ԱՄՆ-ի Պետքարտուղարության մարդու իրավունքների տարեկան զեկույցը «Թավշյա հեղափոխությունը» գնահատել է որպես դրական մեծ առաջընթաց
Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում եւ պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»՝ նշված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված «Մարդու իրավունքների պաշտպանությունը» զեկույցում:
«Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել խորհրդարանի կողմից մայիսի 8-ին՝ երկրով մեկ ապրիլին եւ մայիսին անցնող խաղաղ համազգային բողոքների ցույցերի արդյունքում, որոնք այնուհետեւ կոչվեցին «Թավշյա հեղափոխություն»: Նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց՝ համակարգային կոռուպցիայի դեմ եւ երկրում դեկտեմբերի 9-ին անցկացվեցին առաջին իրական մրցակցային ընտրությունները», – նշված է Պետրարտուղարության զեկույցում:
Զեկույցի հրապարակման կապակցությամբ արված իր հայտարարության մեջ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն նշեց, որ բոլոր նրանք, ովքեր ոտնահարում են մարդու արժանապատվությունը եւ խախտում մարդու իրավունքները, պատասխան են տալու.
«Մատնանշելով հանցանքները եւ ճնշում գործադրելով այդ խախտումներն իրականացնող ռեժիմների վրա, մենք կարող ենք փոփոխության հասնել»:
Անդրադառնալով 2018-ին աշխարհում գրանցված մարդու իրավունքների խախտման առավել ծանր դեպքերին, պետքարտուղարը մատնանշեց Չինաստանը, Նիկարագուան եւ Իրանը:
«Իրանում նախորդ տարի ռեժիմն ապօրինաբար սպանել է 20-ից ավելի եւ ձերբակալել հազարավոր մարդկանց միայն այն բանի համար, որ վերջիններս բողոքում էին սեփական իրավունքների խախտման դեմ»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա զեկույցի համաձայն 2018-ին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ՝ բռնություններ ազատազրկման վայրերում, ոստիկանական բռնություններ լրագրողների նկատմամբ, բռնություններ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, կոռուպցիայի դեպքեր: Սակայն «նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու եւ պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության եւ իրավապահ ամենաբարձր շրջանակներում», ընդգծում է զեկույցը:
Մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել նաեւ Վրաստանում, որի իշխանություններն ըստ զեկույցի քայլեր են ձեռնարկում մարդու իրավունքների դեմ որոշ հանցագործությունները հետաքննելու ուղղությամբ:
Հարեւան Ադրբեջանում իշխանությունները մարդու իրավունքների նկատմամբ լուրջ ապօրինություններ են իրականացրել, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ եւ երեխաների շահագործման ամենածանր դեպքեր: «Մարդու իրավունքների դեմ հանցանք գործած պաշտոնյաների մեծ մասը չի դատապարտվել: Անպատժելիությունը Ադրբեջանում լուրջ խնդիր է մնում», – ասված է Պետքարտուղարության զեկույցում Ադրբեջանի մասին: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը եւ դրա շուրջ գտնվող յոթ շրջանները»:
Մարդու իրավունքների լուրջ խախտումներ են գրանցվել նաեւ հարեւան Թուրքիայում, որտեղ տեղի են ունեցել անօրենք սպանություններ, քաղաքական դրդապատճառներով կատարված ձերբակալություններ եւ խոսքի եւ տեղեկատվության ազատության կտրուկ սահմանափակումներ: Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ստեղծված ավտորիտար քաղաքական համակարգը նույնպես մարդու իրավունքների լուրջ խախտումներ է իրականացրել, այդ թվում արտադատական սպանություններ, ձերբակալություններ եւ խոսքի ազատության կտրուկ սահմանափակումներ: