«Կառավարությունը պատասխանատվությունն իր ուսերից գցեց անհատի վրա». նախկին փոխնախարար

«Կառավարության ծրագիրն ընդունվեց անփոփոխ, չնայած այդ հանգուցալուծումը պարզ էր ի սկզբանե՝ ուժեղը պիտի հաղթեր թույլին, իսկ այդ ուժը՝ ամբիոնից գոռալով խոսացող վարչապետին ու իր ղեկավարած ուժին տվել է սպասումներով թուլացած միլիոնավոր քաղաքացի՝ 70 տոկոսանոց ձայներով»,- Կառավարության ընդունած ծրագրի և ԱԺ-ում վարչապետի երեկվա ելույթի մասին այսպիսի կարծիք հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Թադևոս Ավետիսյանը:

Մինչ ծրագրի մասնագիտական գնահատականին անցնելը՝ նախկին փոխնախարարը քաղաքացիների սպասումների տեսանկյունից այդ քննարկումներն ու ելույթներն առոչինչ համարեց, ըստ նրա ՝ էկրանից հետևող մեր ազգաբնակչության համար պատգամավորներն այդպես էլ ինքնադրսևորման շոուից այն կողմ չանցան: Եվ դա արվեց 70 տոկոս ձայն ունեցողի առավելության վեհ դիրքերից:

Այդուհանդերձ, երկրի զարգացման գլխավոր փաստաթղթում մասնագիտությամբ տնտեսագետ և սոցիալական պաշտպանության միջավայրի նախկին պաշտոնյան իր համար տեսանելի մի թեզ է ուրվագծել:

Ամենաուշագրավն այդ փաստաթղթում արձանագրումն է, որ մեր երկիրն այլևս ազատ մրցակցային և շուկայական մոդելով է տնտեսությունն առաջ մղելու: Իսկ այս թեզն ամբողջապես հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Սահմանադրությամբ նույնչափ հստակ ամրագրված է՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, իսկ մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պետք է հանդիսանա սոցիալական շուկայական տնտեսությունը: Սահմանադրությամբ հստակ է նաև պետության դերն ու պարտավորությունը՝ յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյությունն ապահովելու գործում:

Քննարկումների ընթացքում, որքան էլ գեղեցիկ խոսքերով փաթեթավորվեց ծրագրի այս գաղափարական հիմքը, այնուամենայնիվ, ըստ մեր զրուցակցի, պարզ դարձավ՝ իրականում կառավարության հռչակած ծրագրի կատարման հիմնական դերակատարը դարձրել է անհատին՝ հենց շարքային քաղաքացու վրա է պատասխանատվության բեռը դրվելու:

Եթե դիտարկենք՝ իսկ ինչ խոստացավ վարչապետը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին: Նա պարզ, ուղիղ նայելով ընտրողին, հայտարարեց՝ ամեն քաղաքացու առաջարկվում է՝ իր գլխից հանել աղքատությունը, հույսը կտրել պետությունից և գնալ աշխատելու, բայց թե որտե՞ղ, ո՞ւմ ստեղծած աշխատավայրում, ո՞ր թափուր հաստիքում, եթե կան այդչափ և այդքան մատչելի աշխատատեղեր:

Վարչապետը նաև ուղիղ տեքստով հայտարարեց՝ «Քաղաքացին պետք է հավատա միայն ինքն իրեն» և ապավինի շուկայի «անտեսանելի ձեռքի» օգնությանը:

Իսկ կառավարությունն ուրիշ ի՞նչ պիտի անի: Մի՞թե ստեղծելու է մրցակցային պայմաններ և բացելու է շուկաներ տանող փակ ճանապարհները:

Փաստորեն, երկրի ընտրյալ մարմինը, որ պարտավոր է պատասխանատվություն վերցնել իր վրա մարդկանց կյանքի որակի, մատչելի բժշկության, աշխատատեղերի ստեղծման, միջավայրի բարելավման համար, բացահայտորեն հետ է քաշվում, այդ ամենի նախաձեռնությունն ու պատասխանատվությունն իր ուսերից գցելով անհատի վրա:

«Բնականաբար, քաղաքացին պարտավոր է նաև իր աշխատածի մի մասը պետությանը տալ՝ աջակցելու հարկերի տեսքով, բայց նա չի կարող բարձրացնել կենսաթոշակները, ենթակառուցվածքների հարցեր լուծել, առողջապահական ոլորտի զարգացում ապահովել, կրթական համակարգում որակ բարձրացնել, կենսապահովման սպառողական զամբյուղի վիճակ բարելավել… Ձևավորված քաղաքական ուժը չպետք է այսպիսի մոտեցում ունենար, նրա ձևավորած կառավարությունը պետք է և պարտավոր է քաղաքական պարտավորությունները և երկրի զարգացման պատասխանատվությունը ստանձնել՝ իր ողջ ռիսկերով հանդերձ: Փաստորեն, այս թեզով գործող իշխանությունը, լիարժեք օգտվելով այսօրվա իր բարձր վարկանիշից և հանրային վստահությունից, փորձում է ոչ միայն այս փուլում ապահովագրել իր իշխանության կայունությունը, այլև՝ քաղաքական նվազագույն ռիսկերով կապիտալիզացնել իր հետագա վերարտադրման հնարավորությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Որքա՞ն կենսունակ կլինի այս թեզը, և ամենակարևորը՝ արդյո՞ք այն կապահովի խոստացված տնտեսական հեղափոխությունը, կարող ենք մի քիչ էլ սպասել: Առայժմ հստակ է մի բան, մենք չպետք է թույլ տանք փաթեթավորված խոստումներով հեռացնել մեզնից անվտանգ և լիարժեք ապահով ապրելու ժամանակը, մենք դրա ժամանակը չունենք:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս