Բացահայտվել են փոստային բաժանմունքներից կատարված կողոպուտի դեպքերը
Մարտի 1-ին, ժամը 17.18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը դանակով սպառնացել է և փորձել թիվ 0065 փոստային բաժանմունքից գումար հափշտակել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը աշխատասեղանի դարակից բացահայտ հափշտակել է 2.000 դրամ և դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել 43-ամյա Երվանդ Գևորգյանը։
Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ Գևորգյանը հունվարի 29-ին, ժամը 18։30-ի սահմաններում, գլխարկով դեմքը փակած, մտել է Բագրատունյաց 7 հասցեի թիվ 0039 փոստային բաժանմունք, դրամարկղից հափշտակել է 120.000 դրամ և դիմել փախուստի:
Նախաքննությունը շարունակվում է։