«Միայն հիշում եմ, որ 2018թ. իրադարձությունների ժամանակ քննիչ Նավոյանն իրավապահ համակարգի այն աշխատողներից էր, ովքեր աջակցություն էին հայտնել ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին». Փաշինյանը ցուցմունք է տալիս
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով կալանավորված, ապա 1 մլն դրամ գրավով ազատ արձակված, Մանախ մականունով Արթուր Այվազյանի գործով դատական նիստը։
Այսօր դատարանում ցուցմունք էր տալիս այդ գործով վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախագահող դատավորը, ըստ կարգի, նախ վկային բացատրեց իր իրավունքներն ու պարտականությունները, որից հետո վկա Փաշինյանը սկսեց ցուցմունք տալ։
Նա նշեց, որ ճանաչում է այդ գործով տուժող Հայկ Սարգսյանին, ով 2017թ. խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի պետն է եղել, և որի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել մինչև միջադեպը։ Ամբաստանյալ, Մանախ մականունով Արթուր Այվազյանին առաջին անգամ է հանդիպում, բայց երբ ինքն ԱԺ պատգամավոր էր, նրանից նամակներ է ստացել. Գիտի այդքանով։
«2017թ. մարտի 31-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը (ես տանն էի այդ ժամանակ, երևի երեկոյան ժամը 10-ի կողմերը կլիներ), զանգեցին ինձ, եթե չեմ սխալվում՝ Ալեն Սիմոնյանն էր, և ասաց, որ մեր տղաների վրա հարձակում է տեղի ունեցել։ Այդ օրը ես մտել էի նախընտրական շտաբ, տեսել էի, որ բավականին շատ չբաժանված բուկլետներ կան, և խնդրել էի դրանք բաժանել, ու գիտեի, որ նրանք դրանով են զբաղված։ Ես փորձեցի զանգել Հայկին, հեռախոսը չպատասխանեց, հետո Ալենի միջոցով ասացի, որ ինձ զանգեն դեպքի վայրում գտնվողները։ Ես ասացի, որ լքեն դեպքի վայրն ու գան նախընտրական շտաբ, որովհետև մտածում էի, որ ավելի մեծ մասշտաբի միջադեպից խուսափելու համար ճիշտ կլինի, որ նրանք այդ տարածքում չլինեն։ Հագնվեցի ու գնացի նախընտրական շտաբ, ուր ինձ պատմեցին, որ, երբ իրենք շենքում են եղել, իջել են ու տեսել, որ իրենց շարժական «Ֆորդ» մակնիշի նախընտրական շտաբի վրայի դրոշը չկա, իսկ իմ նկարի վրա ներկ է լցրած։ Ու երբ հարցրել են, թե ուր է դրոշը, այնտեղ հավաքված քաղաքացիներից մեկն ասել է՝ ես եմ տարել, և ասել է, թե ի՞նչ իրավունք ունեն մեր տղաներն այդ դրոշն օգտագործել։ Խոսքը ՀՀ պետական դրոշի մասին է եղել։ Խոսակցությունը եղել է սրա շուրջ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա ցուցմունքի՝ իրենց տղաները պահանջել են հետ դրոշը, այդ քաղաքացիներից մեկը հարվածել է Հայկ Սարգսյանին, որին, բնականաբար, միջամտել են իր շտաբի տղաները, փորձել են կանխել հետագա հարվածները, և այդ պրոցեսի ընթացքում այդ անձը հանել է զենքը և պահել Հայկի վրա։
«Ներկաներից մեկն արագ արձագանքել է, խփել է նրա ձեռքին, և զենքն ընկել է։ Զենքը վերցրել են ու դեպքի վայրից հեռացել, որից հետո, երբ ես իմացել եմ, որ զենքը տղաների մոտ է, ասել եմ՝ ցույց տան այն, առանց զենքին դիպչելու՝ անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն, պատմել, թե ինչ է եղել, ու ասել, որ «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի մոտ սպասում ենք, որ ոստիկանությունը գա և արձանագրի, որից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթեր եմ մտել, ցուցադրել եմ զենքը, ցուցադրել եմ՝ ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ, որից հետո նաև պատմել եմ այն, ինչ որ ինձ փոխանցել են։ Իհարկե, էդտեղ Հայկ Սարգսյանը հրաժարվեց, որ իրեն ուղիղ եթերով ցույց տամ, որովհետև իր վրա ակնհայտ վնասվածքներ կար։ Ես տեսա, որ զենքի մեջ մարտական փամփուշտներ էին։ Չեմ հիշում, թե զենքն ինչպես եմ ոստիկանությանը հանձել»,- շարունակեց ՀՀ վարչապետը։
Նա նաև նշեց, որ լավ չի հիշում, բայց կարծես թե ոստիկանությունն այդպես էլ չեկավ Տերյան հասցե, ու ինքն է գնացել դեպքի վայր, հետագայում՝ նաև Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժին, և, եթե չի սխալվում, զենքն այնտեղ է հանձնել ոստիկաններին։
Մեղադրող կողմի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարձակումը հաստատ տեղի է ունեցել Հարավ-Արևմտյան թաղամասում, և, եթե իր հիշողությունն իրեն չի դավաճանում, այն տեղի է ունեցել Զորավար Անդրանիկից դեպի աջ ընկած թաղամասի բակերից մեկում։
Այն հարցին, թե իրեն տեղեկացրե՞լ են արդյոք, թե բուն միջադեպն ինչից է առաջացել, արդյո՞ք միայն իր նշած դրոշի պատմությունն է եղել պատճառը, վարչապետն ասաց, որ իրեն ասել են՝ այնտեղ խոսակցության մեջ եղել է դրվագ, որ՝ ի՞նչ իրավունք ունեք այս դրոշն օգտագործեք, և այդ թեմայով ակտիվ խոսող անձն ասել է, որ այդ դրոշը տարել ու դրել է իր ընկերոջ գերեզմանի վրա։ Իրեն նաև ասել են, որ այդ անձի մասին խոսելիս օգտագործվում էր Մանախ մականունը։
Քանի որ դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ, ու ինքը շատ մանրամասներ կարող է չհիշել, Վարչապետը խնդրեց, որ իր ցուցմունքները համեմատեն իր նախաքննական ցուցմունքների հետ. ինքն այն ժամանակ շատ մանրամասն ցուցմունք է տվել։
Վկային հարցեր ուղղելու իրենց հնարավորությունը ստանալով՝ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախ նշեց, որ թեպետ մեղադրող կողմն էր պնդել, որ Նիկոլ Փաշինյանը ներկայանա դատարան ու ցուցմունք տա, սակայն իրենք այդպես էլ չլսեցին ըստ էության հարցեր, ապա ուղղեց իր հարցերը։
Հարցին, թե ինչպես վկան հասկացավ, որ զենքի միջի փամփուշտները մարտական էին, վերջինս ասաց, որ դա թմբուկավոր ատրճանակ էր, ռևոլվեր, և եթե նայեն իր ուղիղ եթերն այն ժամանակվա, երբ նայում ես փողի կողմից, թմբուկի անցքերի մեջ գնդակավոր փամփուշտներ են երևում, այսինքն՝ ոչ մարտական փամփուշտն այլ կերպ է լինում, առջևում սեղմվածություններ է ունենում, իսկ սրա դիմաց գնդակը երևում էր։
Պաշտպանի հաջորդ հարցն այն մասին էր, թե վկան, գործը վարող քննիչ Սուրեն Նավոյանի հետ, բացի քննիչ-վկա հարաբերություններից, այլ հարաբերություններ ունեցե՞լ է արդյոք կամ ունի՞ առ այսօր։
«Քննիչ Նավոյանի հետ այդ գործի հանգամանքների շրջանակում որևէ այլ հարաբերություն չեմ ունեցել, միայն հիշում եմ, որ 2018թ. իրադարձությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, քննիչ Նավոյանն իրավապահ համակարգի այն աշխատողներից էր, ովքեր աջակցություն էին հայտնել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Նավոյանի հետ մինչև նախաքննությունը շփում չի ունեցել, նախաքննության ընթացքում հարցաքննել է, նախաքննությունից հետո, հնարավոր է՝ զանգ եղած լինի իրենց մեջ. Վստահ չէ, դա պետք ստուգել, իսկ հաջորդ շփումը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում, երբ քննիչն անձամբ է իրեն մոտեցել։
Դատավորի այն հարցին, թե ինչ նկատառումներով են պայմանավորված իր հարցերը, պաշտպան Ալումյանն ասաց, որ քննիչի վերաբերմունքը վկայի նկատմամբ քննիչի անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանք կարող է հանդիսանալ, որովհետև իր հարցն ավելի խորը ենթատեքստ ունի։
«Քննիչը ոչ թե աջակցություն է հայտնել պարոն Փաշինյանին հանրահավաքի ժամանակ, քննիչն աջակցություն է հայտնել նաև պարոն Փաշինյանի կողմից ղեկավարած քաղաքական ուժին, և ես հիմա հարցնելու եմ նաև իրենց հեռախոսային բովանդակության մասին, որքանով որ պարոն Փաշինյանը կհիշի։ Դրանք շատ կարևոր են, որովհետև, տեսեք, մեղադրյալ Արթուր Այվազյանը հանկարծ տեսնում է, որ քննիչը, որն իր գործը քննել է, իր աջակցությունն է հայտնում պարոն Փաշինյանի քաղաքական ուժին, և դուք էլ գիտեք, որ այս դեպքի բոլոր մասնակիցները, բացի Արթուր Այվազյանից, այդ ուժի ներկայացուցիչներն են եղել»,- պարզաբանեց Հայկ Ալումյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ինքը չի առարկում և կարող է պատասխանել բոլոր հարցերին հնարավոր, առավել մանրամասնությամբ։ Ինքը դատարանից թաքցնելու ոչինչ չունի։
«Այդ օրերին Հանրապետության հրապարակում եղել են տասնյակ քննիչներ, ոստիկաններ, չեմ բացառում, դատավորներ, ամբաստանյալներ, պաշտպաններ, դատախազներ, այնպես որ, այդ օրերին հրապարակում տեղի ունեցողը ճիշտ չի ներկայացնել՝ որպես իմ անձի կամ մեր քաղաքական ուժի հետ ամփոփվող իրադարձություն։ Նավոյանը ոնց որ ասաց՝ դիմում եմ գրել, թե աշխատանքից եմ դուրս եկել… չեմ հիշում»,- ասաց Ն. Փաշինյանը։
Ինչ վերաբերում է իրենց միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությանը, ապա, եթե չի սխալվում, այդ խոսակցությունը կապված է եղել ընթացակարգային ինչ-որ խնդրի, նախաքննության ավարտի կամ նման այլ հարցի հետ։ Ենթադրում է, որ այդ զրույցի նախաձեռնողն ինքն է եղել։
Պաշտպանի այն հարցին, թե տեղյա՞կ է արդյոք վկան այն մասին, որ ամբաստանյալ Արթուր Այվազյանի շորերը քննիչի կողմից առգրավվել են, որևէ բան չի արձանագրվել, որ գրպաններում որևէ բան կա, բայց երբ այդ հագուստները հայտնվել են փորձագետի մոտ, պարզվել է, որ բազմաթիվ փամփուշտներ են առկա գրպաններում, և դրա վերաբերյալ փորձագիտական եզրակացություն է տրվել, վկա Փաշինյանն ասաց, որ վստահ չէ, որ այդ մանրամասներից տեղյակ է։
Ամբաստանյալ Արթուր Այվազյանը ձեռնպահ մնաց վկային հարցեր ուղղելուց, որպեսզի իր ներկայացմամբ՝ զերծ մնա քաղաքական շահարկումներից։
Սրանով վկա Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունն ավարտվեց։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում Արթուր Այվազյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է մեղադրական կողմի վկան, և նրա ցուցմունքները չեն կարող էական նշանակություն ունենալ այս գործի իրական հանգամանքների բացահայտման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։