Հմայակ Հովհաննիսյանից ստորագրություն են վերցրել քաղաքից չբացակայելու մասին

«Ինձ դրել են Լիսկայի տեղը, իսկ մեղավորին` Սիլվա Համբարձումյանի տեղը»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը

2012թ. մայիսից սկսած Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ մեկ քրեական և երկու քաղաքացիական գործ է հարուցվել`Սեմիկ Ջուլհակյանի բողոքի, Օֆելյա Ղարիբյանի և այլոց հայցադիմումների հիման վրա` «Վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջի մասին»: Ընդ որում` Հմայակ Հովհաննիսյանի փոխանցմամբ, իրենից պահանջում են նաև 3 մլն դրամ փոխհատուցման գումար:

168.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչում է կայանում գործի էությունը, քաղաքագետը պատասխանեց. «2012թ. ապրիլին, երբ ինքը պատգամավորության թեկնածու էր և շտաբի պետ, Սեմիկ Ջուլհակյան անունով մեկը, ով անգամ Երևանի գրանցում չունի, որոշեց գնել Քաղաքագետների միությունում իրեն սեփականության իրավունքով պատկանող գրասենյակը` իրեն առաջարկելով տեղափոխվել այլ գրաենյակ, որի համար սկսեց բազմիցս անհանգստացնել իրեն»: Հ. Հովհաննիսյանը նշեց, որ Ջուլհակյանին վաճառքի մեջ մերժելուց հետո, իր նկատմամբ սկսել են ճնշումներ իրականացնել և տհաճ միջադեպեր կազմակերպել` Ջուլհակյանի գլխավորությամբ: «Իմ գլխին ջուր լցնելուց, ավտոմեքենաս կողոպտելուց, ռեյդային քայլեր անելուց հետո, վերջին հաշվով, հետևեց այն, որ ընտրությունների շրջանում նշված անձի կողմից հաջորդեց  այն քայլը, որ ինձ միության հետնամուտքի մոտ բռնելով`  Ջուլհակյանը սկսեց համոզել, որ հրավիրված եմ «Հենարան» ակումբ` մամլո ասուլիսի,  որին ի պատասխան, ես ասացի` «Իսկ ո՞վ ես դու, որ ինձ ասես այդ մասին, ակումբն ունի իր ընթացակարգը, եթե լիներ ասուլիս` ինձ կզանգահարեին»: Ապա սկսեց ինձ «քարշ տալ» դեպի Քաղաքագետների միության գրասենյակի կենտրոնական մուտքը, որտեղ էլ կանգնեց ապակյա դռան և իմ միջև: Ես ուժ գործադրեցի` նրան մի քանի մետր հետ մղելով, որ կարողանամ ներս մտնել: Նրա հետ եղած կանայք ևս իրենց պահում էին ագրեսիվ և անպատշաճ, որից հետո ես ասել եմ, որ «Դուք նման եք Լֆիկ Սամոյի այն հայտնի կանանց, որ խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի ընտրական քարոզարշավը»:

Օրեր անց Հ. Հովհաննիսյանն իմանում է, որ Ջուլհակյանն իրեն դատի է տվել` հայտարարելով, թե ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք, իսկ այդ կանայք վիրավորանքի համար պահանջում են հրապարակային ներողություն խնդրել իրենցից:

«Հուլիսի 23-ին իմ նկատմամբ  որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին, մինչև քննության ավարտը: Ստիպված եմ այս շոգուկրակին մնալ Երևանում»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Վերջինիս փոխանցմամբ` գործով քննիչ Արա Պողոսյանին բազմիցս ասվել է նաև այն մասին, թե այդ քաշքշուկի և միջադեպի ողջ ընթացքը նկարահանվել է Ջուլհակյանի կողմից, ապա տեղադրվել է YouTube-ում, և այժմ էլ տեղադրված է, ուստի Հ. Հովհաննիսյանի փաստաբան Ռուզան Սիրեկանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան`տեսահոլովակը դատական գործի նյութերին կցելու համար:

Հ. Հովհաննիսյանը նաև նշեց, որ Ջուլհակյանի նկատմամբ տեղի ունեցած դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նա ունի մատի թերություն, որը, սակայն,  չի կարող կապվել նշված միջադեպի հետ: Քաղաքագետի համոզմամբ` այս ամենը նպատակ էր հետապնդում ազդել իր քաղաքական իմիջի վրա, վարկաբեկել. «Ինչն էլ, երևի, որոշ չափով ստացվել է, քանի որ տվյալ տեսահոլովակը տրվել էր նաև «Արմենիա TV»-ին, որը տեսել էր բազմահազարանոց լսարանը: … Ինձ դրել են Լիսկայի տեղը, իսկ մեղավորին` Սիլվա Համբարձումյանի տեղը»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով 2011թ. «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած այն դեպքը, երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ոտքով հարվածեց և հայհոյեց գործարար Սիլվա Համբարձումյանին։

Գործով հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 18-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս