««Մարտի 1»-ը բացահայտված չէ, վարչապետի հայտարարությունը կեղծիք է». Զարուհի Փոստանջյան
Փետրվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մարտի 1-ին երթ է անցկացնելու Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան և երթի ընթացքում ուղերձով կդիմի ժողովրդին։
«Լրանում է մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարին, և քննարկումների արդյունքում որոշեցինք այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի արձան։ Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, երթը նաև ուղղված է լինելու ընդդեմ կոռուպցիայի, ապօրինությունների»,- իր խոսքում նշել էր ՀՀ վարչապետը։
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով մարտի 1-ի երթին, նշեց, որ այն քաղաքացիների իրավունքն է՝ երթերի, հավաքների միջոցով արտահայտել իրենց ազատ իրավունքները։
«Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ ողբերգական իրադարձությունը, որը տեղի է ունեցել մեր պատմության մեջ, չի կարող լուծվել միայն երթերով ու հանրահավաքով։ Իսկ լուծումն այն պետք է լինի, որ Մարտի 1-ին տրվեն և′ իրավական, և′ քաղաքական գնահատականներ, մինչդեռ մինչև այս պահը նման գնահատականներ չունենք։
Բացի այդ, եթե մենք երթ ենք անում, և այն ուղևորվելու է դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, ապա ո՞ւր է մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանը։ Որովհետև, եթե ցանկանում են, որ մեր հասարակության մեջ իրապես տեղի ունենան փոփոխություններ, ապա պետք է դրա վերաբերյալ լինի հուշարձան»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով, եթե մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան չկա, ապա միայն երթ անել և «բոլորի ողբերգությունն օգտագործել քաղաքական նպատակների համար՝ անթույլատրելի է»։
Նրա բնորոշմամբ, ինքը տեսնում է, որ նման միջոցառումները ծառայում են ոչ թե իրենց բուն նպատակին, այլ այդ անվան տակ սպասարկում են նեղ քաղաքական նպատակների՝ նեղ խմբակի կողմից։
«Այս պարագայում մենք ունենք շուրջ 10-ամսյա կառավարություն, որի առաջնորդը հռչակել էր, որ պետք է բացահայտի «Մարտի 1»-ը, բացի այդ՝ Հանրապետության հրապարակում բարձրաձայնեց, որ «Մարտի 1»-ը բացահայտված է, ցավում եմ, որ նրա այս հայտարարությունը, ցանկությունը, նպատակը կեղծիք է, քանի որ «Մարտի 1»-ը բացահայտված չէ»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը։
Զվարթ Խաչատրյան