Գիտնականները բողոքի երթ կկազմակերպեն ԵՊՀ-ից դեպի Կառավարություն. ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը

ՀՀ կառավարության կողմից 2018թ. դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը  սահմանվել է՝ որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

ԿԳ նախկին փոխնախարար, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող  Վահրամ Մկրտչյանի կարծիքով՝ որոշումը մրցույթի մասով ենթակա է փոփոխման:

«Ունենք ակադեմիական համակարգ, որտեղ տարբեր ՊՈԱԿ-ներ կան, և գիտությունը կենտրոնացված է բուհերում: Բուհերի մեծամասնությունը հիմնադրամներ են դարձել, պետական ոչ առևտրային կազմակերպություն չեն, և հիմա, որպես հիմնադրամներ, այս որոշմամբ բազային ֆինանսավորում չեն ստանալու: Ասում են՝ պետք է մրցութային կարգով լինի: Այս որոշումը կայացնողները մտածել են, որ գումարն արդյունավետ ծախսելու խնդիր պետք է լուծեն, բայց սխալվել են: Բյուջեի գումարն արդյունավետ ծախսելու խնդիրն ուրիշ կերպ պետք է լուծել:

Գիտության մեջ ամեն ինչ մրցութային կարգով անելը սխալ է: Թեմատիկ ֆինանսավորումը թող լինի մրցութային կարգով: Վերցնենք աստղաֆիզիկան, որով զբաղվում է ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետի  համապատասխան խումբը: Ինչ մրցույթ էլ որ անեն, եթե թեման աստղաֆիզիկային է վերաբերում, իրենք պետք է հայտը ներկայացնեն, որովհետև մասնագետներն այդտեղ են կենտրոնացված:

Կարդացեք նաև

Նախկինում այսպես է եղել. թեմատիկ ֆինանսավորման համար տարբեր հետազոտական խմբեր ինքնուրույն թեմաներ են որոշել, Գիտության պետական կոմիտե հայտեր են ներկայացրել, փորձաքննություն է եղել, և, եթե արդիական ու օգտակար է եղել թեման՝ ֆինանսավորել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Մկրտչյանը:
Նրա փոխանցմամբ՝ թվով 450 աշխատակիցների ծանուցումներ են ուղարկել, 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն և  կանգնած են աշխատանքն ընդհանրապես կորցնելու վտանգի առջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլևս չկա բազային ֆինանսավորում:

«Ինչ վերաբերում է մրցութային կարգին, ապա այն հստակեցված չէ, եթե նույնիսկ լիներ էլ՝  450-ից շատերը կարող է այդ մրցույթում հաղթեին, բայց մենք բոլորս, այդ թվում՝ և ես, 3-5 տարի ժամկետով այդ հաստիքները ստացել ենք մրցույթով: Անցած տարի մրցույթ է եղել, դիմել ենք, մասնակցել, 3-5 տարի ժամկետով նշանակվել»,- նշեց Վահրամ Մկրտչյանը:

Հավելենք, որ ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի Կառավարություն՝ իրենց  դժգոհությունն ու առաջարկները հայտնելու կառավարությանը:

Նշենք, որ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը, որտեղ ասվում է.

«ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը հակասում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին, որով սահմանվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման ձևերի սպառիչ ցանկը (բազային ֆինանսավորում, նպատակային-ծրագրային ֆինանսավորում, պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում) և դրանց տրամադրման կարգը:

Նշված հոդվածով հստակ սահմանվել է, որ նպատակային-ծրագրային ֆինանսավորումը և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը տրամադրվում են մրցութային հիմունքներով, իսկ բազային ֆինանսավորումը մրցութային կարգով տրամադրելու իրավական հիմքերն օրենքում իսպառ (նաև իրավամբ) բացակայում են:

Առավել անհասկանալի է այն, որ Կառավարության որոշմամբ մրցութային ընթացակարգի կիրառման անհրաժեշտությունը պայմանավորվել է գիտական կառույցի կազմակերպաիրավական ձևով (կախված այն հանգամանքից՝ տվյալ հիմնարկը ՊՈԱԿ է, թե hիմնադրամ): Մինչդեռ հիմնադրամի կարգավիճակ ունեցող գիտական հիմնարկներն են, որ ապահովում են հանրապետության տարեկան գիտական արդյունքի կեսից ավելին:

Միաժամանակ հարկ է նկատել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու, գիտահետազոտական ենթակառուցվածքները, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտները պահպանելու և զարգացնելու համար պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորումը պետք է լինի երկարաժամկետ և կանխատեսելի: Իսկ դրամաշնորհային ծրագրերի մրցութային ֆինանսավորման գործիքակազմը պետության կողմից վաղուց կիրառվում է և լրացուցիչ խթան է գիտության կոնկրետ դպրոցի կամ ոլորտի զարգացման համար:

Հայաստանի գիտական կառույցներում բազային ֆինանսավորմամբ գործում են բազմաթիվ գիտական կենտրոններ, որտեղ աշխատում են անվանի և միջազգային ճանաչում ունեցող վաստակաշատ գիտնականներ, որոնք այդ հաստիքները զբաղեցնում են մրցութային կարգով (3-5 տարի ժամկետով):

Հետևաբար, առանց պատշաճ իրավական հիմնավորման, գիտական դպրոցների կարիքների գնահատման, մրցույթի անցկացման գործուն մեխանիզմների ներդրման և դրանց իրականացման ժամանակացույցի սահմանման, այսօրինակ փոփոխությունների կատարումը վաղաժամ է, և մեր խորին համոզմամբ, այն լրջորեն կխոչընդոտի գիտության զարգացման շարունակականության ապահովմանը, կհանգեցնի գիտական ոլորտում գործազրկության և գիտական կադրերի արտագաղթի աճի:

Բացի այդ, բուհերում մշտապես գործող գիտական ենթակառուցվածքի առկայությունը ժամանակակից կրթական գործընթացի հաջող իրականացման կարևորագույն նախապայման է, ինչն ապահովում է կրթություն-գիտություն անմիջական կապը և հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին հաջողությամբ ներառելու գիտության բնագավառ:

Ինչ վերաբերում է պետության կողմից բազային ֆինանսավորման միջոցների ծախսման արդյունավետությունը վերահսկելու մեխանիզմների կատարելագործմանը, այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ ներկայումս գործում է փորձաքննության ինստիտուտը, որն իրականացվում է գիտական հիմնարկի կողմից ներկայացված տարեկան գործունեության հաշվետվությունների և հայտերի հիման վրա, և որի արդյունքում որոշվում է շարունակել կամ դադարեցնել տվյալ ծրագրի բազային ֆինանսավորումը:

Արդյունավետության գնահատման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը համարում ենք հիմնավորված և պատրաստակամ ենք ակտիվորեն մասնակցելու այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով, և 2019 թվականի համար գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը տրամադրել մինչ օրս գործող ընթացակարգի համաձայն (ինչը թույլ կտա իրականացնել դեռևս 2018 թվականին հաստատված գիտական պլանը):

Միաժամանակ առաջարկում ենք «Գիտության մասին» նոր օրենքի նախագիծ մշակելու, գիտության ոլորտում առողջ մրցակցային դաշտ ձևավորելու, ինչպես նաև գիտական գործունեության բյուջետային ֆինանսավորման ձևերի փոփոխություն կատարելու, ներառյալ՝ մրցութային ընթացակարգեր սահմանելու և դրանց անցկացման մեխանիզմները բարեփոխելու նպատակով ձևավորել աշխատանքային խումբ՝ ներգրավելով բուհերի և գիտական հիմնարկների փորձառու մասնագետներին»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս