Մեղրիի զորամաս միջադեպի մասնակիցներից մեկը գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեղրիի զորամասերից մեկում օրերս տեղի ունեցած միջադեպը շարունակում է ակտիվորեն քննարկվել հասարակական-քաղաքական-զինվորական շրջանակներում:

Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել են՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը, այնուհետեւ երթ արել՝ իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին: Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է, որի որդին ծառայում է այդ զորամասում:

Բայց այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք, զինծառայողներին պատժել են՝ ուղարկելով առաջնագիծ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատժիչ այս քաղաքականությունը, սակայն, մեր երկրում առկա քարոզչական, նպատակային գործելաոճին, մեղմ ասած, հակասում է: Մենք մի կողմից ասում ենք, որ առաջնագծում ծառայողները հերոսներ են կամ, ինչպես հենց նախարարն է ասում, «աչայիննի տղաներ», մյուս կողմից՝ հանցանք թույլ տվածներին, զորամասն ինքնակամ լքածներին ուղարկում է առաջնագիծ՝ այդպիսով պատիժ հայտարարելով:

Եվ ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է այն թեզը, որ առաջնագծում ծառայելը պատիժ է: Էլ չենք ասում այն մասին, որ ապրիլյան թավշյա հեղափոխության օրերին Երեւանում տեղակայված խաղաղապահ բրիգադի զինծառայողները լքեցին զորամասը՝ համարելով, որ, օրինակ, իրենց հրամանատարները վատն են, սխալ են աշխատում, հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն ՀՀ գլխավոր դատախազը, իրավաբանությունը թողած, քաղաքական որոշմամբ քրեական գործ չհարուցեց, չպատժեց զինվորականներին:

Մեղրիի զորամասի զինծառայողների նկատմամբ, սակայն, որոնք նույն արարքն են գործել (կրկին ընդդիմանալով իրենց հրամանատարներին՝ լքել են զորամասը), ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս