Բաժիններ՝

«Պետք է տեսնել՝ քաղաքացու տոնն ընկալվո՞ւմ է քաղաքացիների կողմից, եթե ոչ՝ ապա կարելի է հրաժարվել դրանից». Միքայել Զոլյան

Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, որ քաղաքացու օր է սահմանվում ապրիլի վերջին շաբաթ օրը:

Ըստ նրա՝ եթե այն համընկնի ապրիլի 24-ի հետ, ապա կտոնվի կիրակի օրը: Նա նշեց, որ շաբաթ օրն ընտրվել է՝ հաշվի առնելով այն, որ մեր օրացույցում արդեն շատ են ոչ աշխատանքային օրերը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ խմբակցությունում քննարկել են, սկզբունքորեն դեմ չեն, սակայն հասկանալի չէ, թե ինչու է նախագիծը հրատապ կարգով բերվել:

«Քաղաքացին ամեն օր իրեն պետք է զգա պաշտպանված»,- ասաց նա՝ հավելելով, որ ավելի հիշարժան օրեր կան, օրինակ՝ բազմաթիվ քաղաքացիներ են դիմել՝ խնդրելով ապրիլի 2-ը ճանաչել հիշատակի օր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով՝ պետք է տեսնել՝ տոնն ընկալվո՞ւմ է քաղաքացիների կողմից, եթե ոչ՝ ապա կարելի է հրաժարվել դրանից:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս