«Մրգերն այն աստիճանի են փոշոտվում, որ գնորդ չկա, ո՞վ կուզի փոշոտված այգուց միրգ գնել». «Արագած-պեռլիտ» գործարանը պատուհաս է դարձել համայնքի բնակիչների գլխին
Արագածոտնի մարզի Արագած համայնքում նախորդ տարի շահագործման հանձնված պեռլիտի վերամշակման գործարանը՝ «Արագած-պեռլիտը», պատուհաս է դարձել համայնքի բնակիչների գլխին։ Գործարանը նախկինում աշխատել է ընդհատումներով, իսկ նախորդ տարվանից սկսած՝ իր բնականոն աշխատանքի մեջ է։
Արագածավանի բնակիչների խոսքով՝ գործարանի աշխատանքի հետևանքով գյուղում փոշու ամպեր են կուտակվում, որը վնասում է թե՛ իրենց առողջությունը, թե՛ գյուղմթերքը։
Գործարանը չունի նորմալ սարքավորումներ, որպեսզի փոշին ֆիլտրացնի և վնաս չհասցնի համայնքին։ Ասում են՝ գյուղմթերքի վրա այնքան փոշի է նստում, որ գույնը փոխում է։ Ամբողջ սեզոնին հողի հետ կռիվ են տալիս, բերք մշակում, իսկ սեզոնի ավարտին՝ ամբողջ բերքը թափում։
Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բնակիչների բարձրացրած խնդրին, նշեց, որ 10 տարի է՝ գործարանն առանց ֆիլտրի է աշխատում, բոլոր պատկան մարմիններին դիմել են, պատասխան չկա։
«Երկար ժամանակ է՝ այդ գործարանն աշխատում է, տարածքը վարձակալել է, բայց վարձակալության պայմանագիր չկա, վարձակալության գումարն էլ չեն տվել։ Ու այսքանից հետո գործարանը շահագործող ընկերությունը հիասթափություն է ապրել, ինչ է ասել ենք, որ պարտքեր ունեք։ Քանի անգամ է՝ բնակիչները ոտքի են կանգնել, ստորագրահավաք իրականացրել, բողոքել, բայց բան չի փոխվել»,- ասաց Ա. Պապիկյանը։
Գյուղապետը տեղեկացրեց, որ ժամանակին պեռլիտի գործարանը վաճառվել էր ամերիկացիներին, իսկ հետո նրանք էլ վաճառել են մեկ ուրիշի։
«Ես այս գործարանի դրությունը չեմ հասկանում։ Մի ամիս առաջ գործարանում նոր տնօրեն է նշանակվել։ Գործարանի շահագործումը մեզ համար ցավոտ հարց է, այնքան խնդիրներ կան կուտակված, որ չգիտեմ՝ որից սկսեմ։ Եթե նույնիսկ գործրանում ֆիտր էլ տեղադրեն, մեկ է՝ փոշին մնում է, ու քամին այն բերում է մեր դաշտերի վրա։ Այս խնդիրը գլոբալ լուծում է պահանջում։ Պատկերացրեք՝ ապակին վերցնենք, լավ մանրացնենք, դարձնենք փոշի ու բաց թողնենք օդ, ի՞նչ կլինի»,- ասաց գյուղապետը։
Արագածավանի բնակիչ Արտավազդ Ավչյանի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ այս խնդիրը բարձրացնում են։
«Այնպիսի տպավորություն է, որ այս գործարանն արտոնյալների շարքում է, ինչպես է ստացվում, որ Ալավերդու պղնձաձուլարանի, Թեղուտի հանքի հարցին ուշադրություն են դարձնում, լուծումներ առաջարկում, որպեսզի վնաս չտան մարդկանց և բնությանը, բայց այս գործարանի հարցում անուշադրություն է միայն։ Այս գործարանում այրում են պեռլիտը և ամբողջ փոշին, օրը մոտավորապես 100-150 տոննա հումք՝ արտանետվում է օդ։ Արտանետումն այն աստիճանի է ուժեղ, որ այլևս չենք կարողանում շնչել։ Մոտավորապես 10 հազար բնակչություն ունեցող Արագածավանն այդ փոշին դարձրել է անապատ, էլ չեմ խոսում մարդկանց առողջության և կենդանիների մասին։ Գործարանը կառուցված է գյուղի հարակից տարածքում, քամին որ ուղղությամբ փչում է, այդ ուղղությամբ շնչելն անհնար է։ Գործարանի վերադաս մարմինները պրոֆեսիոնալ ստախոսներ են, արդեն չորս տարի է՝ ասում են՝ երկու ամիս ժամանակ տվեք, խնդիրը կլուծենք։ Նմանօրինակ գործարան կառուցվել է երկու տարի առաջ, մեկ գրամ արտանետում չկա, այնտեղ այդ հարցը լուծել են։ Պեռլիտի գործարանը կառուցվել է Խորհրդային Միության տարիներին, և այժմ այնտեղ գոյություն չունի որևէ ֆիլտրացիոն համակարգ»,- շեշտեց Ա. Ավչյանը։
Նրա խոսքով՝ բնակչությունը չգիտի, թե այսօր ովքեր են այդ գործարանի սեփականատերերը։
«Գյուղում աճեցված ծիրանենին, դեղձենին և այլ մրգեր այն աստիճանի են փոշոտվում, որ գնորդ չկա, ո՞վ կուզի փոշոտված այգուց միրգ գնել։ Սա շատ մեծ խնդիր է, այն գյուղապետի մակարդակով լուծելու հարց չէ։ Գյուղում մոտ 20 հոգի աշխատող կա գործարանում, նրանք ստացած աշխատավարձից մի բան էլ ավելի դեղերի փող են տալիս։ Մոտ երկու ամիս առաջ «Իմ քայլից» պատգամավորներ էին եկել, ազգանունն այս պահին չեմ հիշում, խնդիրը ներկայացրեցինք, խոստացան, որ կանդրադառնան հարցին, խնդիրը կբարձրաձայնեն նաև Կառավարությունում, բայց այդպես էլ անհայտ գնացին»,- նշեց Արտավազդ Ավչյանը։
Մեզ հետ զրույցում գործարանի արտադրության գծով տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը նշեց, որ բանակցություններ են վարում չինացիների և իրանցիների հետ, որպեսզի կարողանան ֆիլտրացիոն համակարգի տեղադրման հարցը լուծել։
«Այս պահին բանակցությունների մեջ ենք, մոտավորապես 2-3 ամիս հետո այդ համակարգն արդեն տեղադրված կլինի։ Ինչ վերաբերում է տարածքի վարձակալությանը, ապա նման բան չկա, գործարանի տարածքը սեփականություն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն անդրադառնալով խնդրին, նկատեց՝ արտադրողը, որն այս կամ այն տարածքում իրականացնում է գործունեություն, առաջին հերթին պետք է պարտավորված զգա հոգալու տեղի բնակչության առողջության և բնության պահպանության հարցերը։
«Համաձայն եմ, որ պեռլիտի վերամշակման արտադրությունը Հայաստանում պետք է ընդլայնվի, սակայն մինչ այդ պետք է ձեռնարկվեն բոլոր կարգի միջոցառումները, որպեսզի մարդկանց ու բնությանը չվնասեն։ Երևի գիտեք, Եղվարդում կառուցել են նավթի վերամշակման գործարան, որի կառուցումը տվյալ վայրում բոլորովին անթույլատրելի էր։ Եթե պեռլիտի գործարանում գազերը որսացող ֆիլտրացիոն համակարգեր տեղադրեն, վստահ եմ, որ տեղի բնակիչները որևէ բողոք չեն ունենա, արտադրողը շահույթ կստանա, բնակչությունն էլ աշխատատեղ կունենա։
Ես դեռևս չգիտեմ, թե այս գործարանում պեռլիտը վերամշակելիս ինչ նյութեր են օգտագործում, բայց, որ պեռլիտի փոշին վտանգավոր է մարդու առողջությանը և կարող է առաջացնել բազմաթիվ հիվանդություններ՝ դա անառարկելի է»,- ընդգծեց Հ. Սանասարյանը։
Զվարթ Խաչատրյան
Լուսանկարները՝ hetq.am-ի