Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ

Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ապրիլի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ֆրանկոֆոն երկրների դեսպանների ուշադրությունը հրավիրեց նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի և հարակից միջոցառումների արդյունքների վրա: Այդ համատեքստում ֆրանկոֆոն երկրների դեսպանները շնորհավորեցին Հայաստանին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի հաջող կազմակերպման և անցկացման կապակցությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց գագաթաժողովում Հայաստանի երկամյա նախագահության առաջնահերթությունները, դրանց շարքում առանձնահատուկ ընդգծելով ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցության տնտեսական բաղադրիչի խթանումը՝ այդ թվում համապատասխան միջոցառումների և ծրագրերի իրականացումը։

Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ պաշտոնական այցը Եթովպիա ի ցույց է դնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու Հայաստանի հանձնառությունը, իսկ Ֆրանկոֆոնիան մտքերի և արդյունավետ փորձի փոխանակման հենց այն ամուր հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում գործուն քայլեր ձեռնարկել վերսկսելու ակտիվ երկխոսություն ֆրանկոֆոն արժեքները կիսող աֆրիկյան երկրների հետ:

Արտգործնախարարն ընդգծեց, որ «Ապրել միասին» կարգախոսի ներքո Հայաստանը մտադիր է գագաթաժողովում իր նախագահության ընթացքում նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը, ինչպես նաև ֆրանկոֆոն հասարակությունների միասնության և ֆրանկոֆոն տարածքում խաղաղության և բարօրության առավել ամրապնդմանը: Այդ համատեքստում շեշտվեց, որ վերոգրյալ նպատակների և առաջնահերթությունների կյանքի կոչման համար Հայաստանը պատրաստակամ է սերտ համագործակցությամբ աշխատել միջազգային այլ կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության հետ:

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Երևանյան գագաթաժողովը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության արժեքներին, որոնց հիմքում ընկած են մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդասիրությունը, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի, ֆրանկոֆոն արժեքների տարածումը, երիտասարդների ներգրավվածության բարձրացումը, թվային օրակարգի առաջմղումը, կանանց ու տղամարդկանց իրավահավասարության ապահովումը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ֆրանկոֆոն երկրների դեսպանները հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, ֆրանկոֆոնիայի առջև ծառացած խնդիրների և դրանց միասնաբար արձագանքելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930