Գառնիկ Իսագուլյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին

Այսօր հրավիրված ասուլիսում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, որովհետև մարդիկ կային, որոնք միայն այս իրավիճակում դրսևորեցին իրենց իրական կերպարը:

«Մարդիկ կան, որ իրենց ամբողջ կենսագրության, դիզած հարստության, բաձր պաշտոն զբաղեցնելու համար պարտական են բացառապես Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Հեղափոխությունը բացահայտեց դավաճաններին ու մատնիչներին, որ այլ պարագայում դժվար թե բացահայտվեին: Սերժ Սարգսյանն ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ։ Արդյո՞ք դա ուղերձ չէր հենց Նիկոլ Փաշինյանին. Նիկո՛լ, մի արա այն սխալները, որ արել եմ ես։ Եվ այդ սխալները վերաբերում են ոչ թե ՀՀ ճակատագրին, այլ զուտ մարդկային հարաբերություններին։

Բայց Նիկոլը հենց առաջին օրվանից սխալներ է կատարում, դավաճաններին հավաքում է իր կողքը։ Նման մարդիկ հիմնականում սուտ են խոսում, և նման կարգի մարդկանցով, բնականաբար, հայրենիքդ հեռու չես կարող տանել, երկիրը զարգացնել չես կարող: Երբ ժամանակին ընդհատակից դուրս էի եկել, շատ էի ուզում հանդիպել Վազգեն Սարգսյանին, երբ նա վարչապետ էր: Թերթերից մեկում գրել էի, որ չի բացառվում՝ փոքրաթիվ զինված խումբ գա ու փորձի վերացնել Վազգեն Սարգսյանին ու ղեկավարությանը:

Երկու հոգի ինձ խանգարեցին, որ չհանդիպեմ նրան. Անդրանիկ Քոչարյանն ու Վահան Շիրխանյանը: Այդ մարդիկ շատ վտանգավոր են, պարո՛ն Փաշինյան, ես մեկ անգամ արդեն ասել եմ, որ Ձեզ սպառնում է նույնը, եթե ուշի ուշով չհետևեք այս մարդկանց շարժերին:

Կարդացեք նաև

Սա իմ պայծառատեսության ու վերլուծություններից ելնելով եմ ասում, քանի որ տեսնում եմ, թե ինչ ընթացքով են գնում և ուր են տանում: Այդ մարդիկ կարծում են, թե իրենք շատ ավելի խելոք, ունակ են, լավ կղեկավարեն Հայաստանը, քան Նիկոլ Փաշինյանը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Փաշինյանին են պարտական, որ հայտնվել են Ազգային ժողովում կամ ազատության մեջ»,- նկատեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:

Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին «Վահան Հովհաննիսյան+31» հայտնի գործի շրջանակներում եղել է ընդհատակում։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս