Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ». գերմոտիվացված թիմերի հանդիպումը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» հին ու «բարի» դերբին:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Հենց «Լիվերպուլի» հետ նախորդ հանդիպումից հետո «Կարմիր սատանաները» մեծ փոփոխություններ ունեցան: Նախորդ խաղում Յուրգեն Կլոպի սաները պարզապես ոչնչացրին մրցակցի ֆուտբոլիստներին դաշտում՝ թույլ չտալով նրանց դուրս գալ սեփական կիսադաշտից գրեթե ամբողջ խաղի ընթացքում: Դրանից հետո ակումբի ղեկավարությունը որոշեց, որ թիմից պետք է հեռացնել Ժոզե Մոուրինիոյին: Ինչպես ցույց է տալիս ժամանակը, դա ճիշտ որոշում էր:

Մոուրինիոյի հեռանալուց հետո թիմի ղեկը ստանձնեց Ուլե-Գունար Սուլշերը: Սուլշերը փոխեց թիմը, թիմի հոգեբանությունն ու դաշտ դուրս բերեց մի «Մանչեսթեր Յունայթեդի», որի մասին մրցակցիները սկսում էին մոռանալ: Անգամ ամենալավատես երկրպագուները չէին կարող պատկերացնել, որ հնարավոր է ընդամենը մի քանի շաբաթում նման կերպ փոխել թիմը: Սուլշերի գլխավորած թիմն այս ամբողջ ընթացքում պարտվել է միայն մեկ խաղում՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, ՊՍԺ-ին: Սակայն, արդարության համար պետք է նշել, որ այսօրվա ՊՍԺ-ին պարտվել կարող էր նաև ամենափորձառու մարզիչը:

Անգլիայի գավաթում մանկունյանցիները հաղթեցին «Չելսիին» (2:0) և «Արսենալին» (3:1), իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում Սուլշերի «Մանչեսթեր Յունայթեդը» 9 հանդիպումներում անսպասելիորեն կորցրեց միավորները միայն «Բարնլիի» հետ հանդիպման ժամանակ (2:2):

Հիմա մանչեսթերյան ակումբի կազմում վնասվածքներ ունեն միայն պաշտպանները՝ Վալենսիան, Դարմիանը և Ռոխոն: Սակայն, այս երեք ֆուտբոլիստներին էլ այս մրցաշրջանում չէր կարելի համարել հիմնական կազմի խաղացող: Ընտրության հնարավորություն Սուլշերը դեռ ունի:

Սուլշերի և իր մարզչական շտաբի համար ամենացավալին այն է, որ Անտոնի Մարսիալը և Ջեսի Լինգարդը ունեն խնդիրներ, ինչի պատճառով, հնարավոր է, բաց թողնեն առաջիկա խաղը:

«Լիվերպուլ»

«Լիվերպուլը», ընդհակառակը, հիմա չի խաղում այնքան վստահ, որքան մանչեսթերցիների հետ նախորդ հանդիպումից առաջ: Կլոպի սաները 2019 թվականին հաղթել են 8 պաշտոնական խաղերից միայն 3-ում: Այս ցուցանիշը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ մրցաշարային աղյուսակի վրա: Արդյունքում հիմա առաջին հորիզոնականում «Մանչեսթեր Սիթին» է: Հենց այս դերբիից է կախված, թե արյդո՞ք լիվերպուլյան ակումբը կարող է վերադարձնել առաջին հորիզոնականը: «Մանչեսթեր Սիթին» այս տուրի հանդիպումը անցկացրել է ավելի վաղ, քանի որ այսօր մրցելու է Լիգայի գավաթի եզրափակչում: Եթե «Լիվերպուլը» «Օլդ Թրաֆֆորդում» վաստակի թեկուզ մեկ միավոր, կվերադարձնի առաջին հորիզոնականը:

Վերջին 5 պաշտոնական խաղերում լիվերպուլյան ակումբը 3 անգամ խաղացել է ոչ-ոքի: «Լիվերպուլը» ոչ-ոքի է խաղացել «Լեսթերի» (1:1) և «Վեսթ Հեմի» (1:1) հետ, հաղթել է «Քրիսթալ Փելեսին» (4:3) և «Բորնմութին» (3:0):

«Լիվերպուլն» այս ընթացքում ևս անցկացրեց իր հանդիպումը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: «Լիվերպուլը» և «Բավարիան» չպարզեցին հաղթողին՝ խաղալով գոլազուրկ ոչ-ոքի :

Ամեն դեպքում, Պրեմիեր լիգայում «կարմիրները» պարտվել են միայն մեկ խաղում: Կլոպի թիմը պարտվել է չեմպիոնության համար իր հիմնական մրցակցին՝ «Մանչեսթեր Սիթիին» (1:2): Թոփ-6-ի մյուս թիմերի հետ խաղերում «Լիվերպուլը» վաստակել է միավորներ:

«Լիվերպուլը» ևս խնդիրներ ունի պաշտպանների հետ: Դեռ չեն վերականգնվել Դեյան Լովրենը և Ջո Գոմեսը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում հաղթել է վերջին 9 խաղերից 8-ում

• ԱՊԼ-ում սեփական հարկի տակ «Կարմիր սատանաները» չեն պարվել 10 խաղ անընդմեջ

• «Լիվերպուլի» անպարտելի շարքը բոլոր մրցաշարերում կազմում է 6 խաղ

• «Լիվերպուլը» բոլոր մրցաշարերում հաղթել է վերջին 4 արտագնա խաղերից միայն մեկում

• Պրեմիեր լիգայում այս թիմերի անձնական հանիպումների առավելությունը «Մանչեսթեր Յունայթեդինն» է: Կլոպի թիմի դեկտեմբերյան հաղթանակը միակն էր այս թիմերի վերջին 9-ը խաղերում:

• «Օլդ Թրաֆֆորդում» «Լիվերպուլը» վերջին անգամ հաղթել է 2014 թվականին

Այս խաղում հաղթելը «Մանչեսթեր Յունայթեդի» համար սկզբունքի հարց է: Մանչեսթերցիները և՛ խաղով, և՛ հաշվով փորձելու են ապացուցել, որ իրենք իրոք փոխվել են և պատրաստ են պայքարել լուրջ նպատակների համար:

«Լիվերպուլի» մոտիվացիան ևս հսկայական է: Թիմի երկրպագուները երկար տարիներ է սպասում են Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալուն: Հիմա դա շատ հավանական է, և «Լիվերպուլը» իրավունք չունի իր ձեռքից բաց թողնել առաջին հորիզոնական բարձրանալու հնարավորությունը:

Այս թիմերի միջև խաղերը միշտ անցնում են շատ լարված և համառ պայքարում: Երկու թիմերի գերմոտիվացված լինելը մեզ խոստանում է ևս մեկ հետաքրքիր և տպավորիչ դերբի՝ անկախ գոլերի քանակից:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 18:05-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս