ԱՄՆ-ը փորձում է կասեցնել լարվածության սաստկացումը Պակիստանի և Հնդկաստանի միջև. Թրամփ
ԱՄՆ-ը փորձում է հասնել այն բանին, որ Պակիստանը եւ Հնդկաստանը վերջ տան լարվածության բորբոքմանը վերահսկողության գծի գոտում եւ հույս ունի, որ շուտով իրադրությունն այնտեղ կնորմալանա: Այդ մասին փետրվարի 28-ին Հանոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուշադրության արժանի նորություներ կան Հնդկաստանի եւ Պակիստանի վերաբերյալ: Մենք զբաղվում ենք դրանով եւ ջանում ենք կանգնեցնել նրանց: Հուսով եմ դա (հակամարտությունը) մոտ ժամանակներս կավարտվի»:
Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան գոտիները բաժանող վերահսկողության գծում լարվածությունը շարունակվում է պահպանվել փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հնդիկ զինվորականների շարասյան վրա ահաբեկիչների ձեռնարկած հարձակումից հետո: Գրոհի հետեւանքով զոհվել է 45 մարդ:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ ե Մուհամադ» («Մուհամեդի բանակ») խմբավորումը:
Փետրվարի 26-ին Հնդկաստանի օդուժը ռմբակոծման է ենթարկել այդ խմբավորման ճամբարը Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող մասում: Ի պատասխան փետրվարի 27-ին Պակիստանի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Ջամուի եւ Քաշմիրի նահանգի ռազմական օբյեկտներին: Նյու Դելին եւ Իսլամաբադը նաեւ հանդես են եկել պնդումներով, թե միմյանց ինքնաթիռներ են խոցել օդային մարտի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: