Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պարտավոր կլինի դուրս գալ ԵՄ-ից հունիսի 1-ին, եթե հրաժարվի Եվրախորհրդարանի ընտրություններից

Մեծ Բրիտանիան պարտավոր կլինի հունիսի 1-ին լքել Եվրամիությունը, եթե հրաժարվի Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ի ընտրություններից: Այդ մասին ասված է ԵՄ-ի 27 երկրների հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում կայացած արտակարգ գագաթնաժողովի արդյունքներով:

«Մինչեւ հոկտեմբերի 31-ը հետաձգման վերաբերյալ սույն որոշումը դադարում Է կիրառվել 2019 թվականի մայիսի 31-ին այն դեպքում, եթե Միացյալ թագավորությունը Եվրախորհրդարանի ընտրություններ չանցկացնի ԵՄ-ի գործող օրենսդրությանը համապատասխան եւ մինչեւ 2019 թվականի մայիսի 22-ը չվավերացնի դուրս գալու մասին համաձայնագիրը»,- նշվում է դրանում:

Փաստաղթղում ընդգծվում է, որ ԵՄ-ն հետաձգման ժամանակաշրջանի ընթացքում ակնալում է Մեծ Բրիտանիայի «կառուցողական ու պատասխանատու գործելակերպը» հանրակցության կողմից որոշումների ընդունման գործընթացում: «Միացյալ Թագավորությունը պետք է օժանդակի Եվրամիության խնդիրների կատարմանը եւ ձեռնպահ մնա ցանկացած այնպիսի միջոցառումներից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել ԵՄ-ի նպատակների իրագործումը, մասնավորապես, որոշումների ընդունման գործընթացներում»,- նշվում է դրանում:

Վերջին հայտարարությունն արվել է առաջիկա եվրոպական ընտրությունների եւ Եվրահանձնաժողովի կազմի փոփոխման կապակցությամբ: Այսպես, Բրյուսելը զգուշանում է, որ Մեծ Բրիտանիան կարող է խոչընդոտել Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդի նախագահների պաշտոններում որոշակի թեկնածուների նշանակմանը: Ընդսմին ԵՀ-ի եւ Եվրախորհրդի ներկայիս ղեկավարներ Ժան Կլոդ Յունկերը եւ Դոնալդ Տուսկն ամփոփիչ մամուլի ասուլիսում ընդգծել են, որ վստահում են Լոնդոնին:

Ավելի վաղ ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովում հանրակցության 27 երկրների ղեկավարները որոշում են ընդունել Brexit-ի ամսաթիվը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 31-ը եւ իրադրությունը միջանկյալ ռեժիմով քննարկել Եվրամիության՝ հունիսին կայանալիք հերթական գագաթնաժողովում:

«ԵՄ-ի գագաթնաժողովը Մեծ Բրիտանիային ճկուն հետաձգում տրամադրեց մինչեւ հոկտեմբերի 31-ը, մինչ այդ Մեծ Բրիտանիան դեռ վեց ամիս ունի: Դա բավարար ժամանակ է, որի ընթացքում նա կարող է վավերացնել դուրս գալու համաձայնագիրը, այդ դեպքում հետաձգումն ինքնաբերաբար կավարտվի (եւ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա կազմակերպված ռեժիմով): Բայց նա կարող է նաեւ լիովին վերանայել դուրս գալու որոշումը եւ հետ կանչել Brexit-ի վերաբերյալ ծանուցումը: Եթե նա չվավերացնի դուրս գալու համաձայնագիրը, այդժամ մեզ սպասում է «կոշտ» Brexit առանց գործարքի»,- հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս