«Բեյլը հրաշալի խոսում է իսպաներեն, բայց ամաչում է թիմակիցներից». Օդրիոսոլա
«Ռեալ Մադրիդի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան խոսել է իր թիմակից Գարեթ Բեյլի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին:
– Շատերն ասում են, որ Բեյլը կարող է դառնալ այս մրցաշրջանի անհաջողակներից մեկը, քանի որ անցյալում նա դժվարին հարաբերություններ ուներ Զիդանի հետ: Ի՞նչ եք կարծում:
– Այո, ես հասկացա՝ ինչ եք ասում: «Սելտայի» հետ խաղից առաջ նա արդյունք գրանցեց: Նա շատ է աշխատում, նա մոտիվացված է:
Նա իդեալական գիտի իսպաներեն: Նա պարզապես ամաչում է թիմակիցներից: Նա շատ է ամաչում այդ լեզվով խոսելուց: Ես կարծում եմ, որ սա նորմալ իրավիճակ է:
– Այսինքն՝ նա խոսո՞ւմ է իսպաներեն: Նախկինում այլ բան էիք ասում:
– Ամբողջությամբ ճիշտ է: Ես առանց խնդիրների խոսում եմ նրա հետ թե՛ իսպաներեն, թե՛ անգլերեն: Ես տեսնում եմ, որ նա ամբողջությամբ նվիրված է ակումբին: Նա մադրիդիստ է և շատ բան է տվել ակումբին:
Որպես մեր ակումբի երկրպագու՝ ես շատ եմ գնահատում նրան: Նա թիմին շատ բան է տալիս: Նա իսկական ֆուտբոլիստ է, անգամ պետք չէ խոսել այդ մասին: Նրա արագությունը, նրա ուժն ու պահերի իրացումները… նա շատ է ինձ դուր գալիս:
– Իսկ վնասվածքնե՞րը: Երբեմն դա ֆուտբոլիստների վերջին սխալն է…
– Դա ճիշտ է: Բայց դու ինքդ դա չես ընտրում: Կան ֆուտբոլիստներ, որ շատ են վնասվածքներ ստանում, կան ֆուտբոլիստներ՝ ոչ այնքան: Բայց Բեյլը շատ է աշխատում մարզադահլիճում և մտածում է այդ մասին:
Հիշեցնենք, որ իսպանական մամուլը գրել էր, թե Բեյլը երկար տարիներ խաղում է Իսպանիայում, բայց դեռ անգամ նախաճաշ պատվիրել չի կարողանում:
Բեյլի գործակալը նշել էր, որ մամուլի հրապարակումները կազմակերպված արշավ են իր հաճախորդի դեմ:
«Գարեթը շատ ուժեղ է: Նա ուժեղ կամք ունի, նա մտահոգված չէ մամուլում գրվածներից: Նա հիասթափված է երկրպագուների դժգոհությունից, նա չի հասկանում, թե ինչ պետք է անի այս իրավիճակում:
Նա սիրում է լավ մարզավիճակում լինելը, նա ունի ռեժիմ և հետևում է դրան: Նա մեծ պրոֆեսիոնալ է: Նա բոլորի հետ բարեկամ է, բոլորը գիտեն, որ նա սիրում է գոլֆ խաղալ հանգստյան օրերին: Դա հանցագործություն չէ:
Եթե թիմից որևէ մեկը ցանկանում է խաղալ, նա ազատ է: Բեյլը լավ է զգում իրեն, սիրում է կյանքը Մադրիդում, ուրախ է: Այս ամենն անարդար է մամուլի կողմից: Ես հավաստիացնում եմ ձեզ, Գարեթն ինքն իր մասին չի կարդում թերթերում ոչինչ: Մամուլը սխալ է վարվում և մոլորեցնում է երկրպագուներին»,- ասել է գործակալը:
Սիրարփի Աղաբաբյան