«Ասելով չի, անելով է». Հայկ Բալանյանը տնտեսական հեղափոխության մեկնարկի հիմքեր չի տեսնում
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն օրերս հայտարարեց, թե տնտեսական հեղափոխությունն արդեն սկսվել է և երբեք չի ավարտվելու։ Ի՞նչ հիմքեր կան նման պնդում անելու համար: Այս հարցին ի պատասխան՝ տնտեսագետ Հայկ Բալանյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ոչ մի հիմք չկա:
«Ասելով չի, անելով է: Ի՞նչ են արել մինչ օրս. Հարկային օրենսգի՞րք են արագացված ընդունել, դրամավարկային քաղաքականությա՞նն են անդրադարձել, գլխավորը՝ սեփականության հարցը չեն լուծել, և բիզնեսը կախված վիճակում է»,- ասաց Հ.Բալանյանը:
Ըստ նրա՝ հայկական խոշոր կապիտալը դեռ օրինականացված չէ, հայ գործարարներն օֆշորային ընկերությունների հետ իրականացնում են գործարքներ կամ գրանցում սեփականություն, նույն Սամվել Ալեքսանյանի դեպքում պարզ չէ, թե իշխանությունների փոխվելուց հետո ինչ կկատարվի նրա բիզնեսի հետ.
«Այս պահին փաստացի սեփականատերերի հետապնդում չկա, բայց նաև լեգալացում ու լեգիտիմացում չկա, օդում կախված վիճակ է: Ես չեմ տեսնում բիզնեսի օրինականացմանն ու տնտեսական համաներմանն ուղղված քայլեր, իսկ առանց տնտեսական համաներման՝ տնտեսական հեղափոխություն չի լինի»:
Երկրում անկայունության ակնհայտ ցուցիչներից մեկը, Հ.Բալանյանի կարծիքով, կապիտալի արտահոսքն է, որ միջազգային կառույցների տվյալներով՝ շարունակվում է. «Երևույթը չի կանգնել, նախորդ տարիների համեմատ նույն իրավիճակն է, և փոփոխություններ չենք տեսնում»: