Չինաստանը պաշտպանել է Իրանի հետ հաշվարկների մեխանիզմի ստեղծումը
Չինաստանը բարձր է գնահատում իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման ուղղությամբ եվրոպական պետությունների գործադրած ջանքերը եւ պաշտպանում է Իրանի հետ համատեղ հաշվարկների մեխանիզմի՝ INSTEX-ի ստեղծումը, հուսով է, որ մոտ ժամանակներս մեխանիզմը բաց կլինի երրորդ երկրների համար: Այդ մասին Պեկինում կայացած ճեպազրույցում հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնարարարները հայտարարել են Իրանի հետ համատեղ հաշվարկների մեխանիզմ ստեղծելու մասին: Նշվել է, որ «INSTEX-ը սկզբնական շրջանում կկենտրոնանա իրանական ժողովրդի համար առավել նշանակալի սեկտորների վրա, որոնց թվում են՝ դեղագործական արտադրանքը, բժշկական սարքավորումները եւ գյուղատնտեսական մթերքները»:
«Չինաստանը ողջունում է եվրոպական պետությունների՝ ԳՀՀԾ-ի պահպանմանն ու իրագործմանը միտված ջանքերը, մենք պաշտպանում ենք Իրանի հետ INSTEX համատեղ հաշվարկների մեխանիզմի ստեղծումը, ինչն ըստ ամենայնի ցուցադրում է եվրոպական պետությունների հավատարմությունը մուլտիլատերալիզմին»,-հայտարարել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ «Չինաստանը վճռականորեն պաշտպանում է Եվրոպայի եւ Իրանի համագործակցության շարունակումը, համապատասխան մեխանիզմի աշխատանքի շուտափույթ սկսումը եւ դրա բաց լինելը երրորդ երկրների համար, պաշտպանում է այն ջանքերը, որոնք նպաստում են Իրանի եւ միջազգային հանրակցության միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների նորմալացմանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: