Արտաքին քաղաքականության դերն իսլամական հեղափոխությունում և դրա սկզբունքների ձևավորումը
1979թ. փետրվարի 10-ին այաթոլա Ռուհոլահ Մուսավի Խոմեյնիի (Իմամ Խոմեյնի) առաջնորդությամբ Իրանում հաղթանակեց Իսլամական հեղափոխությունը, որի 40-րդ տարելիցը ողջ երկրի մակարդակով նշվել է ընթացիկ տարվա փետրվարի 11-ին: Հեղափոխություն, որը դասվեց 20-րդ դարի խոշորագույն իրադարձությունների շարքին։ Արդյունքում Իրանում հաստատվեց աշխարհում թերևս առաջին կրոնական, իսլամական համակարգ՝ իսլամի վերազգային, սահմաններ չճանաչող գաղափարախոսությամբ։
Ինչպես լինում է հասարակական նման խոշոր ցնցումների դեպքում, Իրանում ևս, բնականաբար, արմատական փոփոխության ենթարկվեց կառավարման համակարգը՝ ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Ավելին, արտաքին քաղաքականության փոփոխությունը հեղափոխականների գլխավոր պահանջներից էր, որոնք ցանականում էին ունենալ անկախ երկիր՝ անկախ արտաքին քաղաքականությամբ:
Իսլամական հեղափոխությունում արտաքին քաղաքականության նշանակության առնչությամբ, թերևս, բնութագրական են Իրանի ԱԳ նախարարության միջազգային ուսումնասիրությունների, կրթական կենտրոնի տնօրեն Սեյեդ Մոհամեդ Քազեմ Սաջադփուրի տեսակետները։ Նա «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը» վերլուծական հոդվածում գրել է. «Արտաքին քաղաքականությունն իսլամական հեղափոխության հիմնասյուներից մեկն է:
Իսլամական հեղափոխության գլխավոր կարգախոսներից էին հետևյալ երկուսը. «Անկախություն, ազատություն և իսլամական հանրապետություն» ու «Ո՛չ արևելյան և ո՛չ էլ արևմտյան, իսլամական հանրապետություն», որոնք այլ կարգախոսներից ավելի ցայտուն էին մտավոր ու գիտական յուրահատուկ լիցքով և ազդեցությամբ, իսկ դրանք ուղղակիորեն ներառում էին արտաքին քաղաքականությունը: Հանգամանք, ինչն ապացուցում է, թե որքան մեծ էր արտաքին քաղաքականության դերն իսլամական հեղափոխության ձևավորման և ընթացքի հարցում, որը խոսում է իսլամական հեղափոխության մեջ արտաքին քաղաքականության բազային նշանակության մասին»:
Հեղափոխականները շահական վարչակարգին մեղադրում էին նաև ԱՄՆ-ի շահերին ծառայելու մեջ: Մոհամեդ Ռեզա շահի վարչակարգը հաճախ ԱՄՆ ժանդարմ էին անվանում Միջին Արևելքում և Պարսից Ծոցում: Դա պայմանավորված էր էներգակիրներով հարուստ, ռազմավարական նշանակությամբ Միջին Արևելքում ԱՄՆ-ի Նիքսոնի հայեցակարգի շրջանակներում իրականացվող քաղաքականությամբ, ինչից խիստ դժգոհ էին հեղափոխականները։ Հայեցակարգ, որը շահին ԱՄՆ-ից անսահմանափակ զենք գնելու իրավունք էր տվել, իսկ վերջինս նավթի եկամուտների զգալի մասը հենց դրան էր տրամադրում։
Նշյալ հայեցակարգի մասին առաջին անգամ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը (1969-1974թթ.) հայտարարել է 1969թ․ Գուամ կղզում, այդ պատճառով հայտնի է նաև Գուամյան հայեցակարգ անունով, որն ավելի ուշ հայտնի դարձավ նաև վիետնամացում անվամբ: Ըստ դրա՝ ԱՄՆ-ը կօժանդակի դաշնակից ու բարեկամ երկրների պաշտպանությանն ու զարգացմանը, սակայն տարածաշրջանային կոնֆլիկտներում մասնակցության ձևն ու չափը որոշվելու է ըստ ԱՄՆ ազգային շահերի։ Այդ հայեցակարգն իր արտացոլումն ունեցավ նաև Պարսից Ծոցի տարածաշրջանում:
1968թ․, երբ օրակարգ մտավ Մեծ Բրիտանիայի զորքերը Պարսից Ծոցից դուրս բերելու հարցը, ԱՄՆ-ը որոշեց Նիքսոնի հայեցակարգի շրջանակներում կիրառել «երկու սյուն» անվամբ հայտնի քաղաքականությունը, որոնք Իրանն ու Սաուդյան Արաբիան էին։ Նրանք պետք է լցնեին բրիտանական ուժերի դուրս բերվելու հետևանքով առաջացած վակուումը և ապահովեին տարածաշրջանի անվտանգությունը, իսկ ԱՄՆ-ը պետք է հովանավորեր այդ երկրներին՝ ցուցաբերելով տնտեսական ու ռազմական աջակցություն։ Այլ կերպ ասած՝ Միացյալ Նահանգների դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում սահմանափակվում էր Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ սերտ համագործակցությամբ։
Նշենք, որ իրականում այդ դերի համար ընտրվել էր Իրանը, իսկ Էր Ռիյադի ընտրությունը պայմանավորված էր փարատելու արաբական աշխարհի կասկածներն Իրանի հետ առավել սերտ փոխհարաբերությունների հարցում, քանի որ Իրանի ու Միջին Արևելքի արաբական երկրների միջև պատմականորեն առկա է փոխադարձ անվստահություն: Զբիգնև Բժեզինսին այս մասին նշել է, թե Իրանն ԱՄՆ-ի կարևորագույն հենակետը, բազան էր տարածաշրջանում, ուստի բրիտանական ուժերի՝ Սուեզի արևելյան հատվածից դուրս բերելուց հետո ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված էր Իրանին, ապա նաև Սաուդյան Արաբիային զինելով ստեղծված վակուումը լցնելուն։
ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԾՆՈՒՆԴԸ
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո՝ 1979թ․ ապրիլի 1-ին, հանրաքվեի միջոցով այդ երկրում հաստատվեց Իսլամական Հանրապետություն։ Իսկ նույն թվականի դեկտեմբերի 2-3-ին կրկին հանրաքվեի միջոցով հաստատվեց նաև երկրի նոր Սահմանադրությունը։
Ինչպես նշվեց, արտաքին քաղաքականության հիմնովին փոփոխությունը հեղափոխականների գլխավոր պահանջներից էր, ինչն իրականություն դարձավ։ Սահմանադրության համաձայն՝ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները որոշում է երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հեղափոխության առաջնորդը։ Բացի այդ Արտաքին քաղաքականությանն են նվիրված երկրի հիմնական օրենքի 152-155 հոդվածները, որոնք զետեղված են 10-րդ՝ «Արտաքին քաղաքականություն» գլխում։ Սահմանադրության շուրջ մեկ տասնյակ այլ հոդվածներ ևս անուղղակիորեն վերաբերում են արտաքին քաղաքականությանը։
Հեղափոխության առաջին տարելիցի առիթով հեղափոխության առաջնորդ Էմամ Խոմեյնին իր ելույթում ընդգծեց երկրի արտաքին քաղաքականության երկու հիմնական ուղղությունները, որոնք խիստ կարևորվում են առ այսօր։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ արդեն Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները խզվել էին։ 1979թ․ նոյեմբերի 4-ին իրենց առաջնորդի հետևորդներ անվանող մի խումբ ուսանողներ գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը։
Խոմեյնին հայտարարեց, թե Իրանը պետք է վերջ դնի ԱՄՆ-ի հետ իր բոլոր տեսակի՝ քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային հարաբերություններին և շարունակի պայքարն այդ դաժան աշխարհակուլի դեմ։ Խոմեյնիի տեսակետներն անվերապահորեն ընդունելի են և բազմիցս կրկնվել են նաև հեղափոխության ներկայիս առաջնորդ, երկրի ռազմաքաղաքական ու հոգևոր առաջին դեմք այաթոլա Ալի Խամենեիի կողմից։
Այլ խոսքով՝ թեև ի սկզբանե արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները հստակ էին, սակայն մինչև 1981թ․ դրանում նկատելի էին նաև անորոշություն և անհետևողականություն։ Իսկ դա պատճառաբանվում է ԱԳ նախարարի հաճախակի փոփոխությամբ։ Ընդ որում՝ այդ ընթացքում 8 քաղաքական լիովին տարբեր հայացքներով ու գաղափարներով նախարար է ղեկավարել այդ գերատեսչությունը։ 1981թ․ ԱԳ նախարար նշանակվեց Ալի Աքբար Վելայաթին, ով 16 տարի պաշտոնավարել է, այնուհետև նշանակվել հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական։ Հանգամանք, ինչի պատճառով վերլուծաբաններից շատերը շեշտում են, թե առ այսօր դե ֆակտո հենց նա էլ երկրի ԱԳ նախարարն է։
Վելայաթիի օրոք երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգը մշակելիս խիստ կարևորվում էին հստակեցված երեք հիմնական սկզբունքները։ Նախ՝ կրելով հակաիմպերիալիստական բնույթ, ընդդեմ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (մինչև փլուզումը), իսկ այնուհետև գլխավորապես հակաամերիկյան և հակաիսրայելյան, ապա «ո՛չ արևելյան, ո՛չ արևմտյան, իսլամական հանրապետություն» կարգախոսը և կարևորվեց, հստակեցվեց ու կայուն տեղ գրավեց հեղափոխության «արտահանումը»։ Վերջինիս զուգահեռվեց նաև ԱԳ փոխնախարար Մոհամեդ Ջավադ Լարիջանի կողմից առաջ քաշված «Ամ ալ Ղարայի» տեսությունը, որով որոշվում էր Իրանի տեղն ու դերն իսկամական աշխարհում, որտեղ մահմեդականները համարվում են մեկ ամբողջականություն, մեկ ժողովուրդ, իսկ Իրանին վերագրվում էր «Ամ ալ Ղարայի» դերը։
Հեղափոխության «արտահանումը» մեկնաբանելիս իրանցի վերլուծաբանները, հենվելով Խոմեյնիի տեսակետների վրա, շեշտում են, թե հեղափոխության «արտահանման» նպատակը մարդկային և աստվածային արժեքների տարածումն է՝ ժողովուրդների զարթոնքին ու ճանաչողականությանը նպաստելով։ Այս առնչությամբ Խոմեյնին նշել է․ «Մեր շարժումն իսլամական է․․․ այն ողջ աշխարհի կեղեքվածների շարժում է նախքան որևէ տարածաշրջանի պատկանելը»։ Այս տեսանկյունից նա հեղափոխության «արտահանումն» անհրաժեշտ է համարել։
ՍԿԶԲՈՒՆՔ 1. ՀԱԿԱԱՄԵՐԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱԻՍՐԱՅԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրանի արտաքին քաղաքականության բոլոր կառավարությունների հայեցակարգում հակաիմպերիալիստականությունն ի սկզբանե և առ այսօր առաջնային սկզբունքներից է, ինչը հաճախ համարվում է դրա անփոփոխ էությունը։ Ոմանք էլ այն գնահատում են որպես արտաքին քաղաքականության հիմնաքար, որի առավել ցայտուն դրսևորումը հակաամերիկանությունն է։ Այս առնչությամբ նրանք վկայակոչում են Իրան-իրաքյան պատերազմի անենաթեժ պահին Էմամ Խոմեյնիի խոսքերը․ «Մենք գերտերություններից ու գերհզորներից ոչ մեկի հետ համերաշխ չենք, մենք ոչ ԱՄՆ գերիշխանությանը կենթարկվենք և ոչ էլ ԽՍՀՄ-ին»։
Այս տեսակետը պաշտպանողները նաև Սահմանադրության 152 հոդվածն են այդ տրամաբանությամբ մեկնաբանում, որտեղ նշվում է․ «ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված է գերիշխանություն հաստատելու ցանկացած փորձի և դրան ենթակվելուն մերժելու, երկրի համապարփակ անկախությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու, բոլոր մահմեդականների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև գերիշխող ուժերի հանդեպ պարտավորություն չստանձնելու և ոչ ռազմատենչ երկրների հետ բարեկամական փոխհարաբերություններ հաստատելու վրա»։
Իրանցիների հակաամերիկանությունը պայմանավորված է 1953թ․ հեղաշրջման, ինչպես նաև շահի «Սպիտակ» հեղափոխություն անվամբ բարեփոխումների ծրագրում ԱՄՆ-ի ակտիվ դերակատարությամբ։ Հակաամերիկանության կարևորությունն Իրանի արտաքին քաղաքականության մեջ շեշտելու նպատակով նոյեմբերի 4-ը նշվում է որպես իմպերիալիզմի դեմ պայքարի օր։ Արևելյան իմպերիալիստական պետությանը՝ ԽՍՀՄ-ին, հակադրվելը ևս պատճառաբանված է Երկրորդ աշխարհամարտից հետո գործնականում Իրանի մասնատման ուղղությամբ քայլեր կատարելով և ընդհանրապես իր գաղափարական ազդեցությունը տարածելու մշտական ջանքերով ու աթեիստ լինելով։
Իսկ հակաիսրայելականությունը, ըստ ամենայնի, մահմեդականների միասնության, եղբայրության տրամաբանության մեջ է։ Իսրայելը մեղադրվում է իսլամական հողերը գրավելու, արհեստական պետություն ստեղծելու, մուսուլման պաղեստինցիներին ճնշելու մեջ, ինչի առնչությամբ Խոմեյնին ասել է․ «Իսրայելը պետք է վերանա աշխարհի քարտեզից»։ Ավելին, որոշ քաղաքական, պետական գործիչներ նշում են, թե «Իսրայելը պետք է վերանա աշխարհի քարտեզից»-ը ռազմավարական նշանակության նախադասություն է, որը որոշում է երկրի արտաքին քաղաքականությունը։ Իսլամական միասնության առումով ձեռքբերումները շատ մեծ չեն, քանի որ նույնիսկ արաբական աշխարհում այդ հարցում միասնական դիրքորոշումը բացակայում է, ուր մնաց իսլամական աշխարհում։
Ի դեպ, եթե ներկայիս Իսրայելի տարածքում երբևէ հրեական պետություն է եղել, ապա Ադրբեջան անունով պետություն՝ իրական արհեստածին երկիր, աշխարհի քարտեզի վրա չի եղել։ Մինչդեռ Իրանի որոշ շրջանակներ առաջ են քաշում «Ղարաբաղն իսլամական տարածք է և պետք է ազատագրվի» գաղափարն ու այդ նպատակով կազմակերպում են հակահայ միջազգային համաժողովներ՝ հաջողություններ արձանագրելով։ Ահավասիկ, մարտի 16-ին Թեհրանում տեղի է ունեցել «Արցախի առանցքով, ազգայնականության գործոններն ու արգելքներն իսլամական տարածքների զավթումը շարունակվելու հարցում» գիտաժողովը, որտեղ, թերևս, հայի ու Հայաստանի մասին տեղեկություն չունեցող նիգերացին խոսում է Հայաստանի «գործած ոճիրների» մասին ու շեշտում Ղարաբաղի ազատագրման անհրաժեշտությունը։ Իսկ թե թուրքը, ադրբեջանցին, լիբանանցին, պակիստանցին, իրաքցին ու համաթուրքականությամբ տոգորված իրանցին ինչեր են խոսում «գիտական աշխատանքների» ընթացքում, թերևս մեկնաբանության անհրաժեշտություն չկա։
Էմամ Խոմեյնիին հաջորդած ներկայիս հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի օրոք հակաամերիկանությունն ու հակաիսրայելականությունը ոչ միայն շարունակում են մնալ որպես արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից, այլև առավել խիստ բնույթ են կրում: Նա մի առիթով նշել է. «Նրանք, ովքեր խոսում են ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին, քաղաքականության կամ էլ պատվախնդրության այբուբենը չգիտեն»։
Նա հաճախ է կրկնում նաև, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու վտանգավոր խաղի մեջ կարող է մտնել այն ժամանակ, երբ կհասնի ցանկալի բարձրության քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, որպեսզի ԱՄՆ-ի ճնշումները, սոփեստություններն ազդեցություն չունենան իրանցիների վրա, իսկ ներկա դրությամբ բանակցելն ի վնաս Իրանի է և արգելվում է։ Երկրի ռազմաքաղաքական առաջին դեմքի այդօրինակ դիրքորոշման տրամաբանության մեջ պետք է դիտել Իրան-5+1-ի բանակցությունների ընթացքում այն, որ իրանական կողմը մշտապես շեշտում էր, թե Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցությունները բացառվում են։
Այսուհանդերձ, ԻԻՀ-ի 40-ամյա պատմության ընթացքում Թեհրանի և թշնամական հիշյալ երկրների հետ անհրաժեշտության դեպքում եղել են գաղտնի, նաև բացահայտ շփումներ, բանակցություններ, մասնավորապես ԱՄՆ-ի հետ, իսկ Իսրայելի հետ միայն մի դեպք է գրանցվել։ Ի դեպ, ԱՄՆ-ի նկատմամբ թշնամանքն էլ ընթացել ու ընթանում է ելևէջներով, ինչը պայմանավորված է Իրանում և ԱՄՆ-ում իշխող կառավարությունների դիրքորոշումներով։
ՍԿԶԲՈՒՆՔ 2. «Ո՛Չ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎ Ո՛Չ ԷԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ»
Երկբևեռ աշխարհակարգի պայմաններում Իրանի իսլամական վարչակարգի արտաքին քաղաքականության հիմնասյուներից դարձավ նաև հեղափոխականների «Ո՛չ արևելյան և ո՛չ էլ արևմտյան, այլ իսլամական հանրապետություն» կարգախոսը, որն առ այսօր զարդարում է ԱԳ նախարարության շենքի ճակատը։
Թեև վաղուց արդեն այդ աշխարհակարգը պատմության գիրկն է անցել, բայց և այնպես այդ սկզբունքին Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում մեծ նշանակություն է տրվում։ Այս առնչությամբ հատկանշական են ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմի մտքերը։ Նա նշել է, որ այն Իրանի արտաքին քաղաքականության շատ կարևոր և հիմնարար սկզբունքներից է, քանի որ իսլամական հեղափոխությունը տեղի ունեցավ Սառը պատերազմի, երկբևեռ աշխարհակարգի պայմաններում, սակայն առանց որևէ բևեռի աջակցության կամ հակվածության։ Նա հավելել է, թե «Ո՛չ արևելյան և ո՛չ էլ արևմտյան»-ը, հեղափոխության շարունակությամբ պայմանավորված, դարձել է երկրի ԱԳ նախարարության բնաբանը և առ այսօր նշանակալից տեղ ու դեր ունի ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունում։
Իսկ հեղափոխության 40-ամյակի առիթով տրված հարցազրույցներից մեկում նա շեշտել է նաև, որ հեղափոխության հաղթանակից հետո ոմանք այդ հիմնարար սկզբունքը պարզամտորեն մեկնաբանում էին որպես երկու ճամբարների՝ Արևմուտքի և Արևելքի հետ հարաբերությունների խզում, բացառում։ Մինչդեռ իրականում դա կախվածության բացառում և երկրի անկախությունը պահպանել է նշանակում Արևելքի ու Արևմուտքի հետ առնչություններում։ Ղասեմին շեշտել է, որ գործնականում էլ մի քանի տարի անց, ի տես բոլորի, երկու ճամբարներում գտնվող տարբեր երկրների հետ Իրանը բնականոն փոխհարաբերություններ հաստատեց՝ պահապանելով իր լիարժեք անկախությունը։
Ինչ վերաբերում է երկու ճամբարների հետ շփումներին, հարկ է նշել, որ դրանք մասնավորապես ԱՄՆ-ի և հեղափոխության առաջնորդի միջև եղել են և՛ դրա նախաշեմին, և՛ դրա ընթացքում։ Նախ Արևմտյան ճամբարի հզոր քառյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Արևմտյան Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ՝ Ջիմի Քարտերը, Ժեսկար Դեսթենը, Ջորջ Քալահանը և Հելմուտ Շմիդտը հեղափոխությունից շուրջ մեկ ամիս հետո՝ 1979թ. հունվարի 14-17-ին, Գվադելուպայում գումարեցին գագաթաժողով, որտեղ որոշում ընդունեցին չպաշտպանել շահին, ինչը նշանակում էր անուղղակիորեն պաշտպանել հեղափոխականներին: Իսկ այնուհետև, ըստ 2013թ. ԱՄՆ գաղտնազերծված փաստաթղթերի՝ հեղափոխության առաջնորդի և նախագահ Քարտերի միջև կապ էր ստեղծվել:
Փաստորեն գագաթաժողովի հաջորդ օրը՝ հունվարի 18-ին, Քարտերն իր թերևս առաջին ուղերձով ցանկացել է հետևյալ 4 հարցերի շուրջ տեղեկանալ առաջնորդի տեսակետներին՝ ա) ապագայում ԱՄՆ ներդրումների ճակատագրին, բ) Իրան-ԱՄՆ ռազմաքաղաքական փոխառնչություններին, գ) ԽՍՀՄ-ի հետ փոխհարաբերություններին, դ) Արևմուտքին նավթի վաճառքին: Ի պատասխան՝ Այաթոլա Խոմեյնին նշել է, թե Իրանն այլևս հսկայական քանակությամբ զենք չի գնելու ԱՄՆ-ից, սակայն երկրի տնտեսական և մասնավորապես գյուղատնտեսության զարգացման համար ԱՄՆ ներդրումների կարիք կլինի։ Նա հավելել է նաև, որ Իրանն այլևս Պարսից Ծոցի ժանդարմի դեր չի կատարելու։ Երկրորդ հարցի վերաբերյալ ընդգծել է, թե ռազմաքաղաքական առումով ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունները նախկինի պես սերտ չեն լինի, սակայն կարող են բարեկամական լինել, եթե այդ երկիրն ուղղակի կամ անուղղակի չմիջամտի Իրանի ներքին գործերին։ ԽՍՀՄ-ի հետ փոխհարաբերությունները ևս կարող են բարեկամական լինել նույն սկզբունքներով: Ինչ վերաբերում է նավթի արտահանմանը, ապա հեղափոխության առաջնորդը շեշտել է, թե բացառությամբ Իսրայելի և Հարավային Աֆրիկայի այն կվաճառվի արդարացի գին վճարող ցանկացած երկրի։
Իրականում էլ հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարությունը, հաշվի առնելով երկրի շահերը, այդ թվում՝ նավթի անարգելք արտահանումը և տարբեր երկրների հետ առևտրատնտեսական փոխհարաբերություններ հաստատելը, ջանքեր էր գործադրում նաև ԱՄՆ-ի հետ բնականոն փոխհարաբերությունները պահպանելու ուղղությամբ։ Այդ նպատակով կառավարության անդամները հանդիպումներ էին ունենում ԱՄՆ դիվանագետների ու քաղաքական գործիչների հետ, ինչը ժողովրդի համար այնքան էլ ընդունելի չէր։ Հեղափոխականներն ավելի խիստ գնահատական էին տալիս՝ եթե ոչ դավաճանություն, ապա առնվազն որպես հեղափոխությանը սպառնացող վտանգների հանդեպ անփութություն։
Փորձագետներն այս ուղղությամբ կառավարության ջանքերի վերջին ակորդն են համարում 1979թ․ նոյեմբերի 3-ին Ալժիրում վարչապետ Բազորգանի և ԱԳ նախարար Էբրահիմ Յազդիի հանդիպումն ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկու հետ։ Հանգամանք, ինչը խիստ մտահոգեց հեղափոխականներին, որոնք մտավախություն ունեին առ այն, թե ԱՄՆ-ը ցանկանում է կրկնել 1953թ․ հեղաշրջումը։ Վերլուծաբաններն այս հանգամանքով են պատճառաբանում նոյեմբերի 4-ին Թեհրանում ԱՄՆ դեսպանության գրավումն ու ամերիկացի 52 դիվանագետի պատանդ վերցնելը։ Վերջիններս ազատ արձակվեցին 444 օր հետո, կողմերի գաղտնի բանակցությունների արդյունքում։ Զարգացումների նման ընթացքը հանգեցրեց ժամանակավոր կառավարության հրաժարականին, խզվեցին նաև ԻԻՀ-ԱՄՆ դիվանագիտական փոխհարաբերությունները, Իրանի դեմ կիրառվեցին որոշ սահմանափակումներ, ինչպես օրինակ զենքի վաճառքը։
Այսուհանդերձ, ԱՄՆ բազմաթիվ ընկերություններ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նավթարդյունաբերության, իրենց գործունեությունն Իրանում շարունակում էին։ Ավելին, Իրան-իրաքյան պատերազմից հետո՝ մինչև 1995թ․, նույնիսկ ամերիկյան ընկերությունների գործունեության ակտիվության միտումը նկատելի էր։ Սակայն 1995թ․ մարտին նախագահ Բիլ Քլինթոնի հրամանագրով Իրանի նավթարդյունաբերության ոլորտում ամերիկյան ընկերությունների տնտեսական գործունեությունն արգելվեց, իսկ նույն թվականի մայիսին մեկ այլ հրամանագրով նա արգելեց նաև ԱՄՆ-Իրան առևտրատնտեսական ցանկացած գործունեություն։
Նշենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Իրանի փորձագիտական ու քաղաքական որոշ շրջանակներ շեշտում էին, թե «Ո՛չ արևելյան, ո՛չ արևմտյան» դրույթն այլևս կիրառելի չէ, և պետք է հրաժարվել դրանից, սակայն այդ կարծիքը հավանության չարժանացավ, և առ այսօր ԱԳ նախարարության ճակատին մնում է «Ո՛չ արևելյան, ո՛չ արևմտյան, իսլամական հանրապետություն» կարգախոսը և կարևորվում է արտաքին քաղաքականության հայեցակարգում։
ՍԿԶԲՈՒՆՔ 3. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ»
Հեղափոխության «արտահանման» սկզբունքն Իրանի արտաքին քաղաքականությունում ի սկզբանե օրակարգային է եղել, ինչի մասին հեղափոխության առաջնորդ Էմամ Խոմեյնին շեշտել է․ «Մենք մեր հեղափոխությունը կարտահանենք ողջ աշխարհով մեկ, քանի որ մեր հեղափոխությունն իսլամական է»։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ իսլամի գլխավոր առաքելություններից է դրա բոլոր առումներով համաշխարհայնացումը, ապա կարելի է ասել, որ հեղափոխությունն էությամբ վերազգային է և սահման չի ճանաչում։ Այլ կերպ ասած՝ իսլամական գաղափարախոսությամբ ԻԻՀ-ի համար հեղափոխության հիմունքների ու նպատակների արտահանումը դառնում է արտաքին քաղաքականության կարևոր գործոն։ Իրանցի որոշ վերլուծաբաններ էլ, իրավացիորեն հենվելով պատմական փորձի վրա, նշում են, թե հեղափոխության ձեռքբերումները, սկզբունքներն ու արժեքները պահպանելու համար դրանց տարածումը՝«արտահանումը», բնական է և անհարաժեշտ։
Ահավասիկ, թեև Հայաստանում Թավշյա հեղափոխությունը դասական առումով հեղափոխություն չէ, այլ ժողովրդական հզոր շարժում՝ ընդդեմ օրենքից դուրս գործող և ամբողջովին կոռումպացված վարչակարգի, այսուհանդերձ, «արտահանելու» ձգտումներ կան։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ՀՀ-ում ապրիլ-մայիսին տեղի ունեցած զարթոնքը պետք է ուսումնասիրվի, գիտություն դառնա և արտահանվի այլ երկրներ։ Անցյալ դարի 70-80-ականներին Լիբիայի առաջնորդ Քադաֆին ևս ձգտում էր ռազմական գործողություններով հեղափոխությունն «արտահանել»։ 1969թ․ նա «թավշյա իշխանության» էր եկել՝ ռազմական հեղաշրջմամբ տապալելով թագավորական համակարգը, երկրում հաստատելով իսլամասոցիալիստական համակարգ։
Հեղափոխության «արտահանումը» գլխավորապես ուղղված է եղել իսլամական աշխարհին և մասնավորապես տարածաշրջանի երկրներին, ինչը, ոչ միայն մտահոգելով վերջիններիս, նպաստել է ընդդեմ Իրանի միմյանց մերձեցմանը, այլև Պարսից Ծոցի երկրների համագործակցության կազմակերպության ձևավորմանը: Այլ խոսքով՝ իսլամական համակարգի հաստատումն Իրանում վերջինիս ու միջինարևելյան երկրների փոխհարաբերությունների լարվածության պատճառ դարձավ:
Հանգամանք, ինչը պայմանավորված էր նախ մահմեդական աշխարհում իսլամական զարթոնքով, ապա նրանով, որ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակը լուրջ ազդակ դարձավ իսլամական շարժումների քաղաքական ակտիվացման համար, ինչը խիստ մտահոգեց այդ երկրներում իշխող վարչակարգերին: Մանավանդ ստեղծված պայմաններում ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգում հեղափոխության «արտահանմանն» առաջնային տեղ էր հատկացվել, ինչի շրջանակներում իսլամական շարժումներին աջակցելն անհրաժեշտ է համարվում:
Բայց և այնպես հեղափոխությունից հետո դրա «արտահանման» հարցի վերաբերյալ քաղաքական առկա ուժերի ու հոսանքների դիրքորոշումները խիստ տարբերվում էին: Ազգայնական կողմնորոշմամբ ուժերը դեմ էին հեղափոխության «արտահանմանը», իսկ կրոնական ծայրահեղական հայացքներով հոսանքը, նշելով, թե իսլամը սահման չի ճանաչում, պնդում էր, որ հեղափոխությունը պետք է «արտահանել» հնարավոր բոլոր, այդ թվում՝ ռազմական և ֆիզիկական ուժերի միջոցով։
Սակայն, ըստ իրանցի վերլուծաբանների՝ երբ արդեն հեղափոխությունը հիմնավորվել ու հեղափոխական կառույցները ձևավորվել էին, Իմամ Խոմեյնին հեղափոխությունն «արտահանելու» լիովին այլ դիսկուրս առաջ քաշեց, որն ապացուցեց իր առավելությունը հիշյալ տեսակետների նկատմամբ։ Ըստ հիշյալ դիսկուրսի՝ հեղափոխության «արտահանումը» պետք է տեղի ունենա մշակութային, քարոզչական ուղիներով՝ ներկայացնելով իսլամական արժեքներն ու սկզբունքները և լուսաբանելով դրանք կեղեքված ու ճնշման տակ հայտնված մահմեդականների գիտակցության մակարդակը բարձրացնելով, առանց այլ երկրների ներքին գործերին ուղղակի և ֆիզիկական միջամտության։
Ազգայնական հակումներով հեղափոխականների շրջանակում ընդամենը քաղաքական մի ուժ կար, դա «Ազատության շարժում» կուսակցությունն էր, որի գաղափարախոսությունն իսլամ-ազգայնականությունն է։ Շարժման առաջնորդ Մեհդի Բազորգանին, Իմամ Խոմեյնիին նշանակելով վարչապետ, հանձնարարեց ձևավորել անցման շրջանի կառավարություն, որի անդամների մեծամասնությունը, բնականաբար, իր կուսակիցներն էին: Բազորգանը և ԱԳ նախարար Էբրահիմ Յազդին, ով Իմամ Խոմեյնիի մերձավորներից էր, որդեգրելով այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն, ձգտում էին հավաստիացնել, թե ԻԻՀ կառավարությունը նպատակամղված չէ հեղափոխությունն «արտահանել»։
Այլ կերպ ասած՝ կառավարությունը ցանկանում էր փարատել տարածաշրջանի և ընդհանրապես իսլամական աշխարհի երկրների մտավախություններն այս առնչությամբ, ինչը վերջիններիս կողմից, թերևս, լուրջ չընդունվեց, քանի որ արտաքին քաղաքականությունում առավել լսելի էին հեղափոխականների ձայները, որոնք վայելում էին նաև զանգվածների պաշտպանությունը:
Ավելին, նրանք կառավարությանը մեղադրում էին արևմտամետության մեջ՝ անհրաժեշտ համարելով հեղափոխության «արտահանումը»։ Մյուս կողմից էլ ԱԳ նախարարությունում փորձառու դիվանագետներին փոխարինել էին հեղափոխությանը հավատարիմ, անփորձ դիվանագետներ, ինչը ևս բացասաբար էր անդրադառնում նախարարության գործունեության վրա։
Հեղափոխության «արտահանումը», փաստորեն, դարձել է արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը, ինչի կողմնակիցները Սահմանադրության 154 հոդվածը մեկնաբանում են որպես այդ սկզբունքի արտացոլում երկրի գլխավոր օրենսգրքում, որտեղ ասված է․ «ԻԻՀ-ն աշխարհում մարդկային հասարակություններում անհատի երջանկությունն իր գերնպատակն է համարում և անկախությունը, ազատությունը, իրավական կառավարումն ու արդարությունը ճանաչում որպես մարդու համաշխարհային իրավունքներ։ Հետևաբար, կտրականապես խուսափելով այլ ազգերի (երկրների) ներքին գործերին որևէ կերպ միջամտելուց՝ միաժամանակ հովանավորելու է ընչազուրկների արդարացի պայքարն ընդդեմ իմպերիալիստների՝ աշխարհի ցանկացած կետում»։
1980թ․ սեպտեմբերին Իրաքը հարձակվեց Իրանի վրա, և բռնկվեց Իրան-իրաքյան 8-ամյա պատերազմը, որի ընթացքում արտաքին քաղաքականությունում դարձյալ վերջին խոսքը պատկանում էր արմատական հեղափոխականներին, կարևորվում էր հեղափոխության գաղափարախոսությունը, որտեղ նշանակալից դեր ուներ հեղափոխության «արտահանումը»։
ԱՄՓՈՓՈՒՄ
Իսլամական վարչակարգ հաստատվելուց ի վեր Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում առկա է 3 անփոփոխ սկզբունք՝ հակաամերիկանություն և հակաիսրայելականություն, «Ո՛չ արևելյան և ո՛չ էլ արևմտյան» և հեղափոխության «արտահանումը», որոնց հեղինակն իսլամական հեղափոխության առաջնորդ Էմամ Խոմեյնին է։ Նրա տեսակետները երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում առ այսօր անվերապահորեն ընդունելի են և ընկալվում են որպես բացարձակ ճշմարտություն։
Վերոհիշյալ սկզբունքները դիտվում են որպես այդ երկրի արտաքին քաղաքականության հիմնասյուներ հենց այդ համատեքստում։ Սակայն հաշվի առնելով, որ դրանք ծնվել են ժամանակի զարգացումների ու տիրող իրավիճակի թելադրմամբ, հետևաբար ենթակա են փոփոխության, մանավանդ որ դրա հնարավորությունը Սահմանադրությունը տալիս է․ երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները որոշում է հեղափոխության առաջնորդը։
Հետևաբար Խոմեյնիին հաջորդած հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում ի զորու է փոփոխություններ կատարել հիշյալ սկզբունքներում, սակայն ոչ միայն կարևորում է այդ սկզբունքները, այլև հակաամերիկանության և հակաիսրայելականության հարցում առավել խիստ դիրքորոշում է որդեգրել, արգելել է ԱՄՆ-ի հետ բանակցելը։ Ինչ վերաբերում է Սահմանադրության հոդվածներին, ապա թեև, ինչպես նշվեց, որոշ հոդվածներ, ինչպես օրինակ 152-րդը, մեկնաբանվում է որպես հակաամերիկանության ու հակաիսրայելականության և 154-րդը՝ հեղափոխության «արտահանության» տրամաբանության մեջ, ապա նշյալ հոդվածները կարելի է նաև այլ կերպ մեկնաբանել։
Բայց և այնպես հիշյալ սկզբունքներն ու Սահմանադրության հոդվածներն Իրանի արտաքին քաղաքականության մեջ առ այսօր անփոփոխ են, ուստի կարելի է նշել, թե ռազմավարությունը հստակ է։ Հետևաբար այս ոլորտում փոփոխությունները գլխավորապես մարտավարական բնույթ են կրում։ Դրանք պայմանավորված են նախ՝ գործադիրի ղեկավարի քաղաքական կողմնորոշմամբ, ապա նաև՝ միջազգային ու տարածաշրջանային զարգացումներով։ Բայց և այնպես այդ փոփոխություններն ակնհայտորեն նկատելի են։ Այդ է ապացուցում Իրանի 40-ամյա պատմական փորձը։
Էմմա Բեգիջանյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)ոստազաֆ»։