Բաժիններ՝

ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Սուրեն Պապիկյանն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության կարևորությունն այս ժամանակահատվածում, երբ Հայաստանը պաշտպանական բարեփոխումների ակտիվ փուլում է: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը:

Զրուցակիցները հատկապես կարևորել են կրթության, վերապատրաստումների, վարժանքների, փորձի փոխանակման և մասնագիտական խորհրդատվության ուղղությունները:

Դեյվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը, ինչպես նաև աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների գործընթացին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս