ԵՄ-ում անհանգստացած են Փարիզի և Բեռլինի համատեղ նախաձեռնություններից. Euobserver
Եվրամիության 17 անդամ երկրներ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հասցեագրված ուղերձ են ստորագրել՝ կոչ անելով ԵՄ-ի միասնական շուկան պաշտպանել Ֆրանսիայի եւ Գերմանիայի բարենորոգչական նախաձեռնություններից: Այդ մասին հայտնել է Euobserver ինտերնետ-հրատարակությունը:
«ԵՄ-ի 17 պետություններ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հասցեագրված ուղերձ են ստորագրել, որում նրան կոչ են արել պաշտպանել միասնական շուկայի ազատությունը ֆրանս-գերմանական այնպիսի նախաձեռնությունների ֆոնին, ինչպիսին ԵՄ-ի մյուս երկրներում ժամանակավոր աշխատողների իրավունքների սահմանափակման անցյալ տարվա նախաձեռնությունն է»,-գրում է լրատվամիջոցը:
Երկրների թվում, որոնք ստորագրել են Տուսկին հղված կոչը, Բալթյան երկրներն են, Լեհաստանը, Չեխիան, Բելգիան, Իռլանդիան, Դանիան, Նիդեռլանդները եւ Շվեդիան:
Ինչպես ավելի վաղ Բրյուսելում ՌԻԱ Նովոստիին հայտարարել է դիվանագիտական աղբյուրը, Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ համագործակցության եւ ինտեգրացման վերաբերյալ պայմանագիրը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից հունվարի 22-ին ստորագրվել է Ախենում, մարգինալացման վախ է առաջացրել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայից Եվրամիության անդամների մոտ:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ «Ախենի պայմանագիրը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մոտ մարգինալացման վախ է առաջացրել G2-ի («մեծ տանդեմի») ստեղծման հեռանկարի եւ առաջիկա Brexit-ի (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու) լույսով»: