Աննա Հակոբյանն այցելել է «Շարիտե» համալսարանական կլինիկա
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում այցելել է «Շարիտե» համալսարանական կլինիկա և հանդիպել Մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն Անգելիկա Էգերթին:
Հանդիպմանը տիկին Էգերթը ներկայացրել է կլինիկայի գործունեությունն ու իրենց հաջող փորձը մանկական ուռուցքաբանության խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Աննա Հակոբյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք իրականացնում է Հայաստանը մանկական ուռուցքաբանության ոլորտում, ինչպես նաև պատմել «City of smile» բարեգործական հիմնադրամի գործունեության, նպատակների ու իրականացված աշխատանքների մասին: Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերն ակտիվացնելու և փոխգործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:
«Շարիտե»-ն Բեռլինի ամենահին հիվանդանոցն է, որը վերակառուցվել է 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո: Այն Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցներից մեկն է, մանկական ուռուցքաբանության բժշկական ծառայություններ տրամադրող միակ խոշոր կլինիկան: 270,000 քկմ–ի վրա տեղակայված են կլինիկայի 57 առանձին շինությունները, 17 բաժամունքներով, որտեղ միաժամանակ կարող են բուժվել 2000 հիվանդ: Բժշկական անձնակազմը կազմում է 10.400 մասնագետ: Այս կլինիկայում անցկացվում են հետազոտություններ, իրականացվում է հիվանդների բուժում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում միջազգային չափանիշներին համապատասխան: Նոբելյան կրթաթոշակի շահառուների ավելի քան կեսը, բժշկության և հոգեբանության տարբեր ոլորտներում, կլինիկայում են իրականացնում իրենց հետազոտությունները:
2014 թվականից հիվանադանոցում իրականացվում է ռոբոտների կողմից իրականացվող վիրահատություններ: