Պորոշենկոն պաշտոնից ազատեց Ուկրաինայի ԱԱՊԽ-ի առաջին փոխքարտուղար Գլադկովսկուն
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օլեգ Գլադկովսկուն արձակել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնից: Այդ մասին նախագահը հայտնել է Նիկոլաեւում:
«Այսօր առավոտյան Նիկոլաեւ մեկնելուց առաջ ես հրամանագիր ստորագրեցի Օլեգ Գլադկովսկուն ԱԱՊԽ-ի քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին»,- ասել է նա: Նախագահը հայտարարել է, որ Գլադկովսկին նաեւ ազատված է ռազմատեխնիկական համագործակցության քաղաքականության եւ արտահանական հսկողության միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից:
Փետրվարի 25-ին ուկրաինական «Մեր փողերը» հեռուստածրագրի լրագրողները, ծրագիր, որը մասնագիտացած է կոռուպցիայի հետաքննությունների բնագավառում, հրապարակել են տեղեկատվություն Ուկրաինայի պաշտպանական ձեռնարկությունների համար պահեստամասերի մաքսանենգ գնումների մասին: Ինչպես ապացուցվում է հետաքննության մեջ, 2016 թվականից մի շարք պետական պաշտոնյաներ պաշտպանական ձեռնարկություններին են վաճառել ռազմական տեխնիկայի պահեստամասեր մինչեւ 300 տոկոս հավելագնով:
Պահեստամասերը բերվել են Ուկրաինայի զորամասերի պահեստներից, իսկ մի մասն էլ՝ իբր Ռուսաստանի տարածքից: Գործարքների գումարը կազմել է 250 միլիոն գրիվնա (շուրջ 9,3 միլիոն դոլար): Լրագրողների տվյալներով՝ այդ մեքենայություններին մասնակից են Պորոշենկոյի մերձավոր պաշտոնատար անձինք, մասնավորապես, Գլադկովսկու որդին, նրա գործարար-գործընկերները եւ «Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: