Դիմակավորված անձը մտել է բնակարան, կպչուն ժապավենով կապել է տանտիրուհու ոտքերն ու ձեռքերը, դանակի սպառնալիքով տարել ննջասենյակ…
Մարտի 8-ին, ժամը 14.00-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, դիմակավորված անձը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ոտքերն ու ձեռքերը, դանակի սպառնալիքով պահանջել ոսկեղեն և գումար, ապա քարշ տալով՝ տարել ննջասենյակ և այնտեղ գտնվող պահարանից հափշտակել 1 ոսկե շղթա, 1 ոսկե թևնոց, 1 մատանի և ականջօղեր՝ պատճառելով 650.000 դրամի վնաս:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների, Չարենցավանի բաժնի և ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1977 թ. ծնված Մովսես Ն.-ն, որը մարտի 12-ին մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն:
Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Մովսես Ն.-ն մարտի 18-ին վերադարձել է Հայաստան և ինքնակամ ներկայացել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Պարզվել է նաև, որ ավազակային հարձակումը նախապատրաստելուն և կատարելուն Մովսես Ն.-ին օժանդակել է 1983 թ. ծնված Կարինե Գ.-ն, որը մարտի 18-ին, ժամը 21.45-ին, բերման է ենթարկվել բաժին և տեղափոխվել Չարենցավանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը և իրեղեն ապացույց ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:
Մովսես Ն.-ն և Կարինե Գ.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է: