«Օրբելյանին ազատողն այն մարդն է, որը գալիս է ԱԺ և ամենատարրական հարցերից բացարձակ տեղեկատվություն չունի». Գևորգ Պետրոսյան

«Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածուն արդեն իսկ համարվում է նոր թեկնածու, քանի որ երբևէ, որևէ գումարման ընթացքում չի ներկայացվել Ազգային ժողովին։ Ընտրվելու դեպքում մենք նրան այդ առթիվ կշնորհավորենք, իսկ չընտրվելու դեպքում հանրապետության նախագահն իրավունք ունի արդեն ներկայացնել այլ անձի, այդ թվում՝ նաև այն անձին, ում նախորդ գումարման ԱԺ-ում ներկայացրել են, և նա չի ստացել ԱԺ պատգամավորների անհրաժեշտ ձայների մեծամասնությունը։ Այսինքն՝ նոր մարդ ասելով՝ նկատի ունենք ոչ թե մարդու, ով ընդհանրապես երբևէ չի առաջադրվել, այլ մարդ, ով, ինչպես չի առաջադրվել, այնպես էլ՝ նախորդ գումարման ԱԺ-ում առաջադրվել և չի ընտրվել»,- անդրադառնալով ՍԴ դատավորի ընտրության շուրջ տեղի ունեցող զարգացումներին ու օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն ոչ որևէ մեկի համար ճանապարհ է հարթում, և ոչ էլ փակում է։

Հարցին, թե ո՞րն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ Օպերային թատրոնում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, ինչպե՞ս են տեսնում մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետագա պաշտոնավարման հարցը, արդյո՞ք այդ իրադարձությունների օրակարգ բերելը կապ ուներ արտաքին ճակատում տեղի ունեցողից հանրության ուշադրությունը շեղելու հետ, և ի՞նչ են մտածում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Մշակութային ոլորտում տեղի ունեցող դեգրադացիոն գործընթացները մեզ համար բացարձակապես անընդունելի են։ Ցանկացած հարցի համար կարելի է լուծում գտնել կոմպրոմիսային ձևաչափով։ Այդ որոշման կայացումը կարելի էր հետաձգել, մինչև խնդրի կարգավորման մասով իրավական լուծումները գտնվեին։ Եվ այո, քննարկումները տարբեր էին, որ կոնկրետ արտաքին ճակատում տեղի ունեցող իրադարձություններից ուշադրությունը շեղելու համար են այս որոշումները կայացվում, դա կոնկրետ սոցիալական ցանցերի դիրքորոշումն է, և ես այս պահին գնահատական չեմ տա, բայց կարծում եմ, որ մշակույթի ոլորտում այս դեգրադացիոն գործընթացներն անընդունելի են»։

Երկրորդելով իր գործընկերոջը՝ Գևորգ Պետրոսյանն էլ ասաց, որ այստեղ կա զուտ իրավական խնդիր, որի վերջնական գնահատականն իրավունք ունի տալ դատարանը, եթե աշխատանքից ազատված անձը դիմի դատարան։

Կարդացեք նաև

«Բայց կա երևույթի մեկ այլ կողմ։ Մենք, բավական է, որ կրթության ու մշակույթի ոլորտում ազատվենք պրոֆեսիոնալներից, ու չգիտենք, թե տեղն ով է գալիս։ Ուսումնասիրել եմ համապատասխան հրամանը և խնդրել եմ ինձ տրամադրել Օպերային թատրոնի կանոնադրությունը (այնտեղ մի կետ կա, որ պետք է նայեմ), և պարզ կլինի՝ ազատումն օրինակա՞ն էր, թե՞ ոչ։

Ազատման հիմքում իբր թե դրվել է այն փաստը, որ Օրբելյանը պաշտոնի է նշանակվել օրենքի խախտմամբ, և կանոնադրությունն ուսումնասիրելով՝ կարելի է հասկանալ՝ խախտում կա՞, թե՞ ոչ, բայց այն, որ Օրբելյանը վայելել է կոլեկտիվի հարգանքը, և նա մեծ հեղինակություն է, և չի կարելի այդպիսի հեղինակություններից գրիչի մի շարժումով ազատվել, և ազատողն էլ այն մարդն է, որը գալիս է Ազգային ժողով և ամենատարրական հարցերից, որոնց ինքը ի պաշտոնե պարտավոր էր տիրապետել, բացարձակ տեղեկատվություն չունի։

Եվ եթե այդպիսի անպատրաստ մարդիկ նշանակվում են նախարար, գոնե իրենց պաշտոնավարման ընթացքում պետք է մի քիչ իրենց զուսպ պահեն։ Մեկը հարցնող լինի, թե ինքը՝ որպես նախարար, որքանո՞վ է բավարարում էդ ոլորտի նախարարին ներկայացվող պահանջներին։ ԲՀԿ-ն միշտ կարևորել է կադրային քաղաքականությունը և այն կարծիքին է, որ կադրերն են որոշում մեր կյանքի ընթացքը։ Չի կարելի կադրային ջարդ կատարել՝ ելնելով անձնական նկատառումներից»,- նշեց մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Ալիև-Փաշինյան հանդիպումը և ի՞նչ գնահատական կարող են տալ Փաշինյանի հայտարարություններին ու Ալիևի այն հայտարարությանը, թե ամրագրվեց, որ բանակցային ձևաչափը չի փոխվելու, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ կարծում է՝ այս առաջին բանակցություններում գործընթացում բեկում չի արձանագրվել, և, ինչպես համանախագահների ու վարչապետի հայտարարություններից ենք հասկանում, գլխավոր շեշտը դրվել է փոխվստահության մթնոլորտի ուղղությամբ տարվելիք աշխատանքների կատարմանը։

Ըստ բանախոսի՝ դա ենթադրում է թե դիպուկահարների ետքաշում, թե սահմանային լարվածության թոթափում, բայց մտահոգիչ է այն, որ, ինչպես ակնկալվում էր, պետք է հնչեին Արցախը բանակցային կողմ դառնալու մասին հայտարարություններ, սակայն առնվազն տարածված պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ մասով դիտարկում չկա։

«Այն, որ անմիջապես բանակցություններից հետո Ալիևը հայտարարում է, որ բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու, խոսում է 2 բանի մասին՝ կամ քննարկվել է այդ տարբերակը, և այն տրամաբանորեն արժանացել է Իլհամ Ալիևի բացասական արձագանքին, կամ պարզապես Ադրբեջանի նախագահը, իրադարձություններից առաջ անցնելով և զուտ կանխարգելման նպատակով է նման հայտարարությամբ հանդես եկել»,- իր տեսակետը հայտնեց ԲՀԿ մամլո խոսնակը։

Հարցին էլ, թե ԲՀԿ-ի համար արդյոք ընդունելի՞ են կարգավորման նախկին սկզբունքները, թե՞ կողմերը պետք է նոր փաստաթղթի վրա աշխատեն, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ պարզից էլ պարզ է, որ այս հանդիպման ձևաչափում կարգավորման 3 սկզբունքների 6 տարրերի հարցը չի քննարկվել, քանի որ այդ մասին տեղեկատվություն տրամադրված չէ։

«Մենք նախկինում էլ ասել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախավերջին հայտարարության մեջ ընդհանրապես անդրադարձ չկա Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին։ Մեզ համար խնդրի կարգավորումը դիտարկվում է այս համամասնության մեջ, և, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր վերահաստատում ենք մեր այն համոզմունքը, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության՝ այս հարցի որևէ լուծում մեզ համար անընդունելի է»,- նշեց Իվետա Տոնոյանը։

Տեսանյութեր

Լրահոս