«Հայ մասնագետների մուտքը Սիրիա իր մեջ բազում վտանգներ է պարունակում»
Երեկ մեկնարկեց ՀՀ նոր իշխանությունների նախաձեռնած, ամիսներ շարունակ քննարկված և քննադատված հումանիտար առաքելությունը Սիրիայում: Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա՝ Հալեպ:
Ըստ ՊՆ-ի՝ հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: «Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի N2393 և 2018 թվականի N2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 17-ին` իր վարչապետության 100 օրն ամփոփող հանրահավաքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հայ-ռուսական աննախադեպ հումանիտար նախագծի մասին, որը հայ-ռուսական հարաբերությունները, նրա խոսքով, փոխադրելու է այլ մակարդակի։
Հետագայում պարզվեց, որ խոսքն այս նախաձեռնության մասին է, որը, ՀՀ վարչապետի պնդմամբ, ռազմական բաղադրիչ չի ներառում: Ավելին, ըստ իշխանության՝ Սիրիայի իշխանություններն իրենք են պաշտոնապես խնդրել հայկական կողմին՝ աջակցություն ցուցաբերել Սիրիային:
ՀՀ իշխանությունների պնդումների համաձայն՝ Սիրիա մեկնած խումբը զորախումբ չի կարող դիտարկվել: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել էր, որ խոսքը զորախմբի կամ Զինված ուժերի ստորաբաժանման մասին չէ, և այն բացառապես հումանիտար մասնագետներ ուղարկելու մասին է։ Խումբը, նրա վստահեցմամբ, ենթարկվելու է Հայաստանի Հանրապետությանը, և չի բացառվում, որ համագործակցելու է Ռուսաստանի հետ որոշ առումներով:
Իսկ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների նախկին նախագահ Արմեն Աշոտյանը պնդում է, որ Սիրիա մեկնած խումբը զորախումբ է, և սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտել է օրենքը։ Նա մասնավորապես գրել է. «ՀՀ Կառավարությունը պետք է արագ պատասխանի հետևյալ հարցերին՝
- Հրապարակի Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված։
- Ինչու է խախտել օրենքը և առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։
- Ինչպես են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում։
Բարի ծառայություն եմ մաղթում մեր զինվորականներին։ Վստահ եմ, որ անկախ առկա խնդիրներից՝ իրենք պատվով կկատարեն իրենց պարտականությունները։ Խաղաղություն Սիրիային»:
Ի դեպ, այս օրերին աշխատանքային այցով ՌԴ-ում է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, ով փետրվարի 8-ին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ է հանդիպել: Վերջինս շնորհակալություն է հայտնել Հայաստանին` Սիրիային ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար, դա որակելով՝ որպես էական ներդրում: Իր հերթին՝ Տոնոյանը ևս շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ աջակցելու և Սիրիայում համագործակցելու համար:
Գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում ասաց, որ հայ մասնագետների մուտքը Սիրիա իր մեջ բազում վտանգներ է պարունակում` աշխարհաքաղաքական, ռազմական, ներքաղաքական, անվտանգային: «Հասկանալի է, թե ինչու նախաձեռնվեց այս ծրագիրը, թե ինչու են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարություններն ակտիվ համագործակցում՝ մի շարք խնդիրներ ունենալով այլ ոլորտներում:
Սակայն սերտ համագործակցելով մի ոլորտում, որում Հայաստանի ներդրումը կարող է որոշակիորեն փոխհատուցել մյուս ոլորտներում առաջացած խնդիրների ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Մենք տեսնում ենք, որ սա այն թելն է հայ-ռուսական հարաբերություններում, որը պահպանվել է այդ հարաբերություններում, մնացած ուղղություններում կան խնդիրներ: Ի դեպ, իմ տպավորությամբ, Ռուսաստանը հենց այսպես էլ ընկալում է ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունն ու այս ոլորտում համագործակցությունը: Տեսնում ենք, որ նախարարներն արդյունավետ համագործակցում են, շնորհակալություն հայտնում միմյանց, սակայն Ռուսաստանի այլ շրջանակներ առանձնապես մեծ ոգևորություն չեն ցուցաբերում այս ծրագրի կապակցությամբ:
Ուստի, ըստ իս, այն միտքը, նպատակը, որը գուցե դրվել էր այս ծրագրի հիմքում` նպաստել հայ-ռուսական հարաբերություններին, ինչ-որ առումով տեղի է ունենում ոլորտային մակարդակով: Սակայն հայ-ռուսական հարաբերություններից զատ` կա անվտանգության խնդիր` այդ մասնագետների անվտանգության խնդիրը, որը, վստահ եմ, որ դիտարկվել է ՀՀ իշխանությունների կողմից, բայց մենք հասկանում ենք, որ Սիրիայի նման բարդ հակամարտության դեպքում այն երաշխիքները, որոնք դիտարկվում են նման դեպքերում, հուսալի չեն:
Անվտանգության խնդիր կա նաև կապված այն հանգամանքի հետ, որ, բացի անուղղակի վտանգներից, կան ուղղակի վտանգներ. ցանկացած խումբ, կողմ, միջնորդ ուշադրություն է գրավում, թիրախի վերածվելու վտանգի տակ հայտնվում: Այս դեպքում կա նաև այս վտանգը՝ հատկապես հաշվի առնելով կրոնական տարբերությունը»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, թե կարևոր է կրկնել, որ սա մարդասիրական նախաձեռնություն է և ռազմական խնդիրներ չի լուծելու:
Բայց, նրա համոզմամբ, վտանգները դրանով չեն չեզոքանում: Գերմանացի քաղաքագետի համոզմամբ՝ Արևմուտքը ևս կունենա որոշակի բացասական վերաբերմունք այս նախաձեռնության նկատմամբ, սակայն սահմանափակված կլինի խոսել այդ մասին՝ հաշվի առնելով բերվող մարդասիրական նկատառումները: «Այնուամենայնիվ սա ևս գործոն է, որը պետք է հաշվի առնել և աշխատել, որպեսզի սա չդիտարկվի՝ որպես մեծ խնդիր Արևմուտքի կողմից»,- ասաց Ստյուարտը:
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին իր հերթին՝ ևս ասաց, որ ցանկացած նման նախաձեռնություն Սիրիայում և նման գոտիներում լի է բազում մարտահրավերներով:
«Այդ մասին մենք խոսել ենք մանրամասնորեն: Այդ մարտահրավերները կան նաև այսօր, քանի որ Սիրիայում պատերազմն ահաբեկչական բնույթ ունի, կան տարբեր ուժեր և տարբեր շահեր, ուստի պետք է զգույշ լինել»,- ասաց վերլուծաբանը` շեշտելով, որ խնդիրները միայն անվտանգությանը չեն վերաբերում, այլև քաղաքականությանը, քանի որ Հայաստանը, թեև չեզոք է, մաս չի կազմում որևէ կոալիցիայի, բայց կարող է դիտարկվել՝ որպես Ռուսաստանի կոալիցիայի մաս:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, ռուս վերլուծաբանի խոսքով՝ այս նախագիծը կունենա որոշակի դրական ազդեցություն: «Սակայն հարաբերություններում առկա փոխվստահության մակարդակը չափվում է՝ դիտարկելով հարաբերությունների ողջ սպեկտրը: Ներկայումս իրավիճակը կարծես անորոշ է»,- ասաց Նադեին-Ռաևսկին: