«Որոշ կայքերի հանդեպ արգելափակումը արդեն իսկ չեղարկվել է». ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի հանրապետության դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է հետեւյալի մասին.
«Տեղեկացնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը դիմել են մի քանի հայաստանյան լրատվամիջոցներ՝ ՌԴ տարածքում իրենց կայքէջերի արգելափակման հարցի առնչությամբ։ Նամակ-դիմումներ են ստացվել նաև որոշ մասնագիտացված կառույցներից։
Հայտնում ենք, որ նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է։ Այս առնչությամբ դեսպանությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն («ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐ»), ինչպես նաև խորհրդակցական բնույթի զրույցներ ունեցել ոլորտի մասնագետների հետ։
Այս ուղղությամբ ընթացող հանդիպումների արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ։
Հավելենք, որ որոշ կայքերի հանդեպ արգելափակումը արդեն իսկ չեղարկվել է։ Ընթանում են նաև քննարկումներ արգելափակված մյուս կայքէջերի առնչությամբ, գործընթացը կրում է նաև տեխնիկական բնույթ»։