Տուժող բժշկի ցուցմունքները տարբերվում էին նրա նախաքննական ցուցմունքներից
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբավորման 10 անդամների գործով դատական նիստը։
Դատարանում այսօր ևս շարունակվեց տուժողների հարցաքննությունը։ Այսօրվա նիստում ցուցմունք տվեց տուժող Հովհաննես Հովհաննիսյանը։
Վերջինս դատարանին հայտնեց, որ մասնագիտությամբ բժիշկ է և դեպքի ժամանակ աշխատել է՝ որպես շտապ բուժօգնության բժիշկ, սույն գործով անցնող անձանցից որևէ մեկի հետ որևէ հարաբերության մեջ չի գտնվում։
«Այդ օրը հերթապահ ենք եղել, ոստիկաններից ասացին՝ վիրավոր կա, մտեք, մտել ենք։ Ներսում վիրավորներ կային, Սմբատն ու Մխիթարն էին, մեկը որովայնից էր վիրավոր, մյուսը՝ ոնց որ ճակատային հատվածից։ Առաջին բուժօգնություն եմ ցուցաբերել, հետո մնացել եմ։ Երեկոյան հերթափոխ է եղել, դրանից մեկ օր հետո նորից մտել եմ»,- ասաց շտապօգնության տուժող աշխատակիցը՝ հավելելով, որ ներսում տեսել է բոլորին, ու ում որ տեսել է, զինված են եղել։
Տուժողը դժվարությամբ պատասխանեց այն հարցին, թե ինչու է բուժօգնություն ցուցաբերելուց հետո մնացել գնդի տարածքում, և միայն ճշտող հարցերից հետո դժկամորեն կամ, թերևս, ինչ-ինչ պատճառով չցանկանալով պատասխանել՝ ասաց, որ իրեն ներսից են ասել, որ մնա, կարող են դուրս գալ միայն այն ժամանակ, երբ իրենց փոխարինող խումբ կգա, իր նկատմամբ սպառնալիք գնդի տարածքում չի եղել։ Տեսել է նաև, որ Երևան քաղաքի ոստիկանապետի նախկին տեղակալ Վալերի Օսիպյանը և Հանրապետության փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եղել են տղաների հետ։
Դատավոր Մակյանը Հովհաննես Հովհաննիսյանին տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը նրան տուժող է ճանաչել՝ համարելով, որ նա իր նշած ժամանակահատվածում պատանդառված է եղել և գտնվել է գնդում։ Դատարանը նրանից դիմում է ստացել, որում ինքն իր դիրքորոշումն է հայտնել 2008թ. ընդունված համաներման ակտի վերաբերյալ, որում նշել է, որ չի առարկում, որպեսզի սույն գործով անցնող ամբաստանյալները համաներվեն։
Տուժողը հայտնեց, որ իր դիրքորոշումը չի փոխվել։
Մեղադրող կողմը, սակայն, նշեց, որ տուժողի նախաքննական ցուցմունքները տարբերվում են այսօր դատարանում նրա հայտարարածից։ Առաջարկվեց լսել նախաքննական ցուցմունքները։