Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ը և ԿԺԴՀ-ն ապագայում համաձայնության կգան վիճելի հարցերի շուրջը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանն ի վերջո համաձայնության կհասնեն վիճելի հարցերի շուրջը: Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է տրվել փետրվարի 28-ին։
Խոսելով ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ Հանոյում կայացած հանդիպման արդյունքների մասին՝ Թրամփը նշել է.
«Ես որոշեցի, որ դա հարմար պահ է որեւէ բան ստորագրելու համար, տեսնենք, թե ինչ տեղի կունենա որոշ ժամանակ անց»: «Նրանք ցանկանում էին միջուկազերծում ապահովել որոշակի շրջաններում, իսկ ես ցանկանում էի, որ այն լիներ լիակատար»,- պարզաբանել է Թրամփը՝ խոսելով այն պատճառների մասին, որոնք կողմերին խանգարեցին համաձայնության գալ: Խոսելով երկրների միջեւ հետագա բանակցային գործընթացի հեռանկարների մասին՝ Թրամփն ընդգծել է.
«Ես այն զգացողությունն ունեմ, որ հետագայում ինչ-որ բան կլինի, ինչ-որ լավ բան»: «Ժամանակի ընթացքում մենք ինչ-որ բանի կհասնենք»,- հավելել է Թրամփը: Փետրվարի 28-ին Հանոյում ավարտվեց ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկօրյա գագաթնաժողովը, որի արդյունքներով կողմերին չհաջողվեց հասնել համաձայնությունների: Փհենյանը եւ Վաշինգտոնը հրաժարվեցին համատեղ փաստաթղթի ստորագրումից, բայց պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: