«Թող գան ասեն՝ ժողովուրդ ջան, քիչ եք վճարում, սարքում ենք 200.000 դրամ՝ մնացեք, 4 հատ էլ ծառ ավելացրեք»
Վաղ առավոտից լարված իրավիճակ է տիրում Օպերայի հարակից տարածքում, ժամանել են մի խումբ ոստիկաններ։ Այն պահին, երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին էլեկտրալարեր անցկացնել և սկսել ապամոնտաժման աշխատանքները, սրճարանների աշխատակիցները, հավաքելով լարերը, վանկարկում էին՝ ամոթ, ամոթ:
Օպերայի հարակից տարածքի սրճարաններից մեկի՝ «Շոկոլադնիցայի» մենեջեր Լաերտ Պողոսյանը հարց բարձրացրեց, թե ո՞վ է երաշխավորելու, որ այստեղ երբեք սրճարաններ չեն լինելու, ինչքան էլ որ հետագայում իշխանություն փոխվի:
«Մեր պայմանագրերի ժամկետը լրանում է 2026 թվականին, բայց այն միակողմանի խզվել է: Թող տարածքը գերակա շահ ճանաչեն, ապա նոր քանդեն»,- ասաց Լաերտ Պողոսյանը։
Վարձակալները կասկածներ ունեն, որ քանդում են այլ վարձակալների հետ հետագայում պայմանագրեր կնքելու նպատակով։
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարածքում ամբողջն ինքնակամ կառույցներ են՝ գազոնների վրա:
Հարցին՝ փոխհատուցում լինելո՞ւ է այդ մարդկանց հասցված վնասների համար, Վիկտոր Մնացականյանը պատասխանեց. «Ինչի՞ համար… Որ ինքնակամ գազոնների վրա սրճարա՞ն են կառուցել, դրա՞: Օրինակ, «Ատլանտիկ» ՍՊԸ-ն տարածքը 90.000 դրամով է վարձակալել՝ 100քմ-ն, դե համեմատեք մյուս տարածքների հետ»:
168.am-ը սրճարանների ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք մոտ 100 քմ-ի համար նրանք 90.000 դրամ են վճարում։ Պատասխանեցին՝ այո:
«Այո. թող գան ասեն՝ ժողովուրդ ջան, քիչ եք վճարում, սարքում ենք 200.000 դրամ՝ մնացեք, 4 հատ էլ ծառ ավելացրեք»,- ի պատասխան Վիկտոր Մնացականյանի՝ հավելեց Լաերտ Պողոսյանը:
Սրճարանների սեփականատերերը նշեցին, որ սրճարանների ապամոնտաժման դեպքում 300-400 մարդ առանց աշխատանքի է մնալու: Նրանք նաև ասացին՝ տեղյակ չեն եղել, որ այսօր պետք է ապամոնտաժեին:
«Տեսնողները զանգել-ասել են, որ նման բան են անում տարածքում, եկել թուղթ եմ ուզել՝ ցույց տան, թե ինչ որոշմամբ են այսօր քանդելու»,- ասաց մեր զրուցակիցը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը ցույց տվեց ծանուցումը, ինչպես նաև նշեց, որ նրանց այդ մասին տեղյակ են պահել փետրվարի 15-ից:
«Բա որոշում ընդունելու ընթացքում ինչո՞ւ մեզ հետ ոչ մի բան չի քննարկվել»,- ասաց սեփականատերերից մեկը:
«Ջազվե» սրճարանի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց սրճարանն ունի 70 աշխատակից, որոնք այս գործողությունների հետևանքով այլևս գործազուրկ են դառնալու: Նաև տեղեկացրեց, որ իրենք նամակ են գրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, բայց նա որևէ կերպ չի արձագանքել.
«Նա նույնիսկ տղամարդկություն չունեցավ, որ գա ու հանդիպի սրճարանների տնօրինությունների հետ: Սա նման է նրան, որ գնան գործարանը քանդեն, մարդկանց սարքածը քանդեն: Իրանք մի հատ բորդյուր չեն դրել, մարդկանց սարքածն են քանդում: Մենք իրա նման Պրահաներում բիզնեսներ չենք դրել, մեր երկրում ենք դրել: Խոստացել էին գործարաններ կառուցել, աշխատատեղեր ստեղծել, բայց ոչ մի բան չեն անում»,- վրդովված ասաց նա:
Տարածք էր ժամանել նաև Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը։ Նա ցուցարարներին ասաց, որ պատասխանատու մեկը նրանցից մոտենա, և բանակցություններ սկսեն քաղաքապետարանի հետ: «Փորձենք հետաձգել մի քանի օր այս պրոցեսը, հասկանանք` ինչ է այս մարդկանց պահանջը»,- ասաց նա: Ի վերջո, մի քանի ժամով դադարեցվեց ապամոնտաժումը, քանի որ լարված իրավիճակի պատճառով աշխատանքները հնարավոր չէր շարունակել:
Համաձայնություն ձեռք բերվեց Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարի և որոշ սրճարանների սեփականատերերի միջև, ապամոնտաժման աշխատանքները որոշ ժամանակով դադարեցնեն՝ մինչև այդ ընթացքում սրճարանների կողմից լիազորված իրավաբանը կբանակցի քաղաքապետարանի հետ:
Անի Խաչատրյանը քիչ անց հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ժամը 18:00-ին Օպերայի հարակից տարածքի բոլոր սրճարանների ներկայացուցիչները քաղաքապետարանում քննարկման մասնակցեն:
Նշենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Անի Կարապետյան