«Երբևէ փոխզիջումներ չեն լինելու, սակայն հայ ժողովուրդն ամեն ինչի պետք է պատրաստ լինի». Աստվածատուր Պետրոսյան
Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի խոսքով՝ 27 տարի առաջ մայիսի 9-ին Շուշիի ազատագրումը տեղի ունեցավ ոգու միասնականության շնորհիվ։ «Յուրաքանչյուրն իր որդուն պատերազմի դաշտ ճանապարհելիս մաղթում էր տուն վերադառնալ, իսկ արդեն պատերազմի դաշտում ազատամարտիկներն ասում էին, թե դավաճան է նա, ով զարկվի, դրանով ամրապնդում էին պատերազմի մասնակիցների միասնականության ոգին։ Կարծում եմ՝ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի երկրորդ Սարդարապատն էր, որովհետև եթե Շուշին չազատագրեինք՝ կկորցնեինք Արցախը, բանակ կազմավորելու ձգտումը։ Այսօր մենք պետք է ստեղծենք եվրոպական ստիլի հզոր բանակ, որպեսզի փոքրաթիվ ուժերով կարողանանք հաղթահարել ցանկացած թշնամու»,- ասաց Աստվածատուր Պետրոսյանը։
Անդրադառնալով Արցախի հարցի հետ կապված ժամանակ առ ժամանակ փոխզիջումների մասին հնչող հայտարարություններին, գեներալ-մայորը համոզմունք հայտնեց, որ երբևէ փոխզիջումներ չեն լինելու, սակայն հայ ժողովուրդն ամեն ինչի պետք է պատրաստ լինի։
«Փոխզիջում չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չեն վերադարձրել Արևմտյան Հայաստանը և մյուս տարածքները։ Քարվաճառում հազար բերդ ու վանք կա, զինվորն այսօր համբուրում է այդ հողը, տղաներն այնտեղ իրենց արյամբ բաներ են գրել։ Երբ Սևրի պայմանագիրը բավարարեն, մենք էլ կմտածենք՝ ի՞նչ զիջենք թշնամուն, բա մեր 450 հազար քաղաքացիները, որոնք սփռվեցինք աշխարհով մեկ, նկատի ունեմ Գանձակը, Սումգայիթը, Բաքուն»,- շեշտեց նա։
Զվարթ Խաչատրյան