«Ես ուզում եմ, որ մենք, անկախ մեր ներքին գզվռտոցից, սոսնձված հասարակություն մնանք՝ առնվազն ազգային անվտանգության խնդիրների շուրջ». Արմեն Աշոտյան

«Հայաստանում գնում է հանրային, քաղաքական, տնտեսական կյանքի շերտավորում, քայքայում, էրոզիա, ժանգոտում, ինչպես ուզում եք՝ ասեք,-հայտարարեց նախորդ գումարման Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ապա անդրադառնալով հաղորդավարի այն դիտարկմանը, թե իրենց ժամանակ էլ էր այդպես, արձագանքեց,- մեր ժամանակ կար համակարգ, և նույն պետական համակարգն այնքան ուժեղ համակարգ էր, որ 10 ամիս է՝ ընկել է սիրողական մակարդակի, երբեմն «самодур», կներեք, նախարարների ձեռքը, բայց մեկ է, համակարգը աշխատում է։ Տեսեք՝ ինչ ուժեղ է եղել այն չինովնիկը, որին այնքան փնովել ենք ժամանակին, որ այսօր անկախ նրանից, որ վերնախավի զգալի մասը պրոֆեսիոնալ չէ, «самодур» է, մեկ է, շարունակում է աշխատել»։

Անդրադառնալով երկրի վարչապետի Բրյուսել կատարած այցին՝ ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, որ այն արարողակարգային այց էր՝ զրո արդյունքով։

Լրագրողի այն դիտարկմանը, թե Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «կողմ են վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն և ինչքան հնարավոր է՝ շուտ»,  Արմեն Աշոտյանն ասաց.

«Դուք հիշո՞ւմ եք, որ մեր իշխանության տարիներին Յունկերը երբևէ ասած լիներ, որ կողմ չի, որ դա արվի և շուտ արվի։ Այդ հայտարարությունն ամեն տարի արվում է։ Իհարկե, կողմ են եղել և Սերժ Սարգսյանի այցելությունների ժամանակ, և Էդուարդ Նալբանդյանի, հիմա էլ՝ Նիկոլ Փաշինյանի… Մի տարբերությամբ. մեր տարիներին ժամկետ էր նշվում, ասում էին, որ այդ գործընթացը 2020թ.-ից ըստ ամենայնի կսկսվի։ Հիմա խուսափում են ժամկետներ նշելուց։ Այսինքն՝ այդ հարցի մասով որևէ բեկումնային առաջարկ չկա։ Յունկերն ընդամենն ասել ՝ տեխնիկական հարցերն ավարտել ենք, հիմա կարող ենք անցնել երկխոսությանը»։

Աժ նախկին պատգամավորը նշեց նաև, որ իր համար չափազանց վիրավորական էր, որ իր երկրի վարչապետի ելույթի ժամանակ դահլիճում շատ քիչ մարդ կար, որ Յունկերի հետ ասուլիսի ժամանակ վերջինս շուտ հեռացավ։

«Դուք հիշո՞ւմ եք որևէ դեպք, որ Արևելյան գործընկերության որևէ ղեկավարի ասուլիսից, Յունկերն ասի՝ կներեք, ես շտապում եմ, Հանը (Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հան) իմ տեղը կշարունակի։ Ինչքան էլ մարդը շտապեր, հաստատ, եթե ուզեր, կարևոր համարեր,  5-6 րոպե ժամանակ կգտներ։ Ես չեմ հիշում դեպք, որ ոչ միայն Հայաստանի ղեկավարների հետ որևէ մեկն այդպես բեմի վրա թողներ իր գործընկերոջը ու գնար… Սա վերաբերմունք է, որի մասին առիթի դեպքում ես իմ եվրոպացի գործընկերներին ասելու եմ։ Պետք չէր գնալ Բրյուսել, եթե դու չունես քաղաքական օրակարգ»։

Արմեն Աշոտյանը կարծում է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը տնտեսության մեջ սայթաքի, դա կործանարար լինել չի կարող, եթե սայթաքի դատաիրավական համակարգում, դա էլ աղետալի չէ, բայց եթե նա սայթաքեց Ղարաբաղյան հարցի լուծման քաղաքականության մեջ, դա կործանարար է լինելու բոլորիս համար, և այդ փլատակների տակ մնալու ենք բոլորս՝ և Հայաստանի, և Արցախի ժողովուրդները, հայ ժողովուրդը։

«Եվ իմ սրտացավությունն ու ներվը գալիս է հենց էստեղից։ Որովհետև մենք ունեինք կատարած հսկայական աշխատանք։ Ինքը եկավ ու ասաց՝ էս սաղ՝ հեչ, զրոյից կսկսեմ, դրեց իր նախապայմանները և գերագնահատեց իր քաշը։ Նա ասում էր՝ կկապիտալիզացնեմ հեղափոխությունն արտաքին քաղաքականության մեջ, բայց ոչ մի ուղղությամբ դա չի արել, Արցախի հարցով՝ հատկապես։ Արցախյան հակամարտության կարգավորման մեջ տեղի ունեցավ գլոբալ սխալ։ Մենք ասում էինք, որ բանակցային գործընթացը կարող է շարունակվել, եթե ապահովված են ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից որպես պատիժ ընկալվող Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները՝ հետաքննական մեխանիզմներ, մանդատի ընդլայնում։ Ադրբեջանը երկու տարի ոչինչ չէր անում։ Դրանից հետո եղավ Դուշանբեն, ուր Ալիևը ակնհայտորեն «ֆռռացրեց» Նիկոլին՝ ասելով՝ ամեն ինչ դնենք մի կողմ, ես չեմ կրակում։ Հիմա ասում է՝ ես չեմ կրակում, Նիկոլ, արի, նստի, խոսենք…»։

Նախկին խորհրդարանականը համարում է, որ սրանով Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ոտքերի տակից փորեց-հանեց այն ամուր հողը, ֆունդամենտը, որը կար բանակցային գործընթացի այս փուլում, ու այս ամենի համատեքստում սխալ մեսիջ գնաց միջազգային հանրությանը, և անգամ Բրյուսելում բոլոր բարձր եվրապաշտոնյաները՝ Դոնալդ Տուսկը, Ֆեդերիկա Մոգերինին, դրական ակնկալիքներ արտահայտեցին իրենց խոսքում։

«Սահմանին խաղաղությունը Ալիևի միահեծան, միանձնյա որոշումն է եղել, որը ցանկացած պահի պատեհ քաղաքական իրավիճակում խախտվելու է, և մեր ՊՆ-ն լավ գիտի, որ դա խախտվելու է։ Անգամ Մինսկի համանախագահների հայտարարությունների մեջ անցած տարվա փետրվարից այս կողմ այս պայմանավորվածությունները չկան՝ որպես պարտադիր կատարման ենթակա պայմանավորվածություններ»,- նշեց Ա. Աշոտյանը։

Ըստ բանախոսի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հետ պտտի վերջին ամիսները։ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությունը թեպետ լավ գաղափար է, բայց շուտ էր այդ մասին բարձրաձայնելը՝ առանց համանախագահների հետ աշխատելու, հող նախապատրաստելու ու համապատասխան ֆոն ստեղծելու։

«Վատ բանակցությունները պատերազմից լավ են, անգամ վատ հանդիպումները, որոնք օրակարգ չունեն, անգամ նրանք, որոնց մասին կիսատ-պռատ տեղեկություններ է հայտնում։ Ի տարբերություն իրենց՝ մենք հասկանում ենք, որ բանակցային պրոցեսը ռեալիթի-շոու չէ, որ դու լայվով պատմես, բայց սկզբունքների մասին հասարակությունը պետք է իմանա։ Մենք ասում էինք, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, ինչո՞ւ դուք չեք ասում, ո՞վ է ապահովելու անվտանգությունը, ինչպիսի՞ կարգավիճակ է ունենալու Արցախը Հայաստանի հետ շփումներում։ Եվ ես ուզում եմ, որ մենք, անկախ մեր ներքին գզվռտոցից, սոսնձված հասարակություն մնանք՝ առնվազն ազգային անվտանգության խնդիրների շուրջ, բայց այդ մթնոլորտը, միջավայրը մեր իշխանությունները չեն ապահովում»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս