«ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում լուրջ մարտահրավերներ կան»․ վերլուծաբան
«ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները վերանայման կարիք ունեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթին ընդառաջ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերջին ամիսների դինամիկային։
Թրեյսի Ջերմանի խոսքով՝ Հայաստանում ծրագրվող լայնածավալ բարեփոխումները չպետք է շրջանցեն նաև ՀՀ պաշտպանության ոլորտը, որում, ինչպես 2016 թվականի քառօրյա պատերազմը բացահայտեց, որոշ խնդիրներ կան, և իշխանություններն իրենք ևս ընդունեցին, որ կա նման անհրաժեշտություն։ Այսինքն, ըստ նրա, բարեփոխումներ են հարկավոր նաև այս ոլորտում, որի հարցում կայուն ավանդույթներ չունի ՀԱՊԿ-ը։
«ՆԱՏՕ-ն լայնածավալ ասոցիացման ծրագրեր է անցկացնում գործընկեր երկրներում՝ ուղղված այդ ոլորտում բարեփոխումներին, պաշտպանության ժամանակակից մեթոդների ու միջոցառումների ներդրմանը։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ն առանցքային գործընկեր կարող է լինել Հայաստանի համար այդ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին, ինչպիսին ԵՄ-ն է մի շարք այլ ոլորտներում։ Բայց այս համագործակցությունն ունի բարդ աշխարհաքաղաքական կոնտեքստ, լուրջ մարտահրավերներ, քանի որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն տարբեր ճամբարներում են, շահերի տարբեր գոտիներում, կա ռուսական սահմանափակող ազդեցություն, խորացող աշխարհաքաղաքական հակասություններ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, որը լուրջ մարտահրավեր է ստեղծում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության համար։
Սրա հետ մեկտեղ՝ ՀՀ նոր իշխանությունները խնդիրներ ունեն ՀԱՊԿ-ում, և ՆԱՏՕ-ի ուղղությամբ զգուշանում է՝ փորձելով չխորացնել խնդիրները ՀԱՊԿ-ի ուղղությամբ։ ՀՀ ներքին մարտահրավերները ևս քիչ չեն։ Բայց այստեղ ռուսական գործոնն ու քաղաքական կամքի հարցն էական է»,- ասաց Թրեյսի Ջերմանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները մարտահրավերային փուլում են և վերանայման կարիք ունեն։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի շաբաթը և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը ՀՀ-ում լավ առիթ է քննարկելու բոլոր հարցերը ու հետագա ծրագրերը։ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարող է համատեղելի լինել։ Այս պահին մեծ ծրագրեր չկան ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությւոններում։ Ըստ իս, ՀՀ նոր իշխանությունները պետք է վերանայեն այդ հարաբերությունները, որոնք առանցքային նշանակություն կարող են ունենալ ՀՀ պաշտպանական բարեփոխումների հարցում»,- ասաց նա։
Վերլուծաբանը նշեց, որ իրեն հայտնի չէ, թե ինչ փուլում է գտնվում երկխոսությունը IPAP-ի շուրջ, բայց IPAP-ը ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում առանցքային դերակատարություն ունի, և այդ հարցում խնդիրները, ըստ նրա՝ կարող են խնդրահարույց դիտարկվել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների դեպքում և վտանգել հետագա համագործակցությունը։