«Որևէ բարդություն չեմ տեսնում, եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Էդվարդ Նալբանդյանին ինչ-որ բան հարցնել»

«Որևէ բարդություն, խնդիր չեմ տեսնում, եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Էդվարդ Նալբանդյանին ինչ-որ բան հարցնել: Իմանալը, տեղեկանալը, սովորելը ես ինձ համար համարում եմ ամենակարևոր արժանիքներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ինքը Արցախյան խնդրի շուրջ քննարկում ունենա Սերժ Սարգսյանի հետ:

Ըստ նրա՝ մինչև հիմա դրա անհրաժեշտությունը չի ծագել, բայց եթե Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքում անհրաժեշտություն ծագեր Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ինչ-որ բան հարցնել, կհարցներ, կամ Լիսաբոնի կամ Բուդապեշտի գագաթնաժողովի մասին Տեր-Պետրոսյանին կհարցներ.

«Կարող է ծագի անհրաժեշտություն բոլորին միասին իրար հետ հավաքել: Ես չգիտեմ՝ նրանցից ով կհամաձայնի, բայց ես կհարցնեմ»:

Ն.Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն անվտանգության մի շատ կարևոր մարտահրավեր ունի՝ եթե Ադրբեջանի ինչ-որ միջին կարգի պաշտոնյա որոշի հարցազրուց տալ ու ասել՝ «վոբշըմ, սաղ լուծած ա, Փաշինյանը Զանգեզուրով բանով հանձնում ա», Հայաստանում բոլորը կխառնվեն իրար, չեն փորձի ստուգել՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ:

ՀՀ վարչապետի կարծիքով՝ հնարավոր չէ, որ ՀՀ ղեկավարը միայն ՀՀ բնակչությանը նախապատրաստի խաղաղության, Ադրբեջանի ղեկավարը մասնակցի միայն Ադրբեջանի բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն.

«Օրինակ, ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը որևէ բան ունի՞ ասելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայությանը: Օրինակ, ես շատ ասելիք ունեմ Ադրբեջանի հանրությանը»:

Ն.Փաշինյանը նշեց, որ իր ելույթների տակ «Յութուբում» հայերի և ադրբեջանցիների հայհոյանքների փոխադարձ տարափ է լինում.

«Լավ, հայհոյելը՝ հայհոյել, մեկ, երկու, տաս, միլիոն, հայհոյելը պարպեցինք, բացի հայհոյանքից իրար ասելու բան ունե՞նք, թե՞ չէ: Ես ուրախ կլինեի, եթե սոցցանցերում մարդիկ քննարկեին այդ հարցը: Չեմ ասում «ջանջիգյար» անել, դա հնարավոր չի, բայց գուցե ավելի կարևո՞ր թեմաներ կան: Կարելի է հասկանալ ինչ է կատարվում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում, մարդիկ ոնց են ընկալում էս ամենի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս