Բաժիններ՝

ԱԱԾ-ն բողոքարկելու է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ գործով դատարանի որոշումը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բողոքարկելու է դատարանի որոշումը, ըստ որի ԱԱԾ-ն խախտել է անմեղության կանխավարկածը Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով այն հարցին` բողոքարկելո՞ւ են դատարանի որոշումը, թե ոչ: 

«Այո, բողոքարկելու ենք»,- ասաց Վանեցյանը:

2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ, որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խմբի դիտարկմամբ` նշված հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Պաշտպանները բողոք էին ներկայացրել դատարան:

Ապրիլի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս