Բաժիններ՝

«Մեկնել էի՝ միայն հաղթելու համար». Արսեն Հարությունյան

Հայաստանի՝ Եվրոպայի առաջնություն մեկնած ազատ ոճային ըմբիշների թիմը վերադարձել է հայրենիք: 6 տարի դադարից հետո հայ ազատոճայինների հավաքականն ունի Եվրոպայի չեմպիոն՝ ի դեմս 19-ամյա Արսեն Հարությունյանի:

Բուխարեստում անցկացվող Եվրոպայի առաջնությունը մեծահասակների առաջին մրցաշարն  էր հայ ըմբիշի կարիերայում:

1/4 եզրափակչում Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշ Ռեջեփ Թոփալին: Կիսաեզրափակչում ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին Արսեն Հարությունանը պարտվում էր, բայց արդյունքում հաղթեց 14:8 հաշվով: Նման բան տեղի ունեցավ նաև եզրափակչում: Արսեն Հարությունյանը պարտվում էր վրացի Բեկա Լոմտաձեին 8:0 հաշվով, սակայն արդյունքում հաղթեց 17:8 հաշվով: Արդեն գոտեմարտերից հետո Արսենը նշում է, որ սա իր մարտավարությունն է. առաջին 3 րոպեներին նա հոգնեցնում է հակառակորդին, այնուհետև՝ անցնում գրոհի:

168.am-ի հետ զրույցում Արսեն Հարությունյանը պատմում է, որ հաղթանակն իրեն պարգևել է անբացատրելի զգացմունքներ, բայց ինքը հավատում էր հաղթանակին:

Կարդացեք նաև

«Նման արդյունքը սպասելի էր: Այո, հավատում էի չեմպիոնությանը: Մեկնել էի միայն հաղթելու համար»:

Արսեն Հարությունյանը նշում է նաև, որ բոլոր մրցակիցների դեմ մենամարտերին նույն կերպ է պատրաստվել, և չկար տարբերություն՝ հակառակորդը թուրք է, թե այլ ազգության ներկայացուցիչ:

Հաջորդ մրցաշարերի մասին Արսենը դեռ չի մտածում և նշում է, որ իր մարզիչներն են որոշելու, թե որտեղ է ավելի նպատակահարմար իր մասնակցությունը:

Ինչպես նշեցինք, Արսեն Հարությունյանը դեռ 19 տարեկան է և առաջին անգամ էր մասնակցում նման մրցաշարի: Ըմբշամարտով Արսենը զբաղվել է փոքր տարիքից Մասիս քաղաքում: Այժմ նա մարզվում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում՝ անձնական մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ։

2018 թվականի օգոստոսին Հռոմում ընթացող ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի եզրափակիչում 11։6 հաշվով հաղթանակ տանելով ուկրաինացի Անդրեյ Ջելեպի նկատմամբ՝ հռչակվեց ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:

2018-ի սեպտեմբերին Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում գերազանցեց Հարավային Կորեան ներկայացնող Հյեոնսու Չոյին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս