«Պարոն Քոչարյանը շատ ավելի հանգիստ արձագանքեց դատարանի որոշմանը, քան մենք՝ պաշտպաններս». Հայկ Ալումյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել էր մեղադրող Պետրոս Պետրոսյանը:

Դատական նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ներկա լրագրողներին տեղեկացրել էր, որ, դատարանը, անտեսելով բոլոր հնարավոր նորմերը, որոնք կարող էր անտեսել, շարունակեց Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։

«Պարոն Քոչարյանը շատ ավելի հանգիստ արձագանքեց դատարանի որոշմանը, քան մենք՝ պաշտպաններս։ Դատարանի որոշումը ստանալուց հետո անպայման բողոքարկելու ենք։ Առաջին ատյանի դատարանի որոշումն առհասարակ իր մեջ ոչինչ չէր պարունակում, և մեր բողոքներից մեկի հիմքը հենց դա էր, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է ընդհանրապես չպատճառաբանված դատական ակտ։ Բայց վերաքննիչ դատարանի վրա դա տպավորություն չթողեց»,- ասաց Հայկ Ալումյանը։

Կարդացեք նաև

Նա նշեց նաև, որ դատարանների փաստարկը կայանում է նրանում, որ մնալով ազատության մեջ՝ իր պաշտպանյալը կարող է խոչընդոտել քննությանը, այնինչ քննությունն արդեն ավարտվել է, ինչն իրավացիորեն նկատեցին լրագրողները։

«Ի դեպ, Եվրոպական դատարանը հենց նույն տեսակետն է կիսում, որ միայն քննության սկզբնական փուլերում է քննությանը խոչընդոտելու հավանականությունը էական դեր խաղում։ Քննության ավելի ուշ փուլերում դա արդեն էական դեր չի խաղում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանը մերժել է նաև դատախազի բերած բողոքը՝ փաստելով, որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում կաշառքի մասով հիմնավոր կասկածը բացակայում է։

Ըստ Հայկ Ալումյանի՝ դատախազների բերած փաստարկներից մեկը երեկ այն էր, որ իրենք 0038 հրամանի մասին իմացել են ընդամենը մեկ տարի առաջ, և դրա համար նոր են սկսել բացահայտել։

«Մոտավորապես այս մակարդակի իրավական վեճ էր ծավալվել։ Կամ դատախազներից մեկը, անդրադառնալով մեր փաստարկներից մեկին, այն է՝ 300.1 հոդվածը, որը նախագահ Քոչարյանին հիմա մեղսագրված է, 2008 թ. գոյություն չուներ, իսկ 2008 թ. գոյություն ունեցող 300-րդ հոդվածի համեմատ՝ անձի վիճակը վատթարացնող հոդված է, հետևաբար՝ չի կարող մեղսագրվել պարոն Քոչարյանին բոլոր պարագաներում, և օրինակ էինք բերել, որ 7 անձի նկատմամբ՝ Մյասնիկ Մալխասյան, Ալեքսանդր Արզումանյան և այլն, նույն Դատախազությունը 2009թ. քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում էր կայացրել՝ հենց հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 300.1 հոդվածը 2008թ. գործող նորմի համեմատ վիճակը վատթարացնող նորմ է, խստագույնս քննադատեց այն դատախազներին, ովքեր 2009թ. այդ որոշումն են կայացրել, և ասաց՝ ես չեմ էլ հասկանում՝ ինչու էին այն ժամանակ այդպիսի որոշում կայացրել»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։

Հայկ Ալումյանի համոզմամբ՝ դատախազը դատարանում հանդես է գալիս ոչ թե՝ իր, այլ Դատախազության անունից, և Դատախազությունը փաստորեն այսօր ասում է, որ ինքը չի հասկանում, թե ինչու է 2009թ. Դատախազությունն այդպիսի որոշում կայացրել։ Սա, ըստ պաշտպանի, անհեթեթության գագաթնակետն է, բայց այս ամենով հադերձ՝ մեր դատարաններն առաջնորդվում են «գործի նյութերն ուսումնասիրիր, բայց կալանքը, ուզես-չուզես, պետք է տաս» սկզբունքով։

«Գործի նյութերից մենք առանձնացրել ենք ցուցմունքներ, որոնցով իսպառ հերքվում են մեղադրանքները։ Մի հատ ցուցմունք են գտել Արշակ Կարապետյանի (ներկայումս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական.- Ա.Վ.), ով ասում է, որ փետրվարի 24-ից հանձնարարվել է մտցնել արտակարգ դրություն, ու ցուցմունքի հիման վրա փորձում են դա ապացուցել, ինչը ցուցմունքով ընդհանրապես չի կարող հաստատվել կամ հերքվել։ Բոլոր բառախաղերը նպատակ ունեն մոլորության մեջ գցել լրագրողներին ու նրանց միջոցով՝ հասարակությանը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ թե Վարդան Օսկանյանի, թե Արմեն Գևորգյանի, և թե շուրջ 200 վկաներից յուրաքանչյուրի ցուցմունքներով հիմնավորվում է այն, ինչ իրենք արդեն 8 ամիս է, որ ասում են։

Հայկ Ալումյանը տեղեկացրեց նաև, որ Վճռաբեկ դատարանը մերժել է իրենց՝ 2018թ. դեկտեմբերի 7-ի դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել, որով Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց։

Տեսանյութեր

Լրահոս