Բաժիններ՝

Նյու Ջերսիից սենատոր Քորի Բուքերը որոշեց իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերը փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի կողմից տարածված տեսաուղերձը:

«Իմ անունը Քորի Բուքեր է, եւ ես իմ թեկնածությունն եմ առաջադրում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար»,-հայտարարել է սենատորը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի բարձրագույն վարչական պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին արդեն հայտարարել են մի խումբ դեմոկրատներ:

Նրանց թվում են՝ Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդը, Հավայիի նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բաթիգիգը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Սան Անտոնիո քաղաքի (Տեխասի նահանգ) նախկին քաղաքագլուխ Ջուլիան Կաստրոն, որը բնակշինարարության եւ քաղաքների զարգացման նախարարի պաշտոնն Էր զբաղեցնում Բարաք Օբամայի վարչակազմում:

Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը:

Համագումարն իրենց մոտ ընդունելու իրավունքին հավակնում են Մայամի Բիչը (Ֆլորիդայի նահանգ), Միլուոքին (Վիսկոնսինի նահանգ) եւ Հյուսթոնը (Տեխասի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ):

ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս