Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 9-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։
Քննարկվել է նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։