««ՍանիԹեքը» տուգանվելուց հետո աշխատանքները մի փոքր բարելավել է». Հայկ Մարության
Քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հայտարություններին, որ քաղաքապետը տարբերակում է դնում խմբակցությունների միջև, վստահեցրեց՝ նման բան չկա։
«Ավագանու անդամներն ընդամենը պետք է իմանան իրենց, քաղաքապետի և քաղաքապետարանի լիազորությունները։ Շատ հաճախ «Իմ քայլը» խմբակցության անդամներն ասում են, թե ինչու չգիտեին, որ աղբահանության հետ կապված՝ պետք է ձեռք բերենք մեքենաներ, նույն պատասխանը նաև իրենց եմ տալիս՝ յուրաքանչյուրը պետք է աշխատի և գործի իր լիազորությունների սահմաններում»,- նշեց Երևանի քաղաքապետը։
Հարցին՝ քաղաքացիները մաքուր Երևանի հույսեր ունենա՞ն, քաղաքապետը պատասխանեց, որ անպայման ունենալու են և այժմ դրա ճանապարհին են։
Հաջորդ հարցին՝ «ՍանիԹեքին» տուգանելուց հետո ինչպե՞ս է ընկերությունն աշխատում, արդյո՞ք գոհ է վերջինիս աշխատանքներից, Հայկ Մարությանը պատասխանեց, որ ընդհանրապես գոհ չէ, բայց տուգանելուց հետո աշխատանքները մի փոքր բարելավվել է։
«Աղբահանության հետ կապված մենք իրականացնում ենք համալիր լուծումներ, սկզբում «ՍանիԹեք» ընկերությանն ասվել էր, որ, եթե ապահովեն նորմալ աշխատանք, ապա մենք միայն ուրախ կլինենք, որից հետո ամենօրյա ռեժիմով սկսեցինք նրանց հետ աշխատել, բայց տեսանք, որ թերանում են։ Մենք փորձել ենք նրան օգնել, ամեն ինչ արել ենք, որպեսզի ոտքի կանգնի, քանի որ ընկերությունն է ասել, որ շատ վատ վիճակում է։ Այդուամենայնիվ, տեսնում ենք պատկերը, որը կա, բավարար չէ, և դրա համար ձեռնարկում ենք այն միջոցառումները, որը տեսնում եք»,- շեշտեց Հայկ Մարությանը։
Զվարթ Խաչատրյան