Բաժիններ՝

Հնդկաստանը Պակիստանից հետ է կանչել դեսպանին Քաշմիրում ահաբեկչությունից հետո

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել Պակիստանից ժամանկավորապես հետ կանչել իր դեսպանին Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի զոհ է դարձել, ըստ վերջին տվյալների 45 մարդ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հարավասիական այդ երկրի ԱԳ նախարարության մի աղբյուր:

«Մեր դեսպանը ետ է կանչված կոնսուլտացիաների համար»,- հայտնել է դիվանագետը ի պատասխան նախօրյակին տեղի ունեցած ռեզոնանսային միջադեպից հետո Նյու Դելիի եւ Իսլամաբադի հարաբերությունների հեռանկարները մեկնաբանելու խնդրանքի:

Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկեն առեւտրական բոլոր այն արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան: «Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները կձեռնարկի Պակիստանի լիակատար մեկուսացումն ապահովելու համար»,- հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին:

Նա նաեւ հավելել է, որ Պակիստանի մասնակցությունն ահաբեկչական գործողությանը, որի պատասխանատվությունն ստանձնել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը` «Ջաիշ-ե-Մուհամադ»-ը («Մուհամադի բանակ»), անվիճելի է, եւ Հնդկաստանն ունի համապատասխան ապացույցներ: Մինչդեռ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ին մերժել է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությանն այդ երկրի կառավարության մասնակցությանը վերաբերող պնդումները: «Մենք վճռականորեն ժխտում ենք Հնդկաստանի կառավարության եւ մեդիաշրջանների զրպարտությունները, որոնք փորձում են (Հնդկաստանում) կատարված հարձակումը կապել Պակիստանի պետության հետ՝ առանց հետաքննության անցկացման»,- հայտնել է ԱԳ նախարարությունը:

Փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետեւանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ: Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ ե Մուհամադ»-ը («Մուհամեդի բանակ»)՝ նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս