուրջ 21 տոկոս):

Այսինքն, եթե օրենսդրությունը 2019 թվականին 2018 թվականի համեմատությամբ մնար անփոփոխ, ստվերի կրճատման ուղղությամբ որևէ լրացուցիչ նպատակադրում չդրվեր կամ որևէ լրացուցչ վարչարարական ջանք չգործադրվեր ստվերից լրացուցիչ եկամուտներ բերելու համար, ապա 147 մլրդ դրամն այն նվազագույն թիվն էր, որ միայն այս գործոնի արդյունքում պետք է հաշվի առնվեր: Սակայն, անվանական ՀՆԱ-ն հարկային եկամուտների ծրագրավորման հիմք հանդիսացող գործոններից միայն մեկն է:

2. Օրենսդրական փոփոխություններ: Գաղտնիք չէ, որ Հարկային օրենսգրքով 2019 թվականից ուժի մեջ են մտել մի շարք միջոցառումներ, որոնք պետական բյուջեին 2018-ի համեմատությամբ ապահովելու են լրացուցիչ եկամուտներով, և որոնց ազդեցությունը հաշվի չի առնվել:

Օրինակ՝ ՀՀ քաղաքացիները 2019 թվականի հունվարի 1-ից սկսել են շահաբաժիններից վճարել 5 տոկոս եկամտային հարկ, 15%-ով բարձրացել է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը, բարձրացել է հանրային սննդի ոլորտի հարկային բեռը, բնապահպանական և բնօգտագործման հարկերն են ավելացել 10 տոկոսով: Այս ամենն ամենահամեստ գնահատականներով բյուջեին ապահովելու է լրացուցիչ 30.0 մլրդ դրամ: Անհասկանալի կերպով օրենսդրական այս ազդեցությունները հաշվի առնված չեն:

3. Ստվերի կրճատում: Նախորդ կառավարության ծրագրի համաձայն՝ ծրագրված էր վարչարարության հաշվին Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հինգ տարվա ընթացքում բարելավել 2.5 տոկոսային կետով, միջինը՝ տարեկան 0.5 տոկոսային կետ: Պետք է ենթադրել, որ հեղափոխությանը հաջորդող տարում, նոր կառավարության հայտարարած ստվերի դեմ «անողոք պայքարի» արդյունքում, այս ցուցանիշը գոնե պետք է կրկնապատկվեր՝ գոնե հեղափոխությանը հաջորդող առաջին տարում նպատակադրվելով ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով:

Ըստ էության, սա է հանդիսանում յուրաքանչյուր տարի ստվերից դուրս բերվող գումարների մեծությունը, որը 2019 թվականի համար պետք է կազմեր նվազագույնը շուրջ 67.0 մլրդ դրամ: Առնվազն տարօրինակ է, որ հեղափոխական կառավարությունը, փաստորեն, ստվերի կրճատման որևէ նպատակադրում (անգամ նախորդ կառավարության սահմանած ՀՆԱ-ի 0.5 տոկոսի չափով), նույնպես չի դրել հարկային եկամուտների կանխատեսման հիմքում:

4. ԵԱՏՄ մաքսատուրք: Վերջին մի քանի տարիներին օրինաչափություն է, որ ՀՀ պետական բյուջեն յուրաքանչյուր տարի ԵԱՏՄ-ից տարեկան 7-8 մլրդ դրամ ավելի գումարներ է ստանում այդ տարիներին նախորդող տարիների համեմատությամբ: Կարծես թե չկար որևէ հիմք ենթադրելու, որ 2019 թվականը բացառություն է լինելու, և ՀՀ պետական բյուջեն այդ գումարները չէր ստանալու: Հետևաբար 7-8 մլրդ դրամի չափով ազդեցությունները նույնպես հաշվի առնված չեն:

Իրականում կան մի շարք այլ գործոններ, որոնք նույնպես դրական են ազդելու 2019 թվականի բյուջե հարկային եկամուտների մեծութան վրա, և դրանց «բացահայտումը» մասնագետների համար բարդ գործ չէր:

Օրինակ, արդյոք դժվա՞ր էր բացահայտել, որ 2019 թվականն ավտոմեքենաների ներկրման աճի տեսանկյունից աննախադեպ տարի է լինելու, քանի որ 2020-ից վերացվելու էր ՀՀ ներմուծվող մեքենաները ցածր մաքսատուրքով մաքսազերծելու հնարավորությունը, և այդպես շարունակ:

Սակայն, եթե անգամ այս ամենը հաշվի չառնենք, ապա այս պարզ վերլուծությունը փաստում է, որ անգամ իներցիոն բյուջե կազմելու պարագայում 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշը պետք է 2018 թվականի ցուցանիշը գերազանցեր առնվազն 251 մլրդ դրամով (147+30+67+7), ինչը նշանակում է, որ բյուջեի հարկային եկամուտները պետք է ծրագրվեին ոչ թե 1 տրիլիոն 401 միլիարդ ՀՀ դրամ, այլ նվազագույնը 1 տրիլիոն 509 միլիարդ ՀՀ դրամ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս