Բաժիններ՝

«Նա, ում բակում տեղակայված է եղել «Իմ քայլը» դաշինքի շտաբը, ընտրվել է դպրոցի տնօրեն»

Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցում տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, որը, կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանի փոխանցմամբ՝ բազում հարցեր է առաջացրել:

«Արարատի մարզի Մրգավետ համայնքի միջնակարգ դպրոցում հունվարի 29-ին տեղի է ունեցել դպրոցի տնօրենի ընտրություն՝ կառավարման խորհրդի 8 անդամների ներկայությամբ, և ամբողջ ընթացակարգը կատարվել է օրենքի տառին համապատասխան, պահպանվել են ԿԳՆ օրենքի բոլոր կետերը, ես վարել եմ նիստը, երկար ժամանակ է տրվել, որպեսզի հավասար պայմաններում չորս թեկնածուները՝ Արևիկ Թարվերդյանը, Գայանե Աբրահամյանը, Գոհար Սահակյանն ու Հասմիկ Սիմոնյանը, առանձին-առանձին կարողանան ներկայացնել դպրոցի զարգացման իրենց ծրագիրը:

Մարզից ու ԿԳՆ-ից ներկայացուցիչներ են եղել, ամեն ինչ իրավաբանորեն ճշգրիտ է եղել: Նշեմ, որ դպրոցի տնօրենն ընտրվում է կառավարման խորհրդի 8 անդամների ընտրության արդյունքում, և վավեր է այն ընտրությունը, եթե խորհրդի 5 անդամ ընտրում է մեկին, բայց, եթե 4-4 է լինում, աշխատանքային 5 օրվա ընթացքում մարզային դպրոցի տնօրեն ընտրում է փոխվարչապետը: Ինչ վերաբերում է մեր դպրոցին, ապա ասեմ, որ դեռևս նոյեմբեր ամսից, երբ որ Հայաստանում պատրաստվում էինք ԱԺ ընտրություններին, բոլոր գյուղերում, համայնքներում շտաբներ էին տեղակայվում:

Այս դեպքում «Իմ քայլը» դաշինքի շտաբը տեղակայված էր տնօրենի թեկնածու Արևիկ Թարվերդյանի բակում, և շտաբի պետ էր ընտրվել Մհեր Գևորգյանը, ով տնօրենի ընտրության ժամանակ ԿԳՆ ներկայացուցիչ էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Արշակյանը:

«Հոկտեմբերի 25-ին գործող դպրոցի տնօրեն Վրեժ Զոհրաբյանը թոշակի է անցել, և թափուր տեղի համար հայտարարություն է տրվել:

Այս ընթացքում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում, լիազոր մարմինը փոխեց իր ներկայացուցիչներին: Փոխվեց նաև ԿԳՆ-ի կողմից նշանակված թեկնածուն և նշանակվեց Մհեր Գևորգյանը, ով նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Մրգավետ համայնքում «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետ:

Դպրոցում կառավարման խորհրդի նախագահ դարձավ Պողոսյան Հովհաննեսը, ով բարձրագույն կրթություն չունի, որևէ կապ չունի կրթական ոլորտի հետ: Ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ սկզբունքով է նա ամբողջ գյուղից ընտրվել, ներմուծվել դպրոցի կառավարման խորհուրդ: Ի դեպ, Արևիկ Թարվերդյանը Պողոսյան Հովհաննեսի հարսն է: Մի փոքրիկ գյուղում, որտեղ դպրոցն ունի ընդամենը 336 աշակերտ, արդյոք պատահականություն չէ՞ թոշակի անցած դպրոցի տնօրենից հետո լիազոր մարմնի կողմից հապշտապ իր անդամներին փոխելը»,- նկատեց Լուսինե Արշակյանը:

Արևիկ Թարվերդյանը տնօրեն է ընտրվել՝ ստանալով 5 ձայն:

«Իմ կարծիքով՝ այդ ընտրությունները դեռևս նոյեմբեր ամսից էին պլանավորված: Ամբողջ համայնքում ասում էին, թե՝ դուք ունեք դպրոցի նոր տնօրեն, ես վիճում էի՝ ասելով, որ դպրոցի տնօրենն ընտրովի մարմին է, բայց պարզվեց՝ ճիշտ էին ասում: Փաստորեն, ունեինք արդեն նախանշված դպրոցի տնօրեն, իսկ ես՝ որպես կառավարման խորհրդի նախագահ, չգիտեի:

Ես չգիտեմ՝ Արևիկ Թարվերդյանը կուսակցակա՞ն է, թե՞ ոչ: Նա աշխատում է հարևան Մխչյան գյուղի դպրոցում՝ իբրև գերմաներենի ուսուցչուհի: Չէի ուզենա, որ Արարատի մարզում շարունակվեին դպրոցի տնօրենների ուղղորդված նշանակումները:

Արդեն խոսակցություններ կան, որ Ավշարի դպրոցում մարտի 1-ին դպրոցի տնօրենի ընտրություն պետք է լինի: Չգիտես ինչու՝ թեկնածուների անունները հույժ գաղտնի են պահվում, սակայն խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ դպրոցի տնօրեն ընտրվի Արարատի մարզպես Գարիկ Սարգսյանի քեռու հարսը: Մենք չէինք ակնկալում, որ Արարատի մարզը դառնալու է հսկա ճաշաման, որից պետք է հերթական անգամ օգտվեն մարզպետի մերձավորները»,- նշեց Լուսինե Արշակյանը:

Նրա փոխանցմամբ՝ մանկավարժական կոլեկտիվն իր թեկնածուն ուներ՝ Հասմիկ Սիմոնյանը։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս