««Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ը Հայաստանի բանաձևը չի եղել երբեք, որևէ իշխանության ժամանակաշրջանում». Էդմոն Մարուքյան

«Այս պահին մեր ունեցածը հրապարակային տեղեկատվություն է։ Մենք մի քանի հարց ունենք, որոնց հրապարակային պատասխանները, կարծում եմ, չեն տրվել։ Խոսքը գնում է հայկական օրակարգի՝ 3 տարրերի և 6 սկզբունքների մասին, որոնց մասին տեղեկություն չեղավ։ Մնացած մասով դրական արձագանքներ կան, և մենք նույնպես կարծում ենք, որ դրական է այն, որ բանակցությունները կշարունակվեն։ Չեմ բացառում, որ կփորձենք նաև գաղտնիության ռեժիմով տեղեկատվություն ստանալ, որովհետև կարծում եմ, որ գոնե խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերը պետք է տեղյակ լինեն պրոցեսներից»,- անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպման իրենց գնահատականին ու Փաշինյանի, Ալիևի և Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հարցին, թե՝ հնարավոր համարո՞ւմ եք նոր փաստաթղթի քննարկումը՝ հաշվի առնելով այն, որ տարիներ շարունակ քննարկվող սկզբունքները որևէ եզրահանգման չեն բերել, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ինքը տեղեկություն չունի, որ հիմա հին փաստաթղթի շուրջ են բանակցում, և բանակցային վերջին փաստաթուղթը հրամցվո՞ւմ է կողմերին, թե՞ ոչ։

«Այն, որ կարելի է գնալ և նոր սկզբունքների, և նոր տարրերի ձևակերպման կամ նոր մեկնաբանությունների արձանագրման, միանշանակ կարելի է և արժե այդպես անել, և ես կարծում եմ, որ մեր կողմը հենց այդ ճանապարհով էլ գնում է, բայց մի բան պետք չէ մոռանալ, որ այդ սկզբունքները հիմնված են Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, այսինքն՝ ակտը չի փոխվում, միջազգային իրավունքը չի փոխվում, և այս առումով մեկնաբանությունների հարց է։ Ով ուժեղ է, մեկնաբանությունն իրեն ի շահ է անում»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ կողմերը պետք է հումանիտար ոլորտում աշխատանքներ իրականացնեն, «ԼՀԿ» խմբակցության ղեկավարն ասաց, որ նախկինում եղել են նախադեպեր, երբ Ադրբեջանից իրավապաշտպանների ու լրագրողների խմբեր են եկել Հայաստան, և պատասխան այցեր նույնպես իրականացվել են։ Վերջին 10 տարիներին դա դադարեցված է, և պատճառն այն է, որ անհանդուրժողականության ու հայատյացության մակարդակն Ադրբեջանում շատ բարձր է, և այս իրավիճակում հնարավոր չէ խոսել կոնֆլիկտի լուծման մասին։

«Վաղն ապրիլյան պատերազմի տարելիցն է, և այդ թարմ հետքերը, մարդկային կորուստները, թարմ բարբարոսություններն իրենց հետքը թողնում են։ Ես միշտ նշում եմ, որ եթե մի 10 տարի չլինի որևէ կրակոց, զոհ շփման գծում, հասարակությունը երկխոսելու ավելի հեշտ կպատրաստվի։ Մինչև ապրիլյան պատերազմը կային հասարակական կազմակերպություններ, որոնք խաղաղության քարոզ էին տանում, բայց դրանից հետո այդ էլ անհնար դարձավ։ Հումանիտար աշխատանքների իրականացումը ես հնարավոր համարում եմ միայն այն դեպքում, եթե շփման գծում երկարատև խաղաղություն լինի»,- մեկնաբանեց Է. Մարուքյանը։

Խոսելով Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին՝ ԱԺ պատգամավորն ասաց, որ նախ՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ը Հայաստանի բանաձևը չի եղել երբեք, որևէ իշխանության ժամանակաշրջանում, այլ բան է, թե մենք դա ընդունո՞ւմ ենք, թե՞ ոչ։

«Հիմա մենք ասում ենք, որ իրենց այդ բանաձևը մենք կարող ենք վերաձևակերպել։ Ա՛յ, դուք վախեցեք, որովհետև եթե հարձակվեք, դուք կարող եք կորցնել։ Այլ բան է, որ պետք է հասկանալ այդ հայտարարությունը Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում, թե որքանով են դրանք իրար հետ կապված։ Վստահ եմ, որ իշխանությունները, սրա հետ կապված, մեկնաբանություն կտան»,- ասաց նա։

Առողջապահության փոխնախարարի ձերբակալման փաստին անդրադառնալով՝ վերջինս նշեց, որ ինքը միշտ վիճարկել է այն հայտարարությունը, թե Հայաստանում կոռուպցիա չկա, սակայն կարող է միանշանակ ասել, որ վարչապետը չի ղեկավարում կոռուպցիոն բուրգ։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին դեռևս համակարգային լուծում չի տրվում, որովհետև կառավարությունն այդպես էլ չի կարողանում վերջնական եզրահանգման գալ, թե ինչ մարմին ստեղծի։

«Էթիկայի հանձանաժողովի ժամկետն իբր թե երկարացվեց, բայց դրա իրավունքն էլ մենք չունենք, եթե նայենք իրավական առումով, որովհետև այդ մարմնի ժամկետը լրացել է, և այլ օրենք է գործում այլ մարմին ստեղծելու մասին։ Այդ մարմինը որ լինի, կլինի համակարգային պայքար, այլ ոչ թե միջգերատեսչական մրցակցություն։ Ես չեմ կարող որևէ ձերբակալված մարդու մասին կարծիք հայտնել, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ու մարդկանց մեղքը չհաստատվի։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինստիտուցիոնալ մակարդակի բերվի, համակարգային լինի։ Անձերով կոռուպցիայի դեմ պայքար չի լինում»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք իր նշած Սահմանադրության խախտումների մասով դիմել ՍԴ, «ԼՀԿ» խմբակցության ղեկավարն ասաց, որ նման ընթացակարգ չկա՝ հավելելով, որ որևէ մեկը չի հերքել, այդ թվում՝ նաև իշխանություններից, որ Կառավարության անդամ չհանդիսացող մարդուն ամբիոնի մոտ հասցնելը Սահմանադրության խախտում չէ, և նման խախտումներով իշխանությունը միայն իր համար խնդիրներ է կուտակում։ Սահմանադրությունը նրա համար է, որ ոչ միայն չխախտեն, այլ պահպանեն տառն ու ոգին։

Անդրադառնալով նոր իշխանությունների գլխավոր թերություններին ու բացթողումներին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ, ինչպես միշտ է ասել, գլխավոր խնդիրը կադրային քաղաքականությունն է և բազմաթիվ բնագավառներում տեսլական չունենալը։

«Մի տարի է, չգիտեն՝ Կառավարության ինչ կառուցվածք են ուզում, մի տարի է՝ չգիտեն՝ մարզպետներին ազատե՞ն, թե՞ թողնեն իրենց կուսակցականներն աշխատեն։ Մի տարի է՝ խոսում ենք Հարկային օրենսգրքից, բայց երեկ նոր ստացել ենք»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ չեն փոշմանել, որ չեն միացել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավին։

Տեսանյութեր

Լրահոս